Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացնում ենք անցյալ տարի Yerkir.am կայքում հրապարակված` Վահան Հովհաննիսյանի «Ընկերնե՞ր, թե՞ եղբայրներ» հոդվածը:
Հիշո՞ւմ եք խորհրդային ժամանակների հին անեկդոտը. մի երևանցի (թբիլիսցի, վարշավացի, պրահացի, ռիգացի` կախված այն բանից, թե որտեղ են պատմում) տղա մոտենում է հորը և հարցնում. «Հայրի'կ, պատմության ուսուցիչն ասում է, որ ռուսները մեր եղբայրներն են: Իսկ ռուսաց լեզվի ուսուցիչն ասում է, որ նրանք մեր ընկերներն են: Հիմա նրանք մեր ի՞նչն են՝ եղբայրնե՞րը, թե՞ ընկերները»: Հայրը մի պահ մտածում է և պատասխանում. «Նրանք մեր եղբայրներն են, տղա'ս, եղբայրները, քանի որ ընկերներին կարող ենք ինքներս ընտրել»:
Դուք ձեզ երբևէ հարցրե՞լ եք, թե Ռուսաստանում ինչու են այդքան խանդով վերաբերվում մեր փոքր և պաշարներով ոչ հարուստ երկրի քաղաքական այն ուղեգծին, որը մեր որոշ պաշտոնյաներ վերամբարձորեն կոչել են «Հայաստանի եվրոպական ընտրություն»: Փորձե՞նք միասին խորհել:
Կովկասյան լեռնաշղթայից դեպի հյուսիս, նաեւ դեպի հարավ առ այսօր գոյություն ունի պաշտոնյաների մի տեսակ` երբեմն բավական բարձրաստիճան, որն իր պրոլետարական պարզությամբ համոզված է, որ եվրոպական ինտեգրման գործընթացը Հայաստանին անխուսափելիորեն կտանի դեպի հակառուսաստանյան նախագծեր կամ բլոկներ, օրինակ՝ ՆԱՏՕ, և Արարատ սրբազան լեռան ստորոտից հրթիռները կնշանառեն Մայր Ռուսաստանը: Իհարկե, դա հիմարություն է եւ միամտություն. նախ՝ Ռուսաստանին վաղուց են թիրախ դարձրել Արարատ սրբազան լեռան ստորոտից, որը նա (Ռուսաստանը) այդքան ապաշնորհ ու անհեռատես ձեւով հանձնեց Մուստաֆա Քեմալին: Եվ թուրքերի զավթած Արևմտյան Հայաստանից Մոսկվա հրթիռներն ավելի ուշ չեն հասնի, քան մեր հանրապետության տարածքից: Նույնիսկ Վրաստանի տարածքը, որն ավելի մոտ է Մոսկվային, ինչպես տեսնում եք, ՆԱՏՕ-ին պետք չեկավ, մինչդեռ հիշեք, թե ինչպե՜ս էին վրացիներին այնտեղ կանչում...
Երկրորդ՝ Հայաստանը պարզ, ոչ երկիմաստ և բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ Ռուսաստանի հետ դադարեցնել իր դաշնակցային հարաբերությունները, հեռանալ անվտանգության ռուսական ուղեծրից և երկարաժամկետ հեռանկարում նման նպատակ չի ունենալու: Այս դեպքում նման դիրքորոշման պատճառներն անգամ կարևոր չեն, և ես մտադիր չեմ դրանք վերլուծել, բայց այդ ուղեգծի ամրությունը ոչ մեկի կասկածը չի առաջացնում՝ ո'չ մեր երկրում, ո'չ էլ նրա սահմաններից դուրս, այդ թվում՝ Ռուսաստանում, քանի որ հենց այդ ուղեգիծն է այս պահին առավելագույնս համապատասխանում այն խնդիրների լուծմանը, որոնք ապահովում են մեր երկրի ազգային անվտանգության ռազմական բաղկացուցիչը:
Հայաստանից Ռուսաստանի դժգոհության ևս մեկ պատճառ տնտեսագետներն են բուռն քննարկում: Խոսքն այն վնասի մասին է, որ Հարավային Կովկասում ռուսական տնտեսական շահերին իբրև կարող է հասցնել Հայաստանի ու Եվրամիության միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը: Դա ևս հիմարություն և միամտություն է: Չէ՞ որ այն ամենը, ինչ Ռուսաստանն ունի Հայաստանում՝ արտադրություն, ծառայություններ, ենթակառուցվածքներ, նույնպես դառնում է այդ պայմանագրի մի մասը և ազատ մուտք ստանում դեպի եվրոպական շուկաներ: Ավելին՝ ռուսական բիզնեսը կարող է առանց ներդրումային մեծ ծախսերի Հայաստանը հեշտությամբ հեղեղել համատեղ ձեռնարկություններով՝ պարզապես աշխուժացնելով արդեն գոյություն ունեցողները, որոնց ապրանքները նույնպես կստանան բոլոր այն առավելությունները, որոնք նախատեսված են խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրով: Ընդ որում` ակնհայտ է, որ այդ դեպքում հայ-ռուսական հարաբերությունները միանգամայն այլ մակարդակ կստանան: Համարյա բացառապես բարձրաստիճան ղեկավարության մակարդակով հաստատված ռազմավարական գլոբալ գործընկերությունը, որը հասարակությունն ընկալում է որպես ծանր ժառանգություն, որը վաղուց վերածվել է ընդամենը կերուխումային զրույցների և կենացների թեմայի, կդառնա իրական համագործակցություն` միջին ու փոքր բիզնեսի, որոշակի մարդկանց և սոցիալական խմբերի մակարդակով:
Իհարկե, ես ամենևին մտադիր չեմ Ռուսաստանին բացատրել, թե որոնք են նրա ազգային և տնտեսական շահերը, ինչով, ցավոք, արդեն երեք հարյուր տարի է` զբաղված է հայկական քաղաքական միտքը: Ես պարզապես ուզում եմ հասկանալ, թե ինչու են նրանք «ոչ» ասում այս ակնհայտ շահերին, որոնցում բացակայում են անգամ քողարկված ռիսկերը: Գուցե ռուսների պատմական դառը փո՞րձն է պատճառը: Քանի-քանի ռուս զինվոր է զոհվել Պլևնայի մերձակայքում՝ հանուն սլավոն եղբայրների ազատության, իսկ թուրքական յաթաղանից ազատագրված «եղբայրական» Բուլղարիան երկու համաշխարհային պատերազմներում կռվել է Ռուսաստանի դեմ՝ նրա թշնամիների կողմից: Ռումինիան նույնպես ավելի լավ չի վարվել:
Հնարավոր է, որ ռուսական իշխող վերնախավի զգուշավորությունը և Հայաստանի ինքնուրույնության որևէ նշան կուրորեն չընդունելը ոչ միայն տուրք է կայսերական ավանդույթներին, նաեւ արդյունքն այն բանի, որ Արևելյան հարևանության, ապա՝ գործընկերության ամբողջ եվրոպական քաղաքականությունը միանգամայն անհեռատեսորեն հիմնվում էր հակառուսական ընդգծված կողմնորոշումով պետություններին (Վրաստանը՝ Սահակաշվիլիի, Ուկրաինան՝ Յուշչենկոյի օրոք) ԵՄ ուղեծրում առաջնահերթորեն ներգրավելու վրա: Երբ ակնհայտ դարձավ, որ այդ երկրների կեղծ արևմտականացումը թատերականացված բնույթ ունի, ներքաղաքական գործընթացները և արևմտյան աջակցության հարցում կրած հիասթափությունն այդ երկրների վերնախավերին ստիպեցին շտկումներ մտցնել արտաքին քաղաքական ուղեգծում, ինչից հետո Հայաստանը, որն այս բոլոր տարիներին ոչ մի կերպ չէր հավակնում Արևելյան գործընկերության քաղաքականության մեջ էական դերակատարման և անշտապ, առանց աղմուկի ու բարձրագոչ հայտարարությունների կետ առ կետ իրականացնում էր Ասոցացման պայմանագրի պահանջները, հանկարծ հայտնվեց եվրաինտեգրման գործընթացի ավանգարդում: Հասկանալի է, որ ռուսական անվստահության իներցիան անմիջապես տարածվեց նաև մեր երկրի վրա՝ ստվերելով առկա փոխհարաբերությունների միանգամայն այլ բնույթը:
Ռուսաստանում, կարծես, այլևս ունակ չեն հասկանալու, որ ռուսական շահերին սպառնում է ոչ թե իր հարևանների եվրոպական ինտեգրումն ինքնին, այլ այն, թե ինչպես են նրանք (հարևանները) պատրաստվում դա օգտագործել: Ոմանց համար Եվրոպայի հետ ասոցացված հարաբերությունները Ռուսաստանի քիթը տրորելու և իրենց մանր պատվախնդրությունը բավարարելու միջոց են: Մյուսների համար դա միջոց է դառնալ ավելի ուժեղ՝ միաժամանակ մնալով Ռուսաստանի ընկերն ու դաշնակիցը: Հայաստանը ընտրել է երկրորդ ճանապարհը: Սակայն Ռուսաստանում որոշ մարդկանց, կարծես, պետք չեն ընկերներ, այն էլ՝ ուժեղ և ինքնուրույն: Այնտեղ նախընտրում են ճորտերին, ովքեր սեփական շահեր չունեն, և որոնց կարելի է առքուվաճառքի առարկա դարձնել: Ռուսաստանյան քաղաքական որոշ գործիչների հարձակողական-սպառնալի կամ լկտի-վերամբարձ տոնը («հայերդ առանց մեզ ի՞նչ եք անելու» ոճով) դժվար թե Հայաստանի քաղաքական ուղեգծի կշռադատված վերլուծության կամ էլ ռուսական երկարաժամկետ շահերի տեսանկյունից դրա լուրջ գնահատման արդյունքը լինի:
Ըստ այդմ` ես մի կասկած ունեմ` գուցե Ռուսաստանի քաղաքական շրջանակներին զայրացնում են այն արտահայտությունները, որոնցով ուղեկցում է եվրոպական ինտեգրման ամբողջ գործընթացը: Ուշադրություն դարձրեք, որ եվրոպական ինտեգրման զանազան փուլերի համատեքստում Հայաստանում ոչ ոք երբևէ չի հիշատակել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի ու համագործակցության թուլացման անհրաժեշտության մասին: Ընդհակառակը՝ «կոմպլեմենտար քաղաքականության» ժամանակներից ի վեր Ռուսաստանի առաջնայնությունը մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ ընդգծել են գրեթե բոլոր քաղաքական պատասխանատու ուժերը: Եվրամիության հետ ազատ առևտրի հարցը, չնայած իր կարևորությանը, նույնպես առաջնահերթ չէ մեր հասարակության քաղաքական և նույնիսկ տնտեսական օրակարգում: Նույնը վերաբերում է հայկական օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելուն: Այսինքն` անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում, եվրաինտեգրմանն առնչվող հասարակական քննարկումների հիմնական թեման դուրս չի գալիս «եվրոպական արժեքների» տարատեսակ մեկնաբանությունների շրջանակներից` Հայաստանին մշակութագաղափարական հարազատ միջավայր վերադարձնելու ճանապարհների, ընդհանուր պատմական արմատների և նման այլ բաների մասին բանավեճերից:
Մի՞թե հենց սա է զայրացնում Ռուսաստանին: Մի՞թե այսօրվա Ռուսաստանն ինքն իրեն եվրոպական երկիր չի ընկալում: Մի՞թե ռուսական մշակույթն ամբողջությամբ համաեվրոպական քրիստոնեական արժեքների վրա չէ խարսխված: Մենք՝ հայերս, այդ երկիրն ընկալում ենք հենց այդպիսին: Ռուսաստանի հետ մեր դարավոր մտերմությունը մենք ընկալում ենք որպես արժեքավոր երևույթ, որն ուղղակի կախում չունի շոշափելի շահերից: Այդ իդեալիզմի, ինչպեսև մեր գոյության համար մենք միշտ ստիպված ենք եղել բարձր գին վճարել: Մեզ, ի տարբերություն բուլղարացիների, ռուս եղբայրները թուրքական յաթաղանից չեն փրկել, իսկ մեր տարածքները նվիրել են ուրիշներին՝ հանուն այսրոպեական շահերի (որոնք, ի դեպ, այդպես էլ չեն ստացել):
Վերջին տարիների Ռուսաստանի ամենևին էլ ոչ դաշնակցային վարքագծի երկար ցանկը ես հիմա չեմ պատրաստվում թվարկել, այն մեր մամուլում անընդհատ արծարծվում է: Բայց ես չեմ կարողանում հասկանալ և ընդունել, երբ մեզ կանգնեցնում են փակուղային՝ «կամ, կամ» ընտրության առջեւ: Հանուն արդարության նշեմ, որ առաջինը բացահայտորեն նման ոճով մեզ հետ սկսեցին խոսել ոչ թե ռուսաստանցի, այլ եվրոպական գործընկերները: Բայց ով էլ մեզ նման փակուղու մեջ դնի՝ եվրոպացիները, թե` ռուսները, մեզ համար անընդունելի է: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը ԵՄ-ի հետ գործընկերության հետ համատեղելու մեր ձգտումը կարող է ինչ-որ մեկին Real Politik-ից հեռու ռոմանտիկ տեսություն, քաղաքական պատրանք թվալ: Բայց մեր երկրում և մեր երկրի շուրջ տիրող բարդագույն իրավիճակը ոչ սովորական լուծումներ է պահանջում: Նայեք ձեր շուրջը: Հին մոդելները Մերձավոր Արևելքում չեն գործում: Սառը պատերազմի ժամանակների նավթալինահոտ, դեղնած բաղադրատոմսերը, որոնք պահպանվել են, տանում են դեպի ճահճացում: Մենք սեփական երկրում ու աշխարհում փնտրում ենք արժանավայել գոյատևման ու զարգացման մե՛ր մոդելը: Առայժմ դժվարությամբ է ստացվում: Հարևանների հարցում բախտներս չի բերել: Իշխանությունների հարցում` նույնպես: Բայց մենք կգտնենք այդ մոդելը, մի՛ կասկածեք, ով էլ որ փորձի մեզ վախեցնել ու շանտաժի ենթարկել:
Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ