կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-17 18:49
Առանց Կատեգորիա

Արթուր Ջավադյանի հայտնագործությունը

Արթուր Ջավադյանի հայտնագործությունը

Կենտրոնական բանկի նախագահի մամուլի ասուլիսից ակնկալիքները մեծ էին, բայց հիասթափությունը մեծ եղավ, հատկապես` երբ պարզվեց, որ Արթուր Ջավադյանը հավաքել է բոլոր լրագրողներին, որ ասի` դոլարը գերարժեւորված է, ինչի պատճառը խուճապն է, որն էլ ստեղծել ենք մենք` լրագրողները, արդար եւ սպեկուլյանտ քաղաքացիները: Մի խոսքով` Արթուր Ջավադյանը հստակ ասում է` ի՞նչ եք խառնվել իրար, ամեն ինչ լավ է լինելու, ու երբ խուճապը վերանա, այդ ժամանակ էլ կասի, թե դրամը ինչ չափով կարժեւորվի:

 

Հիմա` խուճապի մասին, որ տարածվել է հանրության շրջանում: Առաջարկում ենք Կենտրոնական բանկին` փակել տալ բոլոր այն լրատվամիջոցները, որոնք խուճապ են ստեղծում, և պահել բացառապես «Հայաստանի Հանրապետություն» թերթը, Հանրային հեռուստաընկերությունը և մի քանի իշխանական հեռուստաընկերություններ: Այդ կերպ քաղաքացիները գոնե հեռու կլինեն իրականությունից ու կպատկերացնեն, որ այս օրերին Հայաստանում ամեն ինչ լավ է, որևէ խնդիր չկա: Բայց այս դեպքում էլ մեծ է ռիսկը, որ քաղաքացին, ով երկար ժամանակ ապրել է ձեր ներկայացրած Հայաստանում և անտեղյակ է գերթանկացումներից, անակնկալի գալով, սրտի կաթված ստանա:

 

Պարոն Ջավադյանը, հավանաբար, տեղյակ չէ, որ քաղաքացին խուճապի մեջ է ընկնում, երբ հայտնաբերում է, որ ձեթը թանկացել է 300 դրամով, ալյուրը` 200 դրամով, շաքարավազը` 100 դրամով, ոչնչի հետ կապ չունեցող ձուն` մինչև 30 դրամով: Քաղաքացին խուճապահար է լինում նաև այն բանից, որ Ռուսաստանում մի ամբողջ տարի աշխատելուց հետո գալիս է Հայաստան, մանրում իր ռուբլին և հասկանում, որ ամբողջ տարին անվճար է աշխատել: Քաղաքացին խուճապահար է լինում, երբ դրամն արդեն 50 տոկոսով արժեզրկվել է, իսկ իշխանությունը մինչ օրս որևէ խելամիտ պատասխան չի տալիս: Քաղաքացին խուճապահար է լինում այն մտքից, որ իրեն փորձում են խաբել, երբ անզեն աչքով տեսնում է, որ բանկերն իրեն դոլար չեն վաճառում, իսկ Կենտրոնական բանկն ասում է, որ այդ բանկերը միշտ էլ միայն իրենց հաճախորդներին են դոլար վաճառել:

 

Քաղաքացին տեսնում է, որ Կենտրոնական բանկը չգիտի` ինչ անի` մի քանի օր առաջ որդեգրել էր նոր քաղաքականություն և պետք է մինչև տարեվերջ շուկայում դոլար վաճառեր, իսկ այսօր հրաժարվում է այդ մտքից և թողնում է, որ շուկան ինքն իրեն կարգավորվի: Խուճապը ստեղծում է իշխանությունը, քանի որ անդադար կրկնում է, որ սպեկուլյանտներն արհեստականորեն թանկացնում են դոլարը, իսկ արդեն 1 ամիս է` ոչ մի սպեկուլյացիոն գործարք չի բացահայտվել:

 

Զարմանալի էր նաև Արթուր Ջավադյանի այն հայտարարությունը, որ իրենք չեն կարող վերահսկել փոքր խանութներում տեղի ունեցող թանկացումները: Ի գիտություն` 10-ից ավելի մասնաճյուղեր ունեցող «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Կրպակ» սուպերմարկետները փոքրիկ խանութներ չեն, այլ  առևտրի հսկա կենտրոններ, որտեղ վաճառողները չեն հասցնում փոխել գնապիտակները:

 

Այս ամենը նույնպես մեզ` քաղաքացիներիս, խուճապի մեջ է գցում, և բնականաբար, մենք ոչ թե խուճապահար, այլ սարսափահար ենք եղել ու ամենևին մազոխիստ չենք, որ մեզ այդ վիճակի մեջ գցենք: Մեզանից մի մասն էլ սարսափահար է եղել այն մտքից, որ առջևում Ամանոր է, իսկ իրենք գումար չունեն, որ անգամ «հազար» տոկոսանոց թանկացման դեպքում առևտրի սայլակները տրաքելու չափ լցնեն, սեղաններն անսահման ուտելիքներով ծանրացնեն ու այդ ամենը` հարևանի աչքը ծակելու համար: Մյուս մասն էլ սարսափահար է լինում այն փաստից, որ երբ ամեն ինչ օր օրի թանկանում է, կյանքը դժվարանում է, ու քաղաքացին սպասում է որևէ ադեկվատ քայլ իշխանությունից, իրեն հանկարծ ասում են, որ ստեղծված վիճակի միակ մեղավորն ինքն է:

 

Գեւորգ Խաչատրյան