կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-27 14:12
Հասարակություն

Հայ մտավորականները դիմել են ՄԽ համանախագահ երկրների նախագահներին` պահանջելով ստիպել բռնապել Ալիևին դուրս բերել զորքերը ԱՀ բռնազավթած տարածքներից

Հայ մտավորականները դիմել են ՄԽ համանախագահ երկրների նախագահներին` պահանջելով ստիպել բռնապել Ալիևին դուրս բերել զորքերը ԱՀ բռնազավթած տարածքներից

Այսօր հայության առջև կրկին հառնել է նույն հին խնդիրը. ինչպե՞ս խուսափել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունից, ինչպե՞ս փրկել Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը կործանումից: Ինչպես 1915 թ., թուրքերի համար կրկին հարմար ժամանակ է, երբ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը կենտրոնացված է Ուկրաինայի խնդրին, թուրքերը առիթը բաց չեն թողնում Արցախի Հանրապետությունում շարունակելու էթնիկ զտումների քաղաքականությունը, Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին ուղղված դիմումի մեջ գրել է Մտավորականների միությունը:

«Գազային ահաբեկչության, ծանր հրետանու և թուրքական արտադրության անօդաչու սարքերի կիրառման արդյունքում ստեղծում են հումանիտար ճգնաժամային իրավիճակ, նորանոր բնակավայրեր օկուպացնելով ու Ստեփանակերտի վրա գրոհելու համար նոր դիրքեր գրավելով շարունակում ցեղասպանության քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ:

Ագրեսիվ գործողության հետևանքով օկուպացված Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի ցուցադրական հայատյաց հռչակագիրը վավերացրին այդ երկրների խորհրդարանները: Իսկ օրերս Շուշիում կազմակերպած խնջույքին մասնակցում էին Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցները, որը գնահատվում է որպես հովանավորչություն ագրեսորին, արհամարհանք հայկական ինքնության, արժանապատվության նկատմամբ։

Ռուսական խաղաղապահ զորքերի ջանքերն անգամ չեն հերիքում զսպելու Բաքվի նավթագազային սուլթանի ախորժակը, որի հրահանգով էլ իրականացվում են մարդու իրավունքները ոտնատակ տվող ագրեսիվ գործողությունները: Արդյունքում Արցախի հայությունը հայտնվել է հումանիտար աղետի ճիրաններում: Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդների առաջարկած «խաղաղությունը» ծուղակ է Արցախի և Հայաստանի Հանրապետության համար: Իսկ երկու կողմերին զսպվածության կոչեր անելը, կարծում ենք, երեսպաշտություն է ու Ադրբեջան ագրեսորին՝ ահաբեկչությունը շարունակելու հորդոր:

44-օրյա պատերազմի հետևանքով Թուրքիայի, Ադրբեջանի և Սիրիայից հավաքագրած ահաբեկչական զինյալ խմբավորումների կողմից գրավելով Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը, իրականացնելով այդտեղ մնացած հայության նկատմամբ ցեղասպանություն, այժմ ոչնչացնում են հին դարերից այստեղ գոյություն ունեցող նախաքրիստոնեական ու քրիստոնեական հուշարձանները, սրբավայրերը, հայկական կյանքի բոլոր հետքերը՝ ջնջում վանքերի, եկեղեցիների գրերը, ջարդում խաչքարերն ու տապանաքարերը, երբեմն փորձում հայտնի մշակութային կոթողները սեփականացնել՝ կեղծելով պատմությունը: Այսինքն, այն բոլոր հրեշավոր գործողությունները, որոնք հաջողությամբ ու անարգել իրականցրել են հայկական Նախիջևանում: Հայտնի փաստ է, որ թուրքերի նախահայրենիքը Լեռնային Ալթայն է, որտեղից դեպի արևմուտք արշավանքներով իր ճանապարհին Միջին Ասիայում, Կովկասում և Փոքր Ասիայում թուրքերը ցեղասպանության ենթարկեցին շուրջ հիսուն ժողովուրդների՝ իրենց հազարամյակներից եկող մշակույթով, ինքնությամբ, հայրենիքով… Դա մարդկային քաղաքակրթության համար շատ մեծ կորուստ էր:

Վերջին ցեղասպանությունը իրականացրեց Փոքր Ասիայում ապրող հայերի, հույների և ասորիների նկատմամբ՝ կոտորելով երկուս ու կես միլիոն մարդկանց: Ցեղասպան թուրքերի ժառանգների համար կապ չունի, թե հիմա որ դարն է: Ցեղասպանության միջոցով ուրիշի հայրենիք գրավելը նրանց արյան մեջ է: Դեպի Եվրոպա նվաճումների ճանապարհը փակ տեսնելով, Թուրքիան այժմ ձգտում է Օսմանյան կայսրությունը վերականգնել դեպի արևելք նոր նվաճումներով: Այդ ճանապարհին խանգարողը Արցախն է ու Հայաստանը: Կարծում էինք, թե հզոր Արևմուտքը և Ռուսաստանը կփակեն աշխարհին սպառնացող այս վտանգից, սակայն դա լոկ երազանք է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի Խորհրդային Սովետական Հանրապետության բռնաճնշումների դեմ 1988 թ. արցախահայերի ապստամբությանը, ապա և անկախության հռչակմանը, ապա հիշեցնում ենք, որ իր գոյության 3000 տարիներին, երբ Մեծ Հայքը այս կամ այն իրադարձության հետևանքով կորցնում էր իր պետականությունը, ապա նրա 12-րդ նահանգ Արցախը հյուսիս-արևելյան նահանգներ Ուտիքի և Փայտակարանի հետ տասն անգամ ստեղծում էր սուվերեն կամ վասալ կարգավիճակով իր պետականությունը, այդպես պահպանում դարերի խորքից եկող իր հայկական մշակույթը, ինքնությունը, լեզուն, տարածքային ամբողջականությունը: 1991 թ. սեպտեմբերի 2-ին անկախության Հռչակագրով հիմնված Արցախի Հանրապետությունը հազարամյակներից եկող այդ ժառանգության արտահայտությունն է, որը արժանի է հարգանքի:

Արցախի հայությունը երբեք չի ընդունելու Ադրբեջանի գերիշխանությունը, քանի որ իրավականորեն Արցախը երբեք Ադրբեջանի Հանրապետության տարածք չի եղել և չի լինելու: Հայ մտավորականների անունից դիմում ենք ՄԽ համանախագահ երկրների նախագահներիդ, քաղաքական այս խառը ժամանակներում Հարավային Կովկասը կրկին լարվածության թեժ կետի չվերածել, որից կարող է ավելի մեծ կրակ բորբոքվել ու տարածվել աշխարհով մեկ: Պահանջում ենք, որ Ռուսական խաղաղապահ ուժերը կատարեն իրենց ստանձնած պարտականությունները, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, որպես ՄԽ համանախագահ երկրներ, պատասխանատվություն զգան Արցախի նկատմամբ, ստիպեն բռնապետ Իլհամ Ալիևին դուրս բերել զորքերը Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքներից, ճանաչել Արցախի Հանրապետության իրավունքները:»,- ասված է դիմումի մեջ: