կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-16 16:57
Առանց Կատեգորիա

Դոլարային «բեսպրեդել», կամ ինչու ռուբլին Հայաստանում փոփոխության չի ենթարկվում

Դոլարային «բեսպրեդել», կամ ինչու ռուբլին Հայաստանում փոփոխության չի ենթարկվում

Այսօր Հայաստանում 500 դոլար գնելու համար նախ պետք է տվյալ բանկի հաճախորդ լինես, հետո` ներկայացնես անձնագիր, հետո` բանկի աշխատակցուհին պետք է զանգահարի «վերևները», թույլտվություն ստանա, եւ այդքանից հետո նոր կորոշեն` արդյո՞ք դու կարող ես դասվել այն ընտրյալների շարքը, որոնց բախտ է վիճակվել շոշափել դոլարի թղթադրամները:

 

Դոլարի չափից շատ թանկացումն այսօր ստիպել է մեր քաղաքացիներին վերանայել իրենց երազանքները, քանի որ դոլար ձեռք բերելը այսօր շատերի համար, իրոք, երազանք է: Այդ իսկ պատճառով կապ չունի` դոլարն արժե 525 դրամ, թե` 10.000, միևնույն է` այն քեզ չեն վաճառի, կամ էլ յուրաքանչյուր անգամ պետք է անցնել վերը նշված ընթացակարգերը:

 

Այս տարվա «փափուկ բարձերը», որ իշխանական ապարատը փորձում է դնել մեր գլխի տակ, ոչնչով չի տարբերվում 2009-ի «փափուկ բարձից»: Կենտրոնական բանկը վստահեցնում է` ամեն ինչ լավ է լինելու, մի քիչ էլ համբերեք, իսկ այդ ընթացքում ինքը չգիտես` որտեղ և չգիտես` ում դոլարներ է վաճառում` դրամի արժեզրկումը կանխելու համար: Ինչո՞ւ չգիտես` որտեղ, քանի որ դոլար վաճառելու միակ տեղը Հայաստանում NASDAQ OMX-ն է, որտեղ, սակայն, Կենտրոնական բանկը դոլարի վաճառք չի իրականացնում, իսկ ահա այդ վաճառած դոլարներն էլ ոչ բոլոր բանկերին է բաժին հասնում:

 

Որոշ բանկեր հայտնվել են նույն կարգավիճակում, ինչ հասարակ քաղաքացիները` նրանց նույնպես վիճակված չէ լինել ընտրյալների ցուցակում: Հայաստանում մինչ այս միայն արտագաղթն էր լինում ահագնացող չափերի, իսկ այս պահին` նաև ֆինանսական շուկայում ստեղծված խուճապը:


Փոխանակման փոքր կետերը դոլար չեն վաճառում, բանկերը հատուկ ընթացակարգեր են սահմանել, անհատները դոլարը վաճառում են մինչև 600 դրամով, բանկերը վարկեր չեն տրամադրում: Այս ամենի պատճառով թանկացումները հասել են մարդկանց կոկորդներին և այս տարվա ամանորյա սեղանների ամենաճոխ ուտեստը հավակնում է դառնալ կանադական նրբերշիկը:

 

Այսքանից հետո, երբ Կենտրոնական բանկից սպասում ես որևէ լուրջ նորություն, անչափելի հիասթափվում ես, երբ գլխավոր ֆինանսական կառույցի կայքի առաջին էջում հանդիպում ես ինչ-որ բույսի մասին տեղեկության. «Գալանտուս Արտյուշենկոյի` բույսը կարճ ցողունով (23-35 սմ), սպիտակ, երբեմն բաց դեղնագույն հրապուրիչ ծաղիկներով և բաց կանաչ տերևներով է, ծաղկում է մարտին` ձյան միջից: Հանդիպում է Հայաստանի հարավային և հյուսիսային շրջաններում` կաղնու, բոխու և հաճարենու անտառներում, ցածր և միջին լեռնային գոտիներում»:

 

Այս ամենը կարդալուց հետո հասկանում ես, որ կա'մ իշխանությունը կորցրել է իրականության զգացումը, կա'մ Կենտրոնական բանկը ժողովրդին սթրեսից դուրս բերելու մեթոդներ է մշակում: Սակայն բաց դեղնագույն, հրապուրիչ ծաղիկները լավագույն գործիքը չեն դրամի արժեզրկման դեմ պայքարում: Դոլարն այսօր արդեն վաճառվում է 535 դրամով, զարմանալի է նաև, որ ռուբլու կուրսը Հայաստանում արդեն երկու շաբաթ է` որևէ էական փոփոխության չի ենթարկվում, այնինչ այս ամբողջ խառնաշփոթը հենց ռուբլու պատճառով է:

 

Ռուբլին Ռուսաստանում օր օրի արժեզրկվում է, իսկ մեզ մոտ այն որևէ փոփոխության չի ենթարկվում: Տպավորություն է, որ մեր ազգային արժույթը ոչ թե դրամն է, այլ ռուբլին, ու Կենտրոնական բանկը դրամի արժեզրկումը կանխելու փոխարեն պայքարում է ռուբլու արժեզրկման դեմ: Չար լեզուները ասում են, որ Կենտրոնական բանկն այդ դոլարները վաճառելիս դրամի փոխարեն ռուբլի է ձեռք բերում:

 

Մեզ մոտ արդեն դեժավյու է` 2009-ին էլ մեզ ասում էին, որ համաշխարհային տնտեսությունում ստեղծված վիճակը կշրջանցի մեզ, նույն սցենարն է կրկնվում հիմա:

 

Դրամի` արդեն 30 տոկոս արժեզրկումը, տարբեր ապրանքների` մինչև 80 տոկոս թանկացումը վկայում են, որ մեզ ոչ մի տնտեսական վիճակ էլ չի շրջանցել, ու մենք արդեն մեկ ամիս է, ինչ ընկղմվել ենք խոր ճգնաժամի մեջ: Հետաքրքիր է նաև, որ մենք դա վաղուց գիտակցել ենք, իսկ իշխանությունը` դեռ ոչ: Նրանք դեռ միմյանց հետ «բազար» են անում, թե Հայաստանում եղած դոլարը ինչպես իրար մեջ բաժանեն կամ ինչ ճանապարհով այդ դոլարը Հայաստանից փախցնեն:

 

Եվ դրամի արժեզրկումն արդեն պայմանավորված չէ համաշխարհային տնտեսության վիճակով: Խնդիրը զուտ տեղական է, և դոլարը կկայունանա միայն այն ժամանակ, երբ շատերը հագեցնեն իրենց դոլարային քաղցը: Իսկ հաշվի առնելով,  որ առջևում ախորժաբեր Ամանորն է, այնուհետև` հետտոնական մարսելու ժամանակաշրջանը, դոլարի կայունացմանը դեռ երկար պիտի սպասենք:

 

Ի դեպ, այսօր լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կանխատեսման ժամկետը: Հիշեցնենք, որ վարչապետը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ դոլարը կկայունանա մինչև այս երեքշաբթի օրը:

 

Գեւորգ Խաչատրյան