Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Ադրբեջանի վարած արկածախնդիր քաղաքականության մասին, ասաց, որ Ադրբեջանի իշխանությունը փակուղի է տանում իր երկիրը: Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է շարունակի իր գործողությունները` ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Նալբանդյանը նաև հավելեց, որ ավելի ու ավելի հարցեր ու կասկածներ են առաջանում Ադրբեջանի ղեկավարության ադեկվատության և իրավիճակը սթափ գնահատելու վերաբերյալ:
«Հիմա այդ հիստերիկ գործողություններով փորձում է դուրս գալ այդ իրավիճակից, որքանով Ադրբեջանում սաստկանում են հետապնդումները, բռնությունները քաղաքական ընդդիմախոսների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ: Ադրբեջանը փորձում է հիմա շեղել միջազգային հանրության ուշադրությունը և սրել իրավիճակը հակամարտության գոտում, որը բերում է մարդկային զոհերի, շատ ու շատ մարդկային զոհերի հենց Ադրբեջանի կողմից: Ցավոք, Ադրբեջանի իշխանությունների համար մարդկանց կյանքը ստորադասվում է ներքին քաղաքական շահերին: Իրենք իրենց զինվորներին որպես համակարգչային վիրտուալ զինվորիկների են նայում և օրական հարյուրավոր երիտասարդների ուղարկում դեպի մահը»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով` վերջերս մի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահը ասել է, թե Ադրբեջանի մամուլն ազատ է, իսկ իր վարկանիշը 90 տոկոսից ավելի է: ԱԳ նախարարը մեկնաբանությունները թողեց լրագրողներին, թեև միջազգային հանրության մեկնաբանությունները հայտնի են:
Հարցին, թե ինչո՞ւ է խուսափում պատասխանել հայ լրագրողների հարցերին, մանավանդ, երբ սահմանին լարված իրավիճակ է, իսկ ինքն ԱԺ չի գնում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, նախարարը նախ նշեց. «Միանգամայն սխալվում եք, թե ես չեմ գնում Ազգային ժողով կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, որովհետև, ըստ կարգի, նախարարից բացի, որևէ մեկ ուրիշը չի կարող ներկայացնել վիճակը, փոխնախարարը չի կարող գնալ: Եվ բոլոր այն դեպքերում, երբ ԱԳ նախարարը գտնվում է Հայաստանում, անպայման մասնակցում է այդ հարցուպատասխանին»:
Նաև հավելեց, որ ԱԳ նախարարի գլխավոր գործառույթները կապված են արտաքին աշխարհի հետ, այլ ոչ թե ներքին հարցերի, հետեւաբար, շատ հաճախ ԱԳ նախարարը այցելությունների է գտնվում արտասահմանում: Նա վստահեցրեց, որ արտերկիր ամեն այցելությունից հետո մամուլի ասուլիսով է հանդես գալիս:
«Եթե ասում եք, որ Լավրովը Ղարաբաղի հարցի վերաբերյալ ավելի լավ է պատասխանում, ես միայն ուրախ եմ և կփոխանցեմ այդ կարծիքը նրան, և նա էլ գոհ կլինի: Բայց մի' համեմատեք Հայաստանի արտգործնախարարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների արտգործնախարարների հետ, որոնք իրենց կարծիքներն են հայտնում աշխարհի բոլոր զարգացումների վերաբերյալ: Եթե Հայաստանի արտգործնախարարն այդպիսի հավակնություններ ունենա, մենք չէինք հասցնի մեր գործերով զբաղվել, որովհետև մեր ԱԳՆ-ն առնվազն 50 անգամ փոքր է այդ երկրների ԱԳՆ-ներից: Շատ հաճախ արձագանքների արդյունավետությունը կապված է նրա հետ, որ ոչ միշտ է պետք դա անել հրապարակավ»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: