Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանում ցուցմունք են տալիս գործով որպես վկա ներգրավված Պերմյակովի ծառայակիցները: Մինչ այդ ցուցմունք տվեց ռազմաբազայի ներկայացուցիչը, ով պատմեց թե երբ և ինչպես է Պերմյակովն իրենց մոտ անցել ծառայության:
Նա հայտնեց, որ այն ինքնաձիգը, որով Պերմյակովը լքել է զորամասը, դեպքից հետո առգրավվել են հայկական կողմի քննիչները: Գործով վկա, ավագ լեյտենանտ Նիկիտա Սերգևիչը հայտնեց, որ Պերմյակովին ճանաչում է 2014թ. նոյեմբերից: Ըստ նրա` Պերմյակովը շրջապատում իրեն նորմալ է պահել, ինչ որ բանով աչքի չի ընկել:
«Պերմյակովն առողջական խնդիրներ չի ունեցել: Կարաուլի օրը Պերմյակովի զրահաբաճկոնը հայտնաբերեցի նորմալ, ծալված վիճակում, ոչ մի այլ տարօրինակ բան չնկատեցի: Այդ օրը նա ինքնաձիգն ըստ կանոնի ստացել է և ստորագրել»,- պատմեց վկան:
Մյուս վկան նույնպես հայտնեց, որ Պերմյակովն իր ենթական է, ավելին` 2014թ.-ին ինքն է անձամբ մեկնել Չիտա և այնտեղ ընտրել Պերմյակովին և բերել Գյումրի:
Նշենք, որ գործով վկաները 4-ն են, ովքեր նույն զորամասում են ծառայել և տարբեր կերպ առնչություն են ունեցել Պերմյակովի հետ: Նրանք բոլորն էլ զինվորական համազգեստով էին դատարան ներկայացել: Ի դեպ, դատարանի տարածքում է նաև Պերմյակովի անմիջական ղեկավարը, նա նույնպես համազգեստով էր, ինչը վկայում է այն մասին, որ նրանք այժմ էլ ծառայում են ռուսական ռազմաբազայում:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ դեպքից հետո մի քանի տասնյակ սպաներ են ազատվել ծառայությունից, հիմնականում այն անձինք, ովքեր թերացել են իրենց ծառայության մեջ և արդյունքում Պերմյակովը զենքով լքել է զորամասն ու հանցագործություն կատարել:
Ուշագրավ է, որ կողմերը վկաներին գրեթե հարցեր չեն տալիս, միայն դատավորն է մի քանի չեզոք հարցեր տալիս: Անգամ զինծառայող վկաներից մեկին մեղադրող դատախազը հուշում էր, թե ինչ խոսեր: