Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տպագրվել է Մաշտոցյան Մատենադարանի հանգուցյալ աշխատակից՝ ձեռագրագետ և բանասեր Օննիկ Եգանյանի աշխատությունների մեծադիր հատորը, որի տպագրության մեկենասը հեղինակի դուստր Անահիտ Եգանյան-Գյուլեճյանն է: Գիրքը հրատարակության է պատրաստել նույն հեղինակի աշակերտ-հետեւորդ՝ Մատենադարանի Գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանը:
Գիրքը բաղկացած է չորս հիմնական մասից. առաջինը վերնագրված է՝ «Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրական հավաքածուները. մասն Բ.» և պարունակում է գիտական մամուլում Օննիկ Եգանյանի տպագրված այն հոդվածները, որոնք վերաբերում են Մատենադարան մտած ձեռագրական փոքր հավաքածուների և նրանց և առանձին միավորների ճշգրտման հարցերին: Երկրորդ մասը Հարություն Հազարյան Կեսարացու հայերեն ձեռագրերի հավաքածուի՝ Մաշտոցյան Մատենադարան չեկած միավորների ցուցակն է: Երրորդը Մաշտոցյան Մատենադարանի ձեռագիր Պատառիկների առարկայական ցանկն է, իսկ չորրորդը՝ նույն Մատենադարանի ժապավենաձեւ Հմայիլների համառոտ ցուցակը:
Գիրքն ունի նաեւ Գեորգ Տեր-Վարդանյանի պատրաստած օժանդակ-հավելվածային երկու մաս` «Ժամանակագրական ցանկ Օննիկ Եգանեանի գիտական աշխատութիւնների» և «Հարութիւն Հազարեանի ձեռագրական հաւաքածուն եւ նրա մի մասի աճուրդը»: Հատորն օժտված է նաեւ Գայանե Թերզյանի պատրաստած մանրամասն ցուցիչ ցանկերով՝ անձնանունների, տեղանունների, «Մատենադարանի՝ յիշատակուած ձեռագրերի համարական ցանկ», «Յիշատակուած՝ չպահպանուած եւ մեզ չհասած ձեռագրեր» եւ Մատենադարանի ձեռագրաց «Մայր ցուցակ»-ին հատուկ մնացյալ բոլոր ցանկերը:
Ինչպես իրավացիորեն նկատել է Գևորգ Տեր-Վարդանյանը, որևէ անհատի վաստակը նրա մարդկային նկարագրի ածանցյալն է, իսկ Օննիկ Եգանյանը հսկա աշխատասիրության, սեփական անձի նկատմամբ մեծ խստապահանջության, արած գործի մեջ գերճշգրտության ձգտում ունենալով հանդերձ, կենցաղում խսիտ սակավապետ էր, լռիկ և զուսպ, ազնիվ, անսահման բարի, սկսնակներին իր գիտելիքները հաղորդելու հարցում` շռայլ:
1958 թ. մինչև իր կյանքի ավարտը՝ 1984 թ. աշխատել է Մաշտոցյան Մատենադարանում. նրա կատարած աշխատանքի շնորհիվ այսօր գիտենք Մատենադարանի հավաքածուի ստեղծման պատմությանը` քայլ առ քայլ. տեղեյակ ենք ձեռագրերի անցած ճանապարհներին և ունեցած հանգրվաններին:
Գիրքը նախատեսված է հատկապես միջնադարյան հայերեն սկզբնաղբյուրների, ձեռագրերի եւ մասնավորապես՝ Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուի գոյացման խնդիրներով հետաքրքրվող գիտնականների եւ մտավորականների համար: Հանգուցյալ ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի աշխատությունների եռահատորյակը տպագրությունից հետո, Օննիկ Եգանյանի այս գրքով ևս վերահաստատվում է, որ Մաշտոցյան Մատենադարանը մերձավոր անցյալի իր վաստակավորների ժառանգության արժեքավոր միավորների մեկտեղված և մշակված հրապարակումներով նախանձախնդիր ու հետամուտ է գիտական-մշակութային ժառանգորդության պահպանման կարևոր խնդրին։
Նույն խնդրին է ծառայելու նաև մի այլ երախտավորի՝ Ասատուր Մնացականյանի երկերի գալիք տարի նախատեսվող տպագրությունը: