կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-09 11:29
Քաղաքական

Եգանյանն ու Եգանյանի ղեկավարությունը «վառված են»

Եգանյանն ու Եգանյանի ղեկավարությունը «վառված են»

«Եգանյանը սպառնալիք չի տեսնում 3 ամսում ՌԴ քաղաքացիություն տալու վերաբերյալ` ՌԴ Պետդումայի օրինագծի մեջ» մեր այս նյութը մեծ քննարկումների տեղիք տվեց հատկապես սոցիալական ցանցերում: Եգանյանը մեր թղթակից հետ զրույցում նախ հստակ հայտարարել էր, որ այդ օրենքի մեջ սպառնալիք չի տեսնում (նշենք, որ հարցազրույցն արվել էր այն ժամանակ, երբ դեռ օրենքը ՌԴ դումայի կողmից չէր ընդունվել), հետո էլ ասել էր. «Այսօր էլ հարյուրհազարավոր մեր քաղաքացիներ թեև ՌԴ քաղաքացիներ են հանդիսանում, բայց նրանք չեն հանդիսանում ՌԴ մշտական բնակիչներ: Արգահատելի բան չկա, որ այդ օրինագծի հաստատումից հետո շատ հայեր կցանկանան ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն, պարզապես քաղաքացիություն ստանալն ու մշտական բնակությունը իրարից տարբեր բաներ են ու կապակցված չեն»:

 

Եգանյանին այս խոսքերին արձագանքը բավականին կոշտ էր եւ տրամաբանական: Արձագանքեցինք նաեւ մենք` վելուծականի տեսքով, հոդվածն էլ վերնագրեցինք՝ «Միգրացիոն ծառայության պետը «վառեց» իշխանություններին եւ ոչ միայն»:

 

Վերլուծելով մեր «հզոր» միգրացիոն ծառայության պետի պատասխանը, շատ պարզ եւ տրամաբական եզրահանգումների էինք եկել, որ թվերի հետ առնչվող Եգանյանը, երբ հայտարարում է, թե ՀՀ-ում «հարյուրհազարավոր» մարդիկ են բնակվում՝ ունենալով ՌԴ քաղաքացիություն, ապա դա արդեն զարմանալի է: «Զարմացնում է, նախ, պարոն Եգանյանի անզգուշությունը այդպիսի վտանգավոր թիվ հնչեցնելու առումով: Արդյո՞ք նա չի գիտակցում, որ երբ ՀՀ բնակչության պաշտոնական թվի ուռճացման (ներքին օգտագործման՝ զուտ քաղաքական նկատառումներով) պարագայում իրավասու մարմնի կողմից հայտարարվում է լրացուցիչ հարյուրհազարավորների մասին, որոնք ՀՀ քաղաքացի չեն, արդեն պաշտոնապես է կասկածի տակ դրվում Հայաստանի Հանրապետությունում ընտրողների թվի` առանց այն էլ կասկածելի մեծությունը»,- գրել էինք մենք: Շարունակությունն առաջարկում ենք կարդալ այստեղ:

 

Եվ երբ այսօր մեր լրագրողը փորձել է նույն օրինագծի վերաբերյալ զրուցել Եգանյանի հետ, հասկանալ, թե արդյո՞ք հիմա էլ սպառնալիք չի տեսնում, երբ արդեն հստակ է, որ 3 ամսում քաղաքացիություն ստանալը ենթադրում է մշտական բնակություն եւ հրաժարում քո երկրի քաղաքացիությունից, Հայաստան դատարկվող երկրի Միգրացիոն ծառայության պետը, սեփական ամբիցիաներից ելնելով, հայտարարում է, թե այլեւս չի խոսելու մեր կայքի հետ՝ «իրեն ասել են` այդպես անի»:

 

Պատկերացնո՞ւմ եք` շուրջ 5 տարի այս պաշտոնյան, թվերի հետ խաղալով ու կոծկելով արտագաղթի իրական պատկերը, իշխանությունների խաղը խաղալով, հիմա նեղացել է մի հրապարակումից եւ այլեւս չի ուզում խոսել, կարծես թե լրագրողն իր անձնական կյանքից էր հարցնում… Էլ ոնց կլինի, լավ է գոնե մի փոքր անկեղծություն է մնացել այս մարդու մեջ, երբ խոստովանում է, որ իրեն ասել են` չխոսի… Որ շատ խոսի, իշխանություններին ու իրեն ավելի շատ «կվառի»…