Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ մի տեղ կարդացի, որ Վարդանյանների ընտանիքը 300 000 դոլար է նվիրաբերել Ստեփանակերտի եկեղեցու կառուցման համար: Ինչ խոսք, գովելի արարք է և մեծարման արժանի: Բան չունեմ ասելու, այսինքն` ունեմ, բայց խոսքս Վարդանյանների ընտանիքին չի վերաբերում: Ինքս ինձ մտածում էի և որոշեցի գրել:
Այս եկեղեցաշինական մրցավազքը ե՞րբ է ավարտվելու, ե՞րբ ենք հասկանալու, որ այդքան շատ նոր եկեղեցիներ կառուցելը մեզ ոչինչ չի տալու: Խոնարհված եկեղեցիներ կան, որ դարերով սպասում են վերանորոգման, վերականգնման: Ոչինչ չի արվում, փոխարենը նորերն են կառուցվում: Իսկ մտածե՞լ եք` այդքան գումարներ, որ դրվում են նոր եկեղեցիների կառուցման վրա, քանի ձեռնարկություն, քանի՞ աշխատատեղ կբացվեր, քանի՞ սահմանամերձ գյուղ կշենանար, ազատագրված տարածքներում քանի՞ գյյուղ կվերաբնակեցվեր:
Մարդիկ օրվա հացի կարոտ են, իսկ մենք եկեղեցի ենք կառուցում: Ո՞ւմ համար, ինչի՞ համար… Մեղա, մեղա քեզ, Տեր: Բայց չէ՞ որ իրական եկեղեցին մեր հոգին է, նաև մեր տունը, որտեղ ապրում ենք: Եթե հոգով տրվել եք սատանային, ոչ մի եկեղեցի էլ ձեզ չի օգնի հանդերձյալ կյանքում դժոխքի ճիրաններից փրկվել: Նկատե՞լ եք, մարդկանց մեծ մասը եկեղեցում մոմ վառելիս աղոթքի փոխարեն Աստծուց ինչ-որ բան է խնդրում: Մի մասը ուզվոր է, մյուսը՝ գողացող: Գողանում են հասարակ ժողովրդից, հետո այդ գողոնից փշուրներ շպրտում այդ նույն ժողովրդին` իբրև բարեգործություն: Հետո էլ այդ «բարեգործության» մասին թմբկահարում են հեռուստաընկերություններով:
Ախր, մեկը չկա` ասի` սիրելինե'րս, իսկական բարեգործությունը չի գովազդվում, գովազդի ենթակա չէ: Բա եղա՞վ: Ով ուզում է, տան կողքին եկեղեցի է կառուցում: Եթե թվում է, թե այդպես Աստծուն ավելի են մոտենում և կարող են Տիրոջը խաբել, ինչպես` ժողովրդին, չարաչար սխալվում են: Աշխարհում ոչ մի տեղ, ոչ մի ազգ եկեղեցի այլևս չի կառուցում: Եղածներն են պահպանում: Շատ տեղերում էլ նույնիսկ վարձով են տալիս քրիստոնեության այլ ուղղություններ դավանողներին` պայմանով, որ շենքի ճարտարապետական տեսքը պահպանվի, իսկ մենք, մեր դարերով խոնարհված եկեղեցիները թողած, նորերն ենք կառուցում: Չեք տեսնի դրսերում նման բան: Եթե որևե երկրում նոր եկեղեցի է կառուցվում, ուրեմն հայերն են:
Քաղաքակիրթ աշխարհում եկեղեցաշինության ժամանակները վաղուց ավարտվել են, նրանք եղածն են պահպանում, մեզ մոտ հակառակն է: Ինչպես միշտ… Տնտեսագետները թող հաշվարկ անեն, այդ ծախսերը մեկտեղեն և կտեսնեն, որ այս երկիրը կարող էր ավելի ամուր, ավելի լավը, ավելի համախմբված, ավելի ապահով, ավելի մարտունակ լինել, եթե ավելի կիրթ լինեինք նման հարցերում:
Ցավոք, ոչ ոք այս մասին չի հանդգնում բարձրաձայն մտածել… արդեն քանի դար:
Հարություն Հարությունյան