կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-10 14:25
Իրավական

Գոնե մի անգամ Պերմյակովին հանեք ռազմաբազայի տարածքից. ինչո՞ւ ռուս զինծառայողին չեն բերել Երևան

Գոնե մի անգամ Պերմյակովին հանեք ռազմաբազայի տարածքից. ինչո՞ւ ռուս զինծառայողին չեն բերել Երևան

Քիչ առաջ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի քննությունը:

Նախքան նիստի մեկնարկը նախագահող դատավոր Մհեր Արղամանյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ավետիսյանների հիշատակը:

Այսօրվա նիստին դատարան չէր ներկայացել գործով ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա դիմում էր ներկայացրել դատարանին` խնդրելով բողոքը քննել իր բացակայությամբ:

Դատարան ներկայացած` ամբաստանյալի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ Պերմյակովն իրեն չի լիազորել վերաքննիչում ներկայացնել իր շահերը, և ինքը չգիտի` իր պաշտպանյալը ցանկանո՞ւմ է, որ ինքը ներկայացնի նրա շահերը, թե՞ ոչ:

Նշենք որ այս գործով վերաքննիչ բողոք են ներկայացրել գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Արայիկ Զալյանն ու Արամազդ Կիվիրյանը: Մասնավորապես` Սաքունցն ու Զալյանը պահանջում են ամբողջությամբ բեկանել և փոփոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պավելի Պերմյակովի նկատմամբ կայացրած դատավճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Արամազդ Կիվիրյանը նույնպես պահանջում է բեկանել դատավճիռն ու գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին քննելու համար:

Նշենք, որ Պերմյակովը հետ է վերցրել իր պաշտպանյալի ներկայացրած բողոքը, որով պահանջվում էր բեկանել և փոփոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտելու վերաբերյալ` օգոստոսի 23-ի դատավճիռը, նրա նկատմամբ ՀՀ քր.օր. 34-329 հոդ. 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել: Պերմյակովի նկատմամբ նշանակել համաչափ մեղմ պատիժ: Նշենք, որ այս հոդվածը վերաբերում է պետական սահմանն ապօրինի հատելու փորձին:

Այսօրվա նիստում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից Արթուր Սաքունցը ցանկանում էր ինքնաբացարկ հայտնել մեղադրող դատախազ Գևորգյանին, սակայն, քանի որ հարցականի տակ է պաշտպանի կարգավիճակը, առանց պաշտպանական կողմի դիրքորոշման չեն կարող որևէ հարց քննել:

Աղաջանյանն առաջարկեց դատարանին` ապահովել Պերմյակովի ներկայությունը: Այս կապակցությամբ մեղադրողը նշեց, որ եթե անձը չի ցանկանում ներկայանալ, ինչպե՞ս են բերելու: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից Արայիկ Զալյանը նշեց, որ Պերմյակովին պետք է բերել դատարան: Փաստաբան Արթուր Սաքունցն էլ ասաց, որ վերաքննիչը եզակի հնարավորություն է Պերմյակովին ՀՀ դատարան բերելու համար: Ըստ նրա` դատարանը պետք է նրան գոնե մեկ անգամ ռուսական բազայի տարածքից հանելու որոշում կայացնի:

Դատավոր Մխիթար Պապոյանը նշեց, որ ինքը բոլորից շատ է ուզում ապահովել Պերմյակովի ներկայությունը, սակայն իրենք նրան ստիպողաբար բերելու իրավասություն չունեն: Այսպիսով` դատարանը որոշում կայացրեց հետաձգել այսօրվա նիստն ու մեկ անգամ ևս ծանուցել ռազմաբազայի հրամանատարությանը` ապահովել Պերմյակովի ներկայությունը դատական նիստին: