Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Tert.am –ի հետ զրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցության» պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Դաշնակցության հնարավոր կոալիցիա կազմելու նորից ակտիվացած խոսակցություններին, նկատեց, որ քանի դեռ իրենց հայտնի նախապայմանները կատարված չեն, ՀՅԴ-ն ընդդիմություն է, սակայն ավելացրեց. «Այսինքն՝ ես ուզում եմ հարց տալ՝ ընդդիմություն նշանակում է պետական որևէ համակարգում չաշխատե՞լ, եթե դա է պատկերացումը, ուրեմն մենք ընդդիմություն չենք: Եթե ընդդիմություն ասելով հասկանում են ընդդիմություն պետությանը, պետականությանը, ուրեմն մենք էդ ընդդիմությունը չենք»:
-Պարո՛ն Մինասյան, նորից ակտիվորեն խոսվում է Դաշնակցության հնարավոր կոալիցիա կազմելու մասին:
-Անիմաստ եմ համարում անընդհատ նույն այդ բանի մասին խոսել, դրանք տարածում են մարդիկ, որոնք ոչ միայն սեփական խմբային շահերով են առաջնորդվում, այլ նաև պետականության ապագայի նկատմամբ սահմանափակումները պատկերացնում են իրենց և իրենց նեղ շրջապատի գրպաններով: Դաշնակցությունը երբեք ինքնանպատակ որոշումներ չի կայացրել: Այս պահին Դաշնակցությունը ընդդիմություն է: Եվ շարունակում է այդպիսին այնքան ժամանակ, քանի դեռ մեր առաջարված պայմանները չեն կատարվել: Հայ-թուրքական արձանագրություններն են /դրանց հետ վերցնելը/, 7 կետերն են հայտնի, և շատ այլ կետեր: Այսինքն՝ եթե ինչ-որ հարցերի հետ կապված իշխանության հետ կա համագործակցություն, դա բացառապես բխում է մեկ բանից՝ այդ պահի դրությամբ մեր պետականության առջև ծառացած հիմնախնդիրը սա՞ է, թե ոչ: Եթե դա է, մենք պատրաստ ենք համագործակցելու ցանկացածի, այդ թվում նաև՝ իշխանության հետ: Կամ ընդդիմադիր դաշտի ցանկացած ուժի: Երբ այս ամեն ինչը մարդիկ չեն տեսնում, անընդհատ մեղադրում են մեզ կամ Դաշնակցությանը փորձում են խցկել մի տեղ, որտեղ չէ Դաշնակցությունը, սա նշանակում է, որ կամ այդ մարդիկ չեն ուզում հասկանալ, կամ իրենց շահերից՝ անձնական ու ներխմբային, չի բխում Դաշնակցությանը պետականության ակունքներում տեսնելը:
- Փաստորեն, նման նախադրյալներ այսօր չկան, քանի դեռ սա չի կատարվել:
-Մենք այսօր ասում ենք՝ երկրի զարգացման տեսակետից սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն: Սա նաև իշխանության, երկրի նախագահի մոտեցումն է: Հիմա մեզ մեղադրում են, ասում են՝ դուք կոալիցիա եք ուզում կազմել: Մենք ասում ենք՝ եղբա՛յր, եթե սահմանադրական փոփոխությունների մասով կա տեսակետների համընկնում և մենք պաշտպանում ենք այդ փոփոխությունները, քանի որ դրանք մեր պատկերացրած սահմանադրական փոփոխություններն են, դրա անունը համագործակցություն եք դնում, դրեք, մենք դրանից չենք խորշում: Բայց դա չի նշանակում, որ մենք մտնում ենք Կառավարություն, կոալիցիա ենք կազմում: Կոնկրետ հարցի շուրջ կա հստակ համաձայնություն, եթե հասնենք դրան, երբ որ մենք ասում ենք՝ ԵՏՄ-ի հարցում Հայաստանը պետք է օգտագործի իր բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր երկրին, մեր պետականությանը օգտակար լինի և դրա շրջանակներում Արա Նռանյանին առաջարկ եղավ, դա չի նշանակում, որ Դաշնակցությունը մտավ իշխանություն, կոալիցիա կազմեց: Եվ անձով պայմանավորված՝ մի ամբողջ քաղաքական ուժի ներկայացնել ամբողջությամբ տրվելու մեղադրանք, դա ապուշություն է:
-Կներեք, բայց մի անձ, երկրորդ անձ, գիտեք՝ դրանից առաջ էլ մի շարք կարևոր մայրաքաղաքներում դիվանագիտական պաշտոններում դաշնակցականներ նշանակվեցին՝ չնայած հաղորդվեց, որ նրանց անդամությունը կուսակցությանը կախակայված է: Եվ ամեն դեպքում, փաստը մնում է փաստ, որ այդ մարդիկ աշխատում են պետական համակարգում:
-Այսինքն՝ ես ուզում եմ հարց տալ՝ ընդդիմություն նշանակում է պետական որևէ համակարգում չաշխատե՞լ, եթե դա է պատկերացումը, ուրեմն մենք ընդդիմություն չենք: Եթե «ընդդիմություն» ասելով հասկանում են ընդդիմություն պետությանը, պետականությանը, ուրեմն մենք էդ ընդդիմությունը չենք: Դե ուրեմն, բոլոր այն ընդդիմադիր կոչված քաղաքական ուժերի համակիրները և կուսակցականները, որոնք պետական ծառայության մեջ են, բոլորը պետք է դուրս գան:
– ժամանակին, երբ 2008 –ից հետո ռեպրեսիաներ ու հետապնդումներ էին սկսվել, շատերին աշխատանքից ուղղակի ազատեցին:
- Ո՞ւմ են աշխատանքից ազատել, մի հատ նման հայտարարություններ անողներին, որ անընդհատ մեղադրում են մեզ, թող մի հատ այսօր հրապարակեն իրենց ցանկը՝ սկսած 80 հազարանոց կուսակցությունից մինչև 400 հազարանոց, մի հատ տեսնենք էդ պետական շռայլության մեջ իրենցից մարդ չկա՞: Եվ սա աբսուրդ մեղադրանք է այն կողմից, որոնք մեղադրելով Դաշնակցությանը՝ ասում են՝ որևէ դաշնակցական պետությանը չպետք է ծառայի, չլինի քաղծառայող, չլինի դիվանագետ, չլինի հայեցողական պաշտոնում: Սա նշանակում է՝ ընդդիմություն ասելով իրենք հասկանում են պետությանը, պետականությանը, ի վերջո, ժողովրդին ընդդիմություն: Մենք մերժում ենք այդ մոտեցումը, երբ ես քննադատում եմ իշխանությանը, ես իրեն դիտում եմ որպես իշխանություն, բայց ոչ որպես պետություն: Սա սկզբունքային տարբերություն է, և եթե այդ մարդիկ իսկապես չեն հասկանում, ուրեմն իրենք քաղաքականության մեջ անելիք չունեն: Իսկ եթե հասկանում են ու շարունակում են կանխամտածված այդ վարքագիծը, վտանգավոր է այդ մարդկանց երբևէ իշխանությունում տեսնելը, որովհետև նույն ձևով են շարժվելու, ինչ ձևով, որ այսօրվա իշխանություններն են շարժվում:
-Որոշում կա՞ Արա Նռանյանի մասին, անձնապես և նաև՝ կուսակցական:
- Տեսակետ, որ կուսակցությունը առանձին որոշում պետք է կայացնի, այդ մասով մենք հստակ քննարկում չենք ունեցել, բայց մենք դեմ չենք, չենք առարկում: Ավելին՝ մենք ինքներս ենք ասել միշտ. դաշնակցական կադրը, երբ անցնում է պետական ծառայության, նախ, ինքը դադարեցնում է ակտիվ կուսակցական գործունեությունը: Սա նշանակում է, որ ինքը ֆորմալ լինելով անգամ կուսակցության մեջ, ինքը կուսակցական գործունեությամբ չի զբաղվում: Իսկ Դաշնակցության մեջ կուսակցական գործունեությունը բավականին դժվար աշխատանք է ու պատասխանատու աշխատանք: Եվ երկրորդ. մենք միշտ ենք ասել, որ պետականության շահը, եթե պահանջում է, մենք կհամագործակցենք: Անգամ բերդերում փակված դաշնակցականների պարագայում կուսակցությունը համագործակցում էր այն ժամանակվա իշխանության հետ՝ հանուն պետության շահի: Սա մեր համոզումն է, մեր մոտեցումն է: Եվ նրանք, ովքեր մեզ կփորձեն այս հարցում մեղադրել, առնվազն պետք է չհասկանան, թե պետականության շահը որն է: Նույնն է, որ այսօր մեղադրեն, թե ինչու են Ազգային ժողովում, չէ՞ որ դա էլ է իշխանություն:
-Բայց դա ընտրովի մարմին է:
-Ի՞նչ կապ ունի:
-Այդ մանդատը տրվել է ժողովրդի քվեով, ոչ թե իշխանության նշանակմամբ: Հետո չմոռանան, որ անգամ տեսակետներ են հնչել, որ բոյկոտեք, դրեք մանդատները և այլն: Ես տարբերությունն եմ մատնանշում:
- Չկա որևէ տարբերություն: Այն, երբ ընդդիմադիր գործընկերները իշխանության հետ տարբեր հարցերում համագործակցում են, դա համագործակցություն չէ, երբ Դաշնակցությունը Սահմանադրության հարցով ասում է, որ մենք պաշտպանում ենք, դա համագործակցություն է դառնում: Սա մերժելի մոտեցում է: Ինչպես նաև այն, որ մեր անձով են պայմանավորում ողջ երկրի զարգացումը: Սա աբսուրդ է: Սա ոչ այլ ինչ է, քան բոլշևիկյան քաղաքականություն: Դասական բոլշևիկյան քաղաքականություն:
-Այսինքն՝ երկրի զարգացումը, այլ խոսքով ՝ փոփոխությունները, այլ խոսքով՝ իշխանափոխությունը պայմանավորում են մեկ անձով:
- Նաև դա, որ իրենց կարծիքով՝ դրական փոփոխությունները պայմանավորում են մեկ անձով ... դա բոլշևիկյան կլասիկ մոտեցում է:
-Խոսքը այսինքն՝ եռյակից ԲՀԿ-ի մասի՞ն է:
- Բոլոր նրանց, ովքեր այդ մոտեցումն են որդեգրել: Բոլորովին կարևոր չէ՝ միայն պառլամենտական ուժերն են, թե պառլամենտից դուրս էլ, դրանք տարբեր տեղերում կան: Կամ, երբ ասում են՝ դրամ-դոլար փոխարժեքը կայունացավ, որովհետև արտահերթ նիստ արեցինք և կոնկրետ կուսակցությունների անուններ են տալիս: Լավ, ամոթ է, չէ: Ես այն մարդկանցից, պատգամավորներից եմ, ովքեր օր ու գիշեր այդ հարցով զբաղվել են: Արտահերթ նիստը ոչ մի միայն գաղտնի տեղեկատվություն չի փոխանցել, այլ նաև արտահերթի հոգեբանական ազդեցությունը այնքանով է եղել, որքանով, որ հասարակությունը մտածեց, որ Ազգային ժողովն էր զբաղվում այդ հարցով: Եվ եթե մարդկանց թվում է, թե իրենց հայտարարություններով ու գործողություններով, հատկապես, նկատի ունեմ ոչ իշխանականներին, որ դրանցով կուրսը կայունացավ, դա նշանակում է, որ իրենք են մեղավոր, որ կուրսը տատանվում էր: Լավ, կարելի՞ է նման հայտարարություն անել: Փոխանակ բոլորով հասկանան, որ կան հարցեր, որ արդեն պետականությանն ես վնասում, այստեղ չի կարելի ընդդիմություն-իշխանություն խաղալ, այստեղ պետք է նստես սեղանի շուրջ, քննարկես և հասնես ելքի: «Ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքը տանում է ոչ մի տեղ: Մենք անցել ենք այդ ճանապարհը, և եթե մարդկանց թվում է, որ իրենք հայտնագործություններ են անում, ապա դա աբսուրդ է:
Մանրամասն՝ Tert.am-ում