Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ կարևոր է կառավարության ներկայացրած փաթեթն ամբողջականության մեջ դիտարկել, այդ թվում` պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքը վերատեսության ենթարկել, բայց տեսնում ենք, որ հապշտապությունը, ափալ-թափալ վիճակը մեր հարգարժան կառավարությունն ավելի է կարևորում, քան իրական, խորքային, մանրամասն և դեպի իրական արդյունավետություն գնացող փոփոխություններ իրականացնելը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:
-Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները և ուղարկեց Ազգային ժողով: Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա քննարկումը:
- Բացասական եմ գնահատում, որովհետև, ըստ էության, չհնչեցին հարցադրումներ, որոնք վերաբերում են այս կառուցվածքային փոփոխության նպատակայնությանը, հիմնավորվածությանը և արդյունավետության բարձրացմանը: Ավելին`օրենքի խախտումներով քննարկում տեղի ունեցավ, չներկայացվեցին նաև ազդեցության գնահատումները, այսինքն`այս փոփոխությունը ինչ ֆինանսական, սոցիալական և տնտեսական հետևանքներ է ունենալու, դրանց առավելությունը կամ արդյունավետությունը ինչ ձևով է չափվելու:
Երկրորդ`չներկայացվեցին նաև հանրային քննարկման ժամանակ հնչեցված մտահոգությունները: Ավելին` վարչապետի խոսքը, թե իբր հանրությունն ընկալել է այդ փոփոխությունները, բացարձակապես իրականության հետ կապ չունեն, որովհետև եթե e-draft նախագծերի էլեկտրոնային համակարգում տեսնում ենք, որ քվեարկողների 92%-ը դեմ է այս նախագծին, հետևաբար` խոսել այդ փոփոխության ընկալման և ընդունելի լինելու մասին համարում եմ տարօրինակ: Երրորդ` մենք հրապարակել էինք ու նաև Ազգային ժողովի համապատասխան խմբակցություններին և նախագահին ուղարկել մեր դիտողություններն ուը և առաջարկությունները, որոնցում մանրամասն գնահատական ենք տվել այդ փոփոխություններին, ինչպես նաև դրանց բացասական հետևանքներին`առաջարկելով այս փաթեթը հանել շրջանառությունից, մանրամասն քննարկել, որպեսզի յուրաքանչյուր նմանատիպ հարցի հստակ պատասխան տրվի: Անտեսվեց նաև սա, և համարում եմ, որ այս գործելաոճը հակասում է թե' իշխող ուժի կողմից հավանության արժանացած` կառավարության ծրագրին, թե' հանրային լայն քննարկումների, մասնագիտական լուրջ վերլուծությունների հիման վրա համապատասխան բարեփոխումներ իրականացնելու` նրանց արտահայտած քաղաքական կամքին:
-Իսկ ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող են ունենալ այս փոփոխությունները` նկատի առնելով թե՛ Սփյուռքի և մշակույթի նախարարությունների, թե՛ հանրային ծառայության համակարգում ընդգրկված աշխատակիցների վերաբերյալ մոտեցումները:
- Բնականաբար, Սփյուռքը տարակուսած է այս մոտեցումից: Գերակշիռ մասով անհասկանալի էին փոփոխությունների նպատակայնությունը և տրամադրվածությունը: Մենք վերահսատատում ենք այս մոտեցումը` Սփյուռքի նախարարության վերացումը և դրա վերակազմավորումը` վարչապետի աշխատակազմին միացման ձևով, ոչ միայն թուլացնում է Սփյուռքի քաղաքականությունը և ներգրավվածության հնարավորությունները, այլև ավելին`լրացուցիչ խոչընդոտ է ստեղծում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առավել արդյունավետ իրացման համար:
Սոցիալական տեսակետից` այս փոփոխությունները հանրային ծառայության համակարգում հանգեցնում են հսկայական սթրեսային վիճակի: Օրեր առաջ հրապարակվեց ներքին փաստաթուղթ, որը վերաբերում էր շուրջ 10.000 մարդու կրճատման: Իմ խորին հազմոմամբ` մեր կառավարության պատասխանատուները կա՛մ չեն գիտակցում, կա՛մ, գիտակցելով հանդերձ, չեն պատկերացնում, թե ինչ հետևանք է ունենում նման հայտարարությունը: Սա հանրային կառավարման, այսօրվա նման պետական կառավարման համակարգում հանգեցնելու է հսկայական բացասական դրսևորումների` սկսած նրանից, որ յուրաքանչյուր աշխատակից մտածում է` ինքն այս փոփոխությունների արդյունքում դուրս է մնալու աշխատանքից, ավարտած նրանով, որ նրանց աշխատանքն ընկալվելու է որպես ժամանակավոր երևույթ, հետևաբար` հանգեցնելու է ոչ արդյունավետ աշխատանքի: Սա հանրային կառավարման մեջ անթույլատրելի մոտեցում է: Չի կարելի չմշակված, խորությամբ չընկալված, չվերլուծված և կանխատեսելի չդարձող փոփոխությունները նման հապճեպությամբ առաջ տանել: Ես հույս ունեմ, որ մինչև կառավարության օրենսդրական նախաձեռնությունը պառլամենտում քննարկվելը իշխող քաղաքական ուժը և պառլամենտական ընդդիմադիր ուժերը գոնե մի պահ հնարավորություն կունենան բարձրաձայնելու առկա բոլոր մարտահրավերների և բացասական կողմերի մասին: Այսօրվա նիստում
հապճեպությունը և քննարկման որակը ցույց տվեցին նաև, որ այն անձինք, որոնք անմիջականորեն ներգրավված են այս ռեֆորմների մեջ, իրենք էլ չեն պատկերացնում`ինչ փոփոխություններ են լինելու: Պարզագույն օրինակը` երբ խոսում ենք մեր նախարարությունների գործառույթների մասին, արդեն իսկ հնչեցին տարակարծիք մոտեցումներ, ինչի մասին մենք մեր կարծիքում նշել ենք: Մշակույթի նախարարության` նման կարգով միաձուլումը կրթության և գիտության նախարարությանը խոսում է մշակութային քաղաքականության քաղաքական ըմբռնման բացակայության մասին: Մշակույթը ոլորտ է, որը կարող է էականորեն նպաստել մեզ մրցունակ պետություն դարձնելուն, մինչդեռ այս քաղաքականության արդյունքում մենք կորցնելու ենք նաև այդ հնարավորությունը:
Ուսումնասիրելով այլ գերատեսչությունների կարծիքները` պետք է արձանագրեմ, որ միակ նախարարությունը, որը դեմ է արտահայտվել այս միավորմանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է: Հետաքրքիր է, որ նրանք կարևորել են էներգետիկ անվտանգությունը` որպես մեր զարգացման, ազգային անվտանգության կարևորագույն բաղկացուցիչ: Գովելի է, որ նրանք առնվազն կարողացել են վեր կանգնել վարչական ենթակայության գաղափարական քաղաքականության տեսանկյունից և փորձել են օբյեկտիվորեն ներկայացնել իրենց տեսակետը: Ցավում եմ, որ մյուս գերատեսչությունների ղեկավարները չեն գտել իրենց մեջ այդքան կամք ու վճռականություն, որ գոնե արտահայտեն իրենց վերապահումները: Սա վերաբերում է գրեթե բոլորին: Ավելին`շատ կարևոր է այս փաթեթն ամբողջականության մեջ դիտել, այդ թվում`պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքը վերատեսության ենթարկել, բայց, ինչպես տեսնում ենք, հապշտապությունը, ափալ-թափալ վիճակնը մեր հարգարժան կառավարությունն ավելի է կարևորում, քան իրական, խորքային, մանրամասն և դեպի իրական արդյունավետություն գնացող փոփոխություններ իրականացնելը: