Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրիում Մյասնիկյան 188 հասցեում հունվարի 12-ի առավոտյան տեղի ունեցած ընտանեկան սպանդից հետո նույն հասցեի մյուս բնակիչը՝ Կարինե Ավետիսյանը, ով սպանված ընտանիքի ազգականն է՝ Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր աղջիկը, մինչ օրս իր բնակարան չի վերադարձել. գրում է ԳԱԼԱ-ն:
«Նույն բակում՝ սպանված ընտանիքի տան հարեւանությամբ ապրող Կարինեն զարմացած է ու փորձում է հասկանալ, թե ինչպես է գործել սպանության մեջ մեղադրվող Վ. Պերմյակովը, որ ինքն անգամ կրակոցների ձայներ չի լսել.
«Կրակոցի ձայներ չեմ լսել, բայց էնպես զգացի՝ ոնց որ երկրաշարժ լիներ… ի՞նչ մտածեմ, թե ինչ է կատարվում: Առավոտ ելել, գնացել եմ աշխատանքի, հետո քույրիկս զանգեց, ասաց նման բան է եղել: Եթե կրակոցի ձայներ լսեի, ինչպե՞ս դուրս չէի գա, կամ եթե իմանայի սպանված մարդիկ կան, մի՞թե կթողնեի, աշխատանքի կգնայի»,-մեզ հետ զրույցում նշեց Կարինե Ավետիսյանը:
Նա պատմեց նաեւ, որ երբ առավոտյան մեկնել է աշխատանքի, դարպասը բաց է եղել, սակայն տարօրինակ որեւէ բան չի նկատել, ուստի անգամ չի կասկածել, թե հարեւան բնակարանում հնարավոր է նման դժբախտ դեպք տեղի ունեցած լինի:
«Մեր տները մեկ բակում են, մի դարպասից մտնում ես, սկզբում իրենցն է, հետո՝ մերը, բայց իրար շատ մոտ չեն, այնպես որ, ես չեմ էլ տեսնում՝ ով է գալիս, ով՝ գնում: Առավոտ գնացել եմ աշխատանքի, տեսել եմ լույսերը մարած է, մտածել եմ՝ քնած են»,-նշեց նա:
Կարինեն միեւնույն ժամանակ վստահեցրեց՝ ո՛չ սպանության մեջ մեղադրվող Պերմյակովը, եւ ո՛չ էլ ռուսական ռազմաբազայի այլ ներկայացուցիչ Ավետիսյանների ընտանիքի անդամների հետ կապ չեն ունեցել: Ըստ նրա՝ իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն տեղեկությունները, թե իբր Պերմյակովը մեկ անգամ այցելել է Ավետիսյաններին:
Կարինե Ավետիսյանի խոսքերով՝ սպանված ընտանիքի հարազատների համար տեղի ունեցած դաժան այս դեպքն ուղղակի անհասկանալի է մնում, որեւէ տարբերակ, որեւէ վարկած այս պահին չկա.
«Էդ տղեն մեր հայաթ չի մտել, կապ չի ունեցել, ու ընդհանրապես որեւէ ռուսի հետ իրենք կապ չեն ունեցել: Ես ու Սերյոժան եղբայրների երեխաներ ենք, սա դաժան բան էր, այս կարգի դաժանություն ո՞վ կպատկերացներ, զարմացած ենք, ապշած, որեւէ բան մտքներովս չի անցնում»,-ասաց Կարինե Ավետիսյանը՝ միաժամանակ նշելով, թե այս պահին ապրում է քրոջ տանը ու չի պատրաստվում վերադառնալ իր բնակարան»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: