կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-19 19:51
Քաղաքական

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» հայտարարեցին, որ չեն մասնակցելու Ջավադյանի թեկնածության քվեարկությանը

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» հայտարարեցին, որ չեն մասնակցելու Ջավադյանի թեկնածության քվեարկությանը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ Կենտրոնական բանկն այսօր ավելի շատ քաղաքական մարմին է, քան տնտեսական: ԱԺ նիստում դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին` նա ասաց, որ ԿԲ յուրաքանչյուր քայլ պետք է պրոֆեսիոնալ լինի, ոչ թե քաղաքական հոտ գա ամեն ինչից:


«Դուք մտել եք քաղաքական դաշտ և քաղաքական շեշտադրումներ եք անում: Բարեկամական խորհուրդ` մի' մտեք քաղաքական դաշտ, առավել ևս, որ առաջիկայում կուտակայինի մասով քննարկումներ են լինելու, փոփոխություններ են լինելու»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:


Նա նաև նշեց, որ ԿԲ-ն ուղղորդում է տնտեսությունը, ուստի «Ժառանգությունը» չի մասնակցելու ԿԲ նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության քվեարկությանը:


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ վերջին տարիներին ԿԲ-ի վարած դրամավարկային քաղաքականությունն ուղղված չի եղել տնտեսական աճին: «Ո՞նց կարող է երկիրը ինքնուրույն գնալ իր դրամի արհեստական արժևորմանը, դա անհասկանալի է: Բայց երևույթը բացվում է, երբ դիտարկում են բիզնես միջավայրը, երբ բարգավաճում են մի քանի մենաշնորհների տերեր, իսկ ձեռնարկատիրական դասն արտագաղթում է, և հաջողության հասնելով արտերկրում՝ տրանսֆերտներ է ուղարկում Հայաստան, որի արդյունքում էլ ձևավորվում է գնողունակությունը»,- ասաց նա: Լևոն Զուրաբյանը հավելեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու ԿԲ նախագահի պաշտոնում  Ջավադյանի թեկնածության քվեարկությանը:


ԲՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրությանը, որովհետև ունի լուրջ վերապահումներ ԿԲ գործունեության վերաբերյալ:

 

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, որ ՕԵԿ-ը ազատ է քվեարկելու, իսկ ՀՅԴ խմբակցությունը չհասցրեց արտահայտել իր դիրքորոշումը, քանի որ նիստն ավարտվեց: