Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Էս ամբողջ հիմնարկն իմն ա»,- Ոսկեվանի եկեղեցու առջև գոհ ժպտում է Նունուֆար Դավթյանը: 1803 թվականին կառուցված փայտյա եկեղեցին 100 տարի անց քարե դարձավ, 100 տարի անց էլ ՝ 2003-ին, վերակառուցվեց: Բարերարը գյուղի փեսա էր, ավելի կոնկրետ ՝ տիկին Նունուֆարի փեսան: Այսպես՝ «ծանոթի կարգով» էլ Սուրբ Գայանե եկեղեցու հսկիչ նշանակվեց Նունուֆար Դավթյանը: Տիրություն է անում նաև հարևանությամբ կառուցված մարզասրահին: «Զարգանում ենք»,- կեսժպիտ սկսում է տիկին Նունուֆարը, հետո արագ անցնում սահմանամերձ Ոսկեվանի առօրյային. «Կրակոցը վեր լի վեչ, լավը կլի, արդեն ամպը գոռալուցն էլ եմ վախըմ»: Գնդակոծության ժամանակ եկեղեցու հսկիչը, որ մկրտված էլ չէ, դիմում է փոքրիկ խորամանկության՝ ականջից արագ հեռացնում է չլսողների համար նախատեսված սարքը. «Անջակս հանըմ եմ, կրակոցը մանամ վեչ»: Լավ լսողներն էլ 20-25 տարում սովորել են` կյանք է սահմանի վրա:
Գյուղը հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 1,5 կիլոմետրի վրա է: Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը պաշտոնաթող զինվորական է, կրակոցները «բանի տեղ չդնելը» թվերով է ապացուցում` գյուղն ունի 407 ծուխ, բոլորը տեղում են, այս տարի էլ 21 փոքրիկ է ծնվել, աննախադեպ թիվ է վերջին տարիների համար: Դպրոց-մանկապարտեզ ՝ նորոգված են, համայնքային կենտրոնի ու ամբուլատորիայի շենքերը ՝ ընթացքի մեջ: Գյուղապետ Ալեքսանյանը հատուկ անդրադառնում է փոքրիկ արտադրության հիմնման ծրագրին, որ սկսել է «Սլովակ» ՍՊԸ-ն: Ոսկեվանցիների աճեցրած մրգերից ու հատապտուղներից օղի կթորեն: Խոստացել են մեկ տարում 300 հազար եվրոյի ներդրում անել, 30 ոսկեվանցու էլ գործի ընդունել: Ոգելիցի այս արտադրության համար գյուղապետարանը հին մանկապարտեզի շենքն է հատկացրել ՝ ուղիղ ադրբեջանական դիրքերին է նայում: Դիրքերը «չտեսնելու են տալիս» ոչ միայն սլովակները. գյուղը 300 հեկտար վարելահող ունի, մեկ սանտիմետր անգամ անմշակ չէ: Ոսկեվանն էլ ամռանն ակտիվացած կրակոցների թիրախում էր` փոքրիկներին գյուղից հանեցին, տներ վնասվեցին: Տուժած ընտանիքները վնասի փոխհատուցման գումարն արդեն ստացել են, փոքրիկներն էլ վերադարձել են գյուղ:
Ոսկեվանի թիկունքին հռչակավոր խաչն է, որ ամենաբարձր կետից՝ իր 12 մետր բարձրությամբ ու թևերի 8 մետրանոց բացվածքով, հսկում է հայտարարված, բայց շատ խարխուլ խաղաղությունը: Ոսկեվանի խաչը նաև հարևան ադրբեջանական գյուղերի տեսադաշտում է: Սերյոժա Աբրահամյանը ցավում է ՝ ձևական հայտարարված հրադադարը միայն խորացրել է հարևանի հետ հակամարտությունը: Մինչև 2000 թվականը սահմանային հողերը Ղուշչի Այրումի հետ համատեղ էին մշակում: Հիմա այդ մասին մտածելը նախկին զինվորականին մի չլսված արկածախնդրություն է թվում: Հենց հռչակված խաղաղության շրջանում Ոսկեվանը հերթական զոհն ունեցավ ՝ ադրբեջանական դիրքերից արձակված գնդակը ուղիղ երիտասարդ զինծառայողի զարկերակին դիպավ: Գյուղում տղաներ կան, հայրերի անունն են կրում` Սաղաթել, Յուրա, ծնվել են նրանց մահից հետո: Սերյոժա Ալեքսանյանը չգիտի` «եր՞բ կմարսվի այս ամենը …»: