Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի`Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ապրիլքսանչորսյան հրավերը զայրացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներին. հայտնում է «Ակօս»-ը:
Այդ առիթով «Ակօս»-ը զրուցել է հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ:
Սիլվա Օզյերլի. «Էրդողանն, ասես, ծաղրում է»
Էրդողանի հրավերը վանող է: Ես դա ընկալում եմ որպես ծաղր: Խոսքը գնում է ինչ-որ մեկի մահվան, գոյություն չունենալու վրա կառուցված հաղթանակի մասին: 1915 թվականին Գալիպոլիում (Չանաքքալե) տարբեր ազգերի հետ միասին պայքարեցինք, ասում են` շատեր զոհվեցին: Այդ զոհերի մասին մինչ այժմ ինչո՞ւ չէր խոսվում: Մեկ տարի առաջ «ընդհանուր վիշտ» ասող Էրդողանն այժմ, ասես ծաղրելով, այդ կարևոր օրը Սերժ Սարգսյանին է հրավիրում:
Միսաք Հերգել. «Էրդողանը պետք է Հայաստան գնա»
Առաջին բանը, որ գալիս է մտքիս, այն է, որ Սերժ Սարգսյանն այս հրավերին պետք է այսպես պատասխանի. «Հենց մենք Ձեզ կսպասենք: Նախ` Դուք եկեք, հետո՝ կտեսնենք` ինչ կլինի»:
Նախագահ Էրդողանը տարբերվող քաղաքական գործիչ է: Չգիտեմ, միգուցե այդ տարբերությունը ստեղծողները նրա խորհրդականներն են: Անցյալ տարի իր ցավակցական ուղերձով զարմացրել ու կռիվ էր գցել հայերի միջև: Այժմ էլ այս հրավերով է ցանկանում նույնն անել:
Գայուշ Չալըքման Գավրիլոֆ. «Անամոթ քայլ էր»
Մտածում էի, որ Թուրքիան 2015 թվականը հնարավորինս լուռ, հանդարտ կանցկացնի, սակայն պետությունը չափազանց անամոթ, երեսպաշտ կեցվածք դրսևորեց: Կառավարությունը սրանից առաջ էլ է փորձել ուշադրություն շեղել` հայերի համար կարևոր ամսաթվերին այլ օրակարգ ստեղծելով: Այս հրավերը քաղաքական ռազմավարություն է: Այսպիսով փորձում են մյուս երկրների նախագահներին Հայաստանի փոխարեն ուղղորդել դեպի Թուրքիա:
Կարո Պալյան. «Աղետը չպետք է անտեսվի»
1915 թվականի ապրիլի 24-ին 200 հազար հայ ձերբակալվեց, և դա դարձավ Ցեղասպանության սկիզբը: Մի ժամանակ երկրի 20 տոկոսը կազմող հայերի գլխին եկած աղետն անտեսող նախագահի ասածների անկեղծությունը կասկածի տակ է: