կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-10 14:10
Հասարակություն

«Խնդրում եմ` ինձ նուրբ վերաբերվել». ամբաստանյալի վերջին խոսքը՝ դատավորին

«Խնդրում եմ` ինձ նուրբ վերաբերվել». ամբաստանյալի վերջին խոսքը՝ դատավորին

Yerkir.am-ի զրուցակիցն է փաստաբան Հայկ Ալումյանը:


-Ինչո՞վ էր առանձնահատուկ 2014թ.-ը Ձեզ համար` կարիերայում, ընտանիքում:

 

- Առայժմ անցնում է առանց առանձնահատկությունների:

 

-2014-ին իրավական ոլորտում արված ամենամեծ բարեփոխումը, որի դրական հետևանքներն ուղղակի զգալի էին:

 

-Արդարադատության ակադեմիայի ունկնդիր` ապագա դատավորների շատ բարձր որակը: Քննական հանձնաժողովի կազմում, մասնակցելով նրանց քննություններին, ես ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ անհամբեր սպասելու եմ այն օրվա, երբ նրանք նշանակվեն դատավորի պաշտոնում: Իրոք, գիտելիքների և ընդունակությունների շատ բարձր մակարդակ է, և գրեթե համոզված եմ, որ նրանց նշանակումը երկարատև դրական ազդեցություն կունենան արդարադատության համակարգի վրա:


-Տարվա ամենամեծ սխալը, որը մեծ հարված հասցրեց արդարադատության համակարգին:

 

-Սուրիկ Խաչատրյանին մարզպետ վերանշանակելը:

 

-Տարվա ամենազավեշտալի դատական գործը:

 

-Երբ անձին տուգանքի փոխարեն դատապարտեցին ազատազրկման` պատճառաբանելով, որ նա անվճարունակ է: Իսկ անվճարունակությունը հիմնավորեցին նրանով, որ նա ոչ թե մասնավոր, այլ հանրային պաշտպանի միջոցով է պաշտպանվել:


-Տարվա «ամենավտանգավոր հանցագործը»:

 

-Վարդան Պետրոսյան:

 

-Տարվա ամենատաղտկալի դատական գործը:

 

- Քրեական գործն` ըստ մեղադրանքի Արտակ Բուդաղյանի:

 

-Ամենամեծ հիասթափությունն այս տարվա ընթացքում:

 

-Քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ կազմակերպված համակարգված հարձակումները և իշխանությունների վերաբերմունքն այդ հարձակումների նկատմամբ:


-Ամենամեծ սուտը, որ լսեցիք դատարանում:

 

-Կան դատական ակտեր, որոնց հրապարակման ժամանակ հնչած` «հանուն Հայաստանի Հանրապետության» արտահայտությունը կատարյալ սուտ է: Այդպիսի դատական ակտերը հրապարակողը, եթե լիներ անկեղծ, պետք է սկսեր` «հանուն դրամի» կամ` «ի կատարումն վերևից իջեցված հրամանի» կամ նմանօրինակ այլ արտահայտությամբ:


-Ո՞ր դատավորին կցանկանայիք տեսնել Ձմեռ պապի կերպարում կամ Ձյունանուշիկի կերպարում:

 

-Եվրոպական դատարանում նշանակվելիք դատավորին:

 

-Սովորաբար շատ են զավեշտալի դեպքեր պատահում դատական նիստերի ընթացքում: Այս տարի պատահածներից ո՞րն էր ամենացնցողը:

 

- Ամբաստանյալն իր վերջին խոսքում դիմեց դատավորին` ասելով. «Խնդրում եմ` ինձ նուրբ վերաբերվել»: Պարզվեց, որ նրան խորհուրդ էին տվել վերջին խոսքում խնդրել, որպեսզի դատարանն իր նկատմամբ մեղմ վարվի (նկատի ունենալով մեղմ պատիժը): Այ, թե որքան կարևոր է ամեն մի բառը:

 

-2015-ից Ձեր ակնկալիքներն ու մաղթանքը:

 

-2015-ից ակնկալում եմ ավելի շատ արդարություն կյանքի բոլոր ոլորտներում: Իսկ մաղթանքս`ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ: