կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-14 16:07
Քաղաքական

Հակառակորդի լկտի գործողություններին մեր կողմից մի քիչ էլ անհամաչափ պատասխան կտրվի. Սեյրան Օհանյան

Հակառակորդի լկտի գործողություններին մեր կողմից  մի քիչ էլ անհամաչափ պատասխան կտրվի. Սեյրան Օհանյան

«Այս զորավարժությունը խաղաղության նպատակ  է  հետապնդում: Մենք այստեղ ենք ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ փորձի փոխանակման համար»,- այսօր «Միասնություն 2014» զորավարժության շրջանակներում  լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այդ մասին հայտնում է Yerkir.am-ի թղթակիցը Արցախից

 

«Զինվորական կյանքը միշտ լարված է, լի է  զրկանքներով և դժվարություններով և այս զորավարժության դժվարությունն ուղղաթիռի խոցվելն էր»,- ասաց նախարարը և հավելեց, որ «Միասնություն 2014» զորավարժության կրակային փուլը ցույց տվեց՝  հակառակորդի կողմից մեր ուղղաթիռի կործանումը չազդեց Պաշտպանության բանակի գործողությունների վրա:

 

Նա նշեց, որ թեև նախապես հայտարարվել էր զորավարժությունների մասին, սակայն հակառակորդը, ինչպես միշտ, ցույց տվեց իր իրական դեմքը՝ խախտելով միջազգային նորմերը: «Այդ գործողությունները մեզ համար ցավալի են, նրանց կողմից՝ լկտի, և այդ լկտի գործողություններին մեր կողմից համարժեք և մի քիչ էլ անհամաչափ պատասխան, անկասկած, կտրվի»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:

 

Ըստ նախարարի՝ միջազգային հանրության արձագանքը համարժեք էր կատարվածին, թեև կարելի էր ավելի խիստ գնահատական տալ:

 

Սեյրան Օհանյանի կարծիքով` խիստ գնահատականներ կլինեն այն ժամանակ, երբ պարզվի իրողությունը: Նախարարը  ևս մեկ անգամ շեշտեց՝ մեր օդաչուները սահմանը չեն հատել:

 

Yerkir.am-ի հարցին` ի՞նչ քայլեր են արվում վթարված ուղղաթիռին մոտենալու համար, Օհանյանը պատասխանեց, որ միջազգային կառույցների միջոցով Ադրբեջանի ռազմական ղեկավարության հետ փորձում են կապ հաստատել, որպեսզի հնարավոր լինի ուղղաթիռին մոտենալ: Նա նշեց, որ այդ ուղղությամբ այլ քայլեր էլ են ձեռնարկվում: