կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-11 14:44
Հասարակություն

Եթե ի վիճակի չէր օգնություն ցույց տալ, պիտի սպանե՞ր նրան. 4-ամյա երեխայի ծնողները ոստիկանություն են դիմել

Եթե ի վիճակի չէր օգնություն ցույց տալ, պիտի սպանե՞ր նրան. 4-ամյա երեխայի ծնողները ոստիկանություն են դիմել

Տեղեկացրել էինք, որ հունիսի 16-ի ցերեկը Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակիչ Կարինե Հովհաննիսյանը` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ` երեխայի վիճակը գնահատվել է միջին ծանրության` «սուր աղիքային ինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ: Երեխայի կյանքը փրկվել չի հաջողվել. ժամեր անց երեխան մահացել է:

Երեխայի ծնողները երեխայի մահվան մեջ Արմավիրի բուժկենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին են մեղադրում:

Բժկի հավաստմամբ` երեխայի մահվան պատճառը նրան ուշ հիվանդանոց տեղափոխելն է եղել.«Ամենակարևորն այն է, որ երեխան առաջին օգնությունը չի ստացել, ստամոքսի լվացում, աղիների մաքրում տեղի չի ունեցել, և թունավոր նյութերը կուտակվել են: Ես վիշտն ընդունում եմ, բայց ի՞նչ ասեմ, կյանքում ամեն ինչ էլ լինում է, պետք է առաջինը մարդն ինքն իրեն մեղադրի ամեն հարցում և տեսնի` որտե՞ղ է ինքը սխալ եղել: Եթե ես օգնություն ցույց տված չլինեի, ուրիշ բան: Ավելին` երեխային հիվանդանոց տեղափոխելու նախորդ օրը հերթապահ եմ եղել, բայց նորից այդ օրը մնացել եմ հիվանդանոցում, մինչև վերջ երեխայի կողքին եմ եղել» /վերջինիս տեսակետն ամբողջությամբ` այստեղ/:

Yerkir.am-ի հետ զրույցում երեխայի հայրը` Հակոբ Հովհաննիսյանը, նշեց, որ դեպքի հետ կապված` դատական գործ է հարուցվել, իսկ իրենք բողոք են ներկայացրել ոստիկանություն` բժշկի` Անահիտ Պետրոսյանի դեմ: «Հիվանդանոցին բան չունեմ ասելու, իմ բողոքը բժշկի դեմ է: Բողոքելու շատ պատճառներ ունեմ` բժիշկն ուղղակի չի հասկացել` ինչ է կատարվում երեխայի հետ, ինչ պետք է արվի»,-ասում է երեխայի հայրը:

Նկատառմանը, թե Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշում էր, որ երեխայի մահված պատճառը նրան` ուշ հիվանդանոց տեղափոխվելն է, երեխայի հայրը նշեց, որ եթե անգամ այդպես է` բժիշկը պետք է շուտ կողմնորոշվեր և ասել` ինչ է պետք անել.«Լավ, եթե անգամ ուշ եմ տարել հիվանդանոց, եթե այդ հիվանդն իր հիվանդը չէր, ինչո՞ւ է նրան վերցնում և ուզում բուժի: Եթե ի վիճակի չէ օգնություն ցույց տալ` պիտի սպանի՞ նրան, թող ասեր` տար Երևան, ես չեմ կարող օգնել` ուշ ես բերել: Ինչո՞ւ վերցրեց, ասաց` ամեն ինչ լավ կլինի, առավոտյան երեխային դուրս կգրեմ: Եթե ուշ ենք տարել, ոնց էր երեխան իր ոտքով մտնում հիվանդանոց, խոսում բժշկի հետ, դեռ մի բան էլ ինքը երեխային բան էր հյուրասիրում, երեխան վերցնում-ուտում էր»:

Հոր ներկայացմամբ` երեխայի մոտ միայն սրտխառնոց է եղել, ջերմություն էլ գիշերն է ունեցել: Ըստ նրա` երեխան հաց չէր ուտում, իրենք էլ որոշել են տանել բժշկի` տեսնել` ինչ է եղել:

«Հիմա երեխա է, ոչ առաջին դեպքն էր, ոչ էլ վերջին, մրսածություն է լինում և այլն: Պետք չի մասնագետ կամ գիտնական լինել, որ այդ պրիմիտիվ բաները հասկանաս, սովորական մարդուն էլ եթե ասես, որ մարդն իր ոտքով մտնի հիվանդանոց ու երկու ժամ անց մահանա` պիտի մտածի, որ երևի անբուժելի հիվանդ է եղել կամ կայծակնային արագությամբ ինֆարկտ է տարել: Էդ էլ հարց է` ինֆեկցիա եղե՞լ է, թե՞` ոչ: Դատաբժշկական փորձաքննության պատասխանն եկել է` մեջը հազար ու մի հիվանդություն է նշված, թե իբր երեխան ունեցել է այդ հիվանդությունները: Այնքան բան է գրած, որ եթե չափահաս մարդու մոտ այդքան հիվանդություն լիներ, տեղում կմահանար»,-ասում է երեխայի հայրը` հավելելով, որ այդպես էլ չեն պարզաբանում, թե այդ ինֆեկցիաները որտեղի՞ց են երեխայի մոտ, նո՞ր, թե՞ հին ինֆեկցիաներ են, ի՞նչ միջոցով են անցել երեխային:

Բժիշկը նաև նշել էր, որ երեխայի ծնողները համոզում էին, որ երեխան կաթիլային ընդունելուց հետո տուն տանեն, և հետո նորից հետ բերեն: Հակոբ Հովհաննիսյանը նշում է, որ, այո, ինքն է բժշկին ասել, որ երեխային տուն տանեն, քանի որ հիվանդանոցում անմխիթար վիճակ է եղել:

«Առաջին անգամ էի այդ հիվանդանոցում լինում, և ահավոր վիճակ էր: Ես գյուղում եմ ապրում, բայց իմ անասունների գոմն ավելի լավ վիճակում է գտնվում, քան` իրենց հիվանդանոցը: Առաջարկեցի` երեխային տանեմ, մեքենա ունենք, երբ պետք է` հետ կբերենք, ինքն էլ ասաց` չէ, թող մնա, կաթիլային պիտի միացնենք, եթե նորմալ լինի վիճակը, առավոտյան դուրս կգրենք: Ես էլ ասացի` լավ, դու ավելի շատ բան կիմանաս, քան` ես, բայց բանից պարզվում է` ես ավելի շատ բան եմ հասկանում»,-ասում է երեխայի հայրը:

Ի դեպ, Հակոբ Հովհաննիսյանը պնդում է, որ երեխան մինչ այդ որևէ առողջական խնդիր չի ունեցել. երեխան ընտանիքի միակ զավակն էր: Երեխան մանկապարտեզ չէր գնում` այս տարի նոր պիտի հաճախեր:

Երեխայի հայրը նշում է նաև, որ փոքրիկի մահից հետո հիվանդանոցից իրենց հետ ոչ ոք չի զրուցել, անգամ բժշկուհին չի զանգահարել և իր ցավակցությունը հայտնել:  

 

Կարինե Հարությունյան