կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-13 17:24
Առանց Կատեգորիա

Ամոթ է, որ այս քայքայվող տնտեսության պայմաններում մենք միլիարդատերեր ունենք

Ամոթ է, որ այս քայքայվող տնտեսության պայմաններում մենք միլիարդատերեր ունենք

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:

 

-2014-ն ի՞նչ տարի էր Ձեզ համար: Մի շարք իրադարձություններ եղան, Ձեզ հետ կապված լավ ու վատ լուրեր ինչպես շրջանառվեցին, այնպես էլ հօդս ցնդեցին:

-Ի՞նչ ասեմ, փիս բաներն ասե՞մ, թե՞ մենակ լավը:

 

-Չէ, ինչո՞ւ միայն լավը, ինչ ուզում եք, դա էլ ասեք:

-Է, եթե ասեմ' ոնց ես եմ ուզում, ձեր կայքը կփակեն:

 

-Չեն փակի, վարպե'տ, ասեք:

-Ի, դե լավ: Առաջ ուրախ նշում էինք Նոր տարին, որովհետև գիտեինք, որ ապրում ենք, էլի, և գիտեինք, որ մյուս տարի ավելի լավ կլինի: Հիմա լրիվ հակառակն է, ես Նոր տարուն սպասում եմ անհանգիստ, որովհետև գիտեմ' այս տարին ապահով չի, մյուս տարին ավելի անապահով է լինելու: Դրա վառ ապացույցները թանկացումներն են: Ես ո՛չ Եվրոպայի կողմնակիցն եմ, ո՛չ էլ' Ռուսաստանի, բայց որ մենք կորցնելու ենք մեր սուվերենությունը' հաստատ: Լսում եմ, թե ինչպես է Պուտինը նշում, թե երկու անկախ պետություններում դրել է իր ռազմակայանները, բայց Հայաստանի մասին խոսք չկա, այսինքն' Հայաստանն իրենն է, էլի, իրենն է համարում, արդեն բանի տեղ չի դնում:  Ստրկամտությունը գնալով ավելանում է, սրան գումարած' գների թանկացում, ապրուստի դժվարացում, ռուբլու անկում... 2014-ը մի բանով էր լավ, որ մեծ պատերազմ չեղավ: Երբ տեսնում եմ Վանգայի կանխատեսումները, հասկանում եմ, որ նա իրավացի է: Մենակ մի բան եմ ուզում, որ մեր իշխանությունները դադարեցնեն ստրկամտությունը և դառնան մի քիչ ավելի իրենք իրենց հարգող, բարձր արժանապատվությամբ:

 

-Ասացիք' մեզ բանի տեղ չեն դնում, մեր մեղքով չի՞, որ մեզ բանի տեղ չեն դնում:

-Բա, իհարկե, էդպես է, որովհետև երբեք հստակ դիրքորոշում չենք ունեցել, անընդհատ տատանվում, երկատվում ենք, հստակ ծրագրեր չունենք: Թե ո՞ւր ենք տանում երկիրը, չգիտենք: Որովհետև երկարաժամկետ ծրագիր չկա, մեր ծրագրերը մեկ ամսվա համար են:  Հիմա ես տեսնում եմ' ուր ենք տանում երկիրը' ամբողջ մեր բյուջեն մի օլիգարխի փողի կեսն է: Կոնֆուցիոսն ասում է' ամոթ է լինել աղքատ հարուստ պետության մեջ, անբարոյական է լինել հարուստ աղքատ պետության մեջ: Ամոթ է, որ այս քայքայվող տնտեսության պայմաններում մենք ունենք միլիարդատերեր: Միլիոնատեր լինելն առավելություն չի, ես կարող եմ շատ սիրել ու հարգել Տիգրան Մանսուրյանին, Գրիգոր Գուրզադյանին, նրանք են ինձ համար կուռքեր, իսկ փողի տոպրակներն ընդամենը տոպրակ են:

 

-Այն, որ տատանվում ենք, երկատված ենք, հույսի ու հավատի պակասից չէ՞:

-Սպասիր, է, մի հատ հլա դու հիշեցրու' էդ ո՞րն էր հույսն ու հավատը... Իհարկե, վերացել է, մանավանդ' հավատը, հույսը մի քիչ կա, թե երևի լավ կլինի, հին ազգ ենք, խելոք ազգ ենք, մի բան կգտնենք: Էն, որ խելոք ազգ ենք, ծածկել հնարավոր չէ, որքան էլ իշխանությունները չեն ապահովում հայ մարդու վիճակը, մենք գտնում ենք մեր ապրուստի, ընտանիքը պահելու միջոցը: Երբ ամբողջ հայ ազգի ընտանիքի հայրը'  նախագահը, չի կարողանում պահել իր ընտանիքի անդամներին, մի ընտանիքի հայրը կարողանում է այդ ֆունկցիան իր վրա վերցնել ու սկսում է թեկուզ վատ միջոցներով, բայց պահել իր ընտանիքը, դրանից էլ սկսվում է գողությունը, կոռուպցիան:

 

-Կյանքի գույները, փաստորեն, գնալով մգանո՞ւմ են:

-Հա՞ որ, չէի ասի' մգանում են, ընդհակառակը` ջրիկանում են: Էլ ո՞ւր է գույն, մի գույն է մնացել, մնացածը գույնիկներ են: Կարմիրն է մնացել' արյան գույնը: Շատ անհանգիստ եմ, ո՛չ հոռետես եմ, ո՛չ էլ` լավատես, իրատես եմ: Փաստերը դասավորելով մի համակարգում' սկսում եմ հասկանալ' ինչ է սպասվում մեզ:

 

-Օլիգարխիան, մաֆիան, քրեական աշխարհը մի տեսակ չե՞ն գրավել մեր կյանքի մեծ մասը:

-Իհարկե, կգրավեն, եթե քո երկրում չկա օրինականություն, բայց կա «Օրինաց աշխարհ» կուսակցություն, որի անունը, ի դեպ, ես դրել եմ «Հորինած աշխարհ»: Երբ չկա օրինականություն, բարոյականություն,  սրանց բացակայությունից քաոսն է սկսվում: Ես չեմ ասում, թե Ամերիկայում ամեն ինչ լավ է, բայց այնտեղ օրենքն ուժ ունի, իսկ մեզ մոտ օրենքներն ուղղակի շրջանցվում են: «Արգելող» օրենքները հիմնականում աղքատների համար են, հարուստները շան տեղ չեն դնում դրանք: Եթե այս ամենից հետո Լիսկան նորից դառնում է Սյունիքի մարզպետ, ուրեմն' անբարոյական երկիր ենք:

 

-Այսինքն' մեզ ազատ ենք ձևացնում, բայց իրականում պարում սրա-նրա դուդուկի տա՞կ:

-Բա ինչ ենք անում: Ինձ ասում են' դու ընդդիմախոս ես: Ա'յ մարդ, ես ընդդիմությանն էլ չեմ հավատում, նրանք էլ ուզում են նստել ու իրենք ուտել, ոչ թե ինչ-որ բան փոխել, քանի որ ոչ ոք էլ ծրագիր չունի. մենք ապրում ենք օրվա հետ, օրվա համար: Լավ, է: Այնուամենայնիվ, Նոր տարին մնում է լուսավոր սպասումների, լավատեսական մի օր, որովհետև մարդիկ անդադար աշխատում են, որ մյուս տարին տեսնեն ավելի լավ ու բարվոք: Չնայած այս տարի ում հարցնում էի, ասում էին' Նոր տարի չենք անելու: Ես էլ տիկնոջս ասում էի' ոչ մի սեղան, ոչ մի Նոր տարի, Երևանում կասենք' մենք Գյումրիում ենք, Գյումրիում կասենք' մենք Երևանում ենք: Բայց դե հայ կին է` ո՞նց թե առանց սեղան, բա՞ որ մարդ գա: Ա'յ մարդ, որ մարդ գա, մի բաժակ կոնյակ կխմենք, մի քիչ էլ չարազ կուտենք, հերիք է, էլի, բոլորը կուշտ են էդ օրերին: Բայց, մյուս կողմից, մտածում եմ' արդյո՞ք բոլորը կուշտ էին: Լավ, վերջ, հայ ժողովրդին ցանկանում եմ դիմանալ, բոլորին` շատ փող, ինձ' շատ խելք:

 

Կարինե Հարությունյան