կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-17 15:18
Առանց Կատեգորիա

«Փողոցային խուլիգանը» և ապրիլի 24-ի խորհուրդը

«Փողոցային խուլիգանը» և ապրիլի 24-ի խորհուրդը

Երբ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վիրավորեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նրան որակելով «ահաբեկիչ», Իսրայելի արտգործնախարարը հայտարարեց, թե Էրդողանն իրեն «փողոցային խուլիգանի» նման է պահում: Իսրայելն Էրդողանի` խուլիգան լինելու հանգամանքը նկատում է միայն նրանից հերթական վիրավորանքները ստանալու դեպքերում: Մինչդեռ` այդ մանր խուլիգանությունն արդեն վաղուց թուրքական պետության արտաքին քաղաքականության հիմնական բնույթն է:

 

Օրեր առաջ Անկարան և, մասնավորապես, նախագահ էրդողանը դա ցուցադրելու հերթական առիթն ունեցան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ այս տարի Թուրքիայում ապրիլի 24-ին մեծ շուքով նշվելու է Չանաքալլեի (Գալիպոլիի) ճակատամարտի 100-ամյակը և աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին այդ կապակցությամբ հրավեր է ուղարկել: Ալիևը, ընդունելով հրավերը, Էրդողանից շնորհակալություն էր հայտնել հատկապես հենց ապրիլի 24-ը միջոցառումների անցկացման օր ընտրելու համար: Ալիևի շնորհակալությունը պատահական չէ: Գալիպոլիի ճակատամարտն այդ օրվա հետ ոչ մի խորհրդանշական կապ չունի: Այն սկսվել է 1915 թվականի մարտի 18-ին և տևել 8 ամիս: Իսկ բուն Գալիպոլլիի թերակղզում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Ստամբուլը գրավելու համար դաշնակցային զորքերի անպտուղ ափհանումը սկսվել է ապրիլի 25-ին:

 

Առաջին աշխարհամարտի հետ կապված այդ իրադարձությունները նշելու համար ապրիլի 24-ը, ըստ այդմ, ընտրվել է բացառապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը և դրա շրջանակներում Երևանում նախատեսվող միջոցառումները ստվերելու, ավելի ճիշտ` ամբողջությամբ տապալելու նպատակով: Ինչպես հայտնի է, պաշտոնական Երևանը շատ ավելի վաղ սկսել էր Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչմանն ուղղված ապրիլյան միջոցառումներին մասնակցելու հրավերների հղումը տարբեր երկրների ղեկավարներին: Իր մասնակցությունը նախնական հաստատել էր Ֆրանսիայի նախագահը, հայտնի էր նաև Երևան այցելելու` Հռոմի պապի մտադրությունը:

 

Սերժ Սարգսյանն այս տարվա օգոստոսին նաև Թուրքիայի նախագահին էր պաշտոնական հրավեր ուղարկել, որը, սակայն, մնացել էր անպատասխան: Եվ ահա Էրդողանն այդ հրավերին պատասխանեց` ոչ միայն Դարդանելի ճակատամարտի օրը նշելու համար ապրիլի 24-ն ընտրելով, այլև ի թիվս 102 երկրների ղեկավարների, նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավեր ուղարկելով: Դրանով Էրդողանը փաստացի մերժեց Սարգսյանի հրավերը՝ իր համար ստեղծելով Հայաստան գալու բեռից ազատվելու հարմար պատրվակ:

 

Եվ դրա համար Էրդողանը կանգ չառավ նույնիսկ նախորդ տարվա ապրիլի 24-ին հայ ժողովրդին ուղղված իր ցավակցությունների կեղծավորությունն ու քաղաքական շարժառիթները բացահայտելու առջև՝ շատ լավ հասկանալով, որ հայերի համար խիստ խորհրդանշական այդ օրը նման միջոցառում կազմակերպելն ուղիղ վիրավորանք է նրանց նվիրական զգացումներին և հարուցելու է աշխարհասփյուռ հայության վրդովմունքն ու նողկանքը: Սակայն ինքնին նման հակասությունների մեջ ընկնելը, ինչպես նաև խտացված ցինիզի աստիճանը մատնում են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջազգային արձագանքներից ու հետևանքներից Անկարայի անհանգստությունը, ինչն էլ ստիպել է դիմել նման ոչ միանշանակ, բայց, միևնույն ժամանակ, հմտորեն մշակված դիվանագիտական միջոցի:

 

Անկարան աշխարհին փաստացի դնում է երկընտրանքի առջև` ապրիլի 24-ին լինել կա'մ Թուրքիայում, կա'մ Հայաստանում: Սա այլ բան չէ, քան Հայաստանին դիվանագիտական պատերազմի հայտարարումը: Ակնհայտ է, որ Թուրքիան իր դիվանագիտական խողովակներն ու ազդեցությունն օգտագործելու է՝ Գալիպոլիի ճակատամարտի հոբելյանական միջոցառումներին մասնակցության համաձայնությունը հնարավորինս մեծ թվով երկրների ղեկավարներից ստանալու համար: Անկարայի համար հաղթանակ է լինելու նույնիսկ ոչ թե այդ համաձայնությունը ձեռք բերելը, նրանց Անկարայում կամ Ստամբուլում ամեն գնով տեսնելը, այլ առնվազն բարոյական ու դիվանագիտական ճնշումների ներքո նրանց այդ օրը նաև Երևանում ներկա գտնվելուց ձեռնպահ մնալուն դրդելը: Հաշվարկն այն է, որ շատերը ոչ թե ընտրություն կկատարեն Անկարայի և Երևանի միջև, այլ կնախընտրեն հենց ընտրություն չկատարելը:

 

Սա իրական մարտահրավեր է Հայաստանի համար, քանի կարող է զգալիորեն թուլացնել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջազգային ռեզոնանսը: Պետական մակարդակով Ցեղասպանությունը չճանաչած լինելու պարագայում անգամ երևանյան ոգեկոչման միջոցառումներին մասնակցությունը սիմվոլիկ կերպով հենց ճանաչման յուրօրինակ ու մասսայական ակտ էր լինելու, ինչը, ահա, Թուրքիան փորձում է ձախողել: Իրավիճակի նրբությունն այն է, որ եթե թուրքական դիվանագիտությունը կարող է ինտենսիվ աշխատել՝ պետությունների ղեկավարներին իր համար հաղթական միջոցառման մասնակցելուն հասնելու ուղղությամբ, ապա նույնն անել իրեն թույլ տալ չի կարող Երևանը, որովհետև չի կարող քաղաքական կամ դիվանագիտական սակարկությունների առարկա դարձնել իր ողբերգությունն ու ցավը և դրանով արժեզրկել ամեն ինչ:

 

Այս տեսակետից Անկարայի առաջադրած նոր խնդրին դիմակայելու հրամայականը ստանում է նույն արժեքը, ինչ ընդամենը մի քանի ամսից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսվելիք «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի քննության ելքը. դրանցից ոչ մեկում հայկական կողմը պարտություն կրելու իրավունք չունի: Իրականում հենց այդ ուղերձն էր թաքնված Էրդողանի հրավերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակային պատասխանի, ավելի ճիշտ պատասխանելու այսպիսի արագության ենթատեքստում:

 

Դրա հիմնական ուղերձն այն էր, որ թուրքական միջոցառումներին Հայաստանի նախագահի մասնակցությունը քննարկման ենթակա չէր ի սկզբանե և հրավերի հղումն ինքնին վիրավորական է: Բայց այդ նամակ-ուղերձն աննախադեպ էր ոչ միայն իր տոնայնությամբ ու կոշտությամբ, այլև կոնկրետ Անկարայից Ցեղասպանությունը ճանաչելու ուղղակի պահանջի ձևակերպման հստակությամբ. «Խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը»,- ասված էր Սարգսյանի՝ մերժման պատասխան նամակում, որն արդեն թուրքական հասարակական շրջանակներում մեծ ռեզոնանս է առաջացրել:

 

Սակայն թուրքական յուրօրինակ այս խուլիգանական կեցվածքին միայն նամակով հակադարձելը քիչ է: Էրդողանը ներողություն չի խնդրում, Էրդողանը ուղղակի վիրավորանք է հասցնում մի ամբողջ ժողովրդի՝ ցեղասպանության օրը դարձնելով միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած Առաջին աշխարհամարտի ինչ-որ դրվագի փառաբանման խորհրդանիշ:

 

Իրականում հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար` ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիային տրված «ողջամիտ ժամկետն» ավարտվում է ոչ թե ենթադրաբար գալիք ապրիլի 24-ին, այլ հենց հիմա` այս կետում: Սա իրականություն է, որտեղ նման փաստաթղթերն օրակարգում պահելը կրկնակի ամոթալի է և անարժանապատիվ:

 

Գևորգ Դարբինյան