Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արծվիկ Մինասյանը այս պահին հարցաքննվում է ընդամենը վկայի կարգավիճակով՝ Yerkir.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը և բացառեց մամուլի հրապարակումները, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հարցաքննության է հրավիրվել այս շրջանում ծավալած քաղաքական գործունեության հետ կապված։
Նա տեղեկացրեց, որ Արծվիկ Մինասյանը հարցաքննվում է Երևան քաղաքի քննչական վարչության՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում 2017 թ-ին կատարված հանցագործության քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակում։
"Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ, ըստ քրեական գործի նյութերի, «Զվարթնոց» Ավիաօդերևութվաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում 19.06.2017թ. իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ թվով 6 երկաթյա բաշխիչ արկղ, ըստ հաշիվ-ապրանքագրի, ԱՁ-ից ձեռք է բերվել նախկին տնօրենի կողմից, որոնք պետք է տեղադրվեին «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղում, բայց չեն տեղադրվել և շահագործման չեն հանձնվել, սակայն, համաձայն կազմված բաշխման արկղերի տեղադրման և շահագործման ակտի, նշված բաշխման արկղերը Գյումրու «Շիրակ» օդանավակայանի թռիչքադաշտում տեղադրվել են և հանձնվել շահագործման:
Նշված ակտը վավերացվել է ընկերության կլոր կնիքով, նշված ժամանակահատվածում պաշտոնատար անձ հանդիսացող տնօրենի, ընկերության տեխնիկական սպասարկման ծառայության սարքավորումների սպասարկման բաժնի պետի և նույն բաժնի տեխնիկի ստորագրություններով:
Հետագայում ընկերությունում կատարված ներքին ստուգման արդյունքում պարզվել է նաև, որ հաշիվ-ապրանքագրով ընկերության տնօրենի կողմից ԱՁ-ից գնվել է թվով 14 խոնավաչափ և 15 ջերմաչափ, սակայն նշված ապրանքները չեն արտացոլվել ընկերության 2015-2016թթ. գույքային ցանկում, 2016թ. գույքագրման ցանկում և նախարարի հրամանի համաձայն ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված ընդունման-հանձնման գույքային ցանկում: Այսկերպ ընկերությանը պատճառվել է ընդհանուրը՝ 1.060.000 ՀՀ դրամի գույքային վնաս",-տեղեկացնում են ՔԿ-ից:
Եթե հարցաքննությունը կապ չունի Արծվիկ Մինասյանի քաղաքական գործունեության հետ, ապա ե՞րբ է նա ստացել հարցաքննության հրավիրվելու ծանուցումը՝ հարցին, Նաիրա Հարությունյանը դժվարացավ պատասխանել։
Yerkir.am-ը ևս հետևում է զարգացումներին և լրացուցիչ տեղեկություններ կհայտնի՝ հստակեցվելուն պես։
Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում սպառնացել էր իր հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր իրականացնող ՀՅԴ ՀԵՄ անդամների՝ նախարարություն տարած ստվարաթղթե արկղերը լցնել քրեական գործերով և հետ վերադարձնել։
Մինչ այդ Yerkir.am-ի հետ հարցազրույցում նա նաև քննադատել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի հանդեպ քաղաքական հետապնդումները։