կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-22 15:30
Առանց Կատեգորիա

Պերմյակովին պետք է պաշտպանի Հայաստանի լավագույն փաստաբանը, հետազոտի՝ լավագույն բժիշկը

Պերմյակովին պետք է պաշտպանի Հայաստանի լավագույն փաստաբանը, հետազոտի՝ լավագույն բժիշկը

Մի պահ պատկերացնենք, որ հանրապետության «ամենադատախազ» Գեւորգ Կոստանյանը, անշուշտ, աշխատանքային ժամից հետո, մի բաժակ իսկական ռուսական օղի է խմում` համարձակության համար, եւ զանգահարում ՌԴ իր գործընկերոջը, որպեսզի պահանջի Հայաստանի իրավազորության տակ հանձնել «էն գյադուն»:

 

Պատկերացնենք նաեւ,որ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Յակովլեւիչ Չայկան, չցանկանալով սեպ խրել հայ-ռուսական ռազմավարական եւ ուղղակի հիասքանչ հարաբերությունների մեջ, իսկ ամենակարեւորը` նախքան Կոստանյանի զանգին պատասխանելը մի բաժակ հայկական ընտիր կոնյակ խմելուց հետո համաձայնում է: Հայաստանի տարածքում գտնվող Պերմյակովին հանձնում են Հայաստանին: Ի՞նչ պետք է անենք: Իհարկե, պետք է ամբողջովին բացահայտենք գործը, Պերմյակովին դատի տանք, դատարանում նրան ծանր մեղադրանքներ հասցեագրենք եւ ՀՀ դատարանի կողմից դատապարտենք… Գնդակահարությունը, որպես պատիժ, վերացրել ենք:

 

Սա ինքնին հասկանալի է, բայց կան հարակից հարցեր, որոնք պակաս կարեւոր չեն: Օրինակ` ո՞վ պետք է նախաքննության ընթացքում, դատաքննության ընթացքում պաշտպանի Պերմյակովի շահերը: Հասկանալի է, որ այդ մարդը պետք է լինի հայ, որը տվյալ աշխատանքի դիմաց պետք է ստանա պետական վարձատրություն: Բացի սրանից` Պերմյակովին ենթարկելո՞ւ են դատաբժշկական հետազոտության, եթե` ոչ, ապա դա օրենքի խախտում է, եթե` այո, ապա կոնկրետ ո՞ր բժիշկները պետք է անցկացնեն այդ հետազոտությունը:

 

Մեր կարծիքով` այս հետազոտությունը պետք է անցկացնեն հանրապետության լավագույն մասնագետները, իսկ Պերմյակովին պետք է պաշտպանի հանրապետության լավագույն փաստաբաններից մեկը: Ինչո՞ւ, որովհետեւ միայն այդ պարագայում Պերմյակովի գործի քննությունը, նրա մեղսունակ վիճակի ապացուցումը այլ հարցեր չեն առաջացնի, եւ նրա դատավճիռը կլինի պրոֆեսիոնալ:
Մինչդեռ Պերմյակովից հրաժարվել է նրան կցված փաստաբանը, գիտենք, թե ինչու: Նրան հետազոտելուց, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, հրաժարվել են նաեւ հայ բժիշկները, էլի գիտենք` ինչու:

 

Լավ, բա ո՞վ պետք է հետազոտի նրան, ո՞վ պետք է պաշտպանի նրան դատարանում, եթե հայաստանցիները հրաժարվում են այս` անչափ կարեւոր գործից: Բայց սա ամենակարեւորը չէ, եթե մենք հրաժարվում ենք Պերմյակովի հետ գործ ունենալուց, բա էլ ինչո՞ւ ենք պահանջում նրան: Ռուսները  նրան ե'ւ կհետազոտեն, ե'ւ համապատասխան արձանագրություն կկազեն, ե'ւ կպաշտպանեն` հիմնվելով նրա անմեղսունակության վրա:

 

Այսինքն` մենք Պերմյակովին պահանջում ենք, որ ի՞նչ անենք, եթե այն, ինչը պիտի անենք, չենք ուզում անել:


Հովիկ ԱՖՅԱՆ

 

Հ. Գ. Կանցնի որոշ ժամանակ, եւ Պերմյակովի դատին ներկա գտնվողները` անկախ ազգությունից, հավանաբար պիտի փոշմանեն, որ գնդահակարությունը հանվել է պատիժների ցուցակից, եթե, իհարկե, ռուսական հոգեբուժարաներից մեկում նա իր նոր ընկերների մոտ չպարծենա` ասելով, որ լուսադեմին, երբ արեւը դեռ բացված չի լինում, ուժեղ ծարավում է եւ դառնում վամպիր: