Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու օր առաջ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու սպասավորների և մկրտության արարողության մասնակիցների վրա խմբային հարձակումն ու նրանց ծեծի ենթարկելը հայկական միջավայրում ակնհայտորեն քաղաքականացվում է: Ընդ որում` դա արվում է առաջին հերթին Սուրբ Էջմիածնի, Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի, ինչպես նաև վիրահայ որոշ կազմակերպությունների կողմից:
Միջադեպից անմիջապես հետո Վիրահայ թեմը հայտարարություն տարածեց, որում, մանրամասնորեն ներկայացնելով կատարվածը, այն որակում է որպես կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործություն և պահանջում Վրաստանի իրավապահ մարմիններից գործը քննել որպես այդպիսին: Հիմնվելով այս որակման վրա՝ իր հերթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որում, խորը մտահոգություն արտահայտելով կատարվածի առնչությամբ, այն որակում է «ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող գործողություն» և եզրակացնում. «Սադրիչ սույն ոտնձգությունը ցավալի հետևանք է վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների և անհատների, այդ թվում՝ վրաց որոշ հոգևորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների»: Հետևելով Առաքելական եկեղեցու նման գնահատականներին, գուցե նաև առաջնորդվելով դրանցով՝ միջադեպի կապակցությամբ հայտարարություն տարածեց նաև «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ, 2009թ. վրացական դատաանի կողմից 10 տարվա ազատազրկման դատապարտված և 2013թ. համաներմամբ ազատ արձակված Վահագն Չախալյանը` կոչ ուղղելով Վրաստանի իրավապահ եւ քաղաքական մարմիններին «Վրաստանում ազգային եւ կրոնական բաղադրիչ պարունակող ցանկացած պառակտում կանխելու նպատակով ՝ անհապաղ բացահայտել, հրապարակել կրոնական եւ ազգային հողի վրա իրականացված հանցագործության կազմակերպողների եւ մասնակիցների ինքնությունը եւ օրենքի ամենայն խստությամբ նրանց ենթարկել պատասխանատվության»:
Այս բոլոր գնահատականներում կարմիր թելի նման անցնում է միջադեպը կրոնական, էթնիկական անհանդուրժողականության և ազգային ատելության դրսևորում ներկայացնելու հստակ միտումը: Այս դիրքորոշումը, սակայն, հիմնավորվում է ընդամենը Սուրբ Էջմիածին եկեղեցու սպասավորների և ներկաների ստացած տպավորություններով, որոնք էլ, թերևս, ձևավորվել են հարձակում կատարած խմբի անդամների թույլ տված հայհոյախառն բացականչություններից: Սակայն ինքնին միջադեպը, ըստ էության, ծագել է ինչ-որ կնոջ կողմից ավտոմեքենան եկեղեցուն հարող տարածքում կայանելու հետ կապված խնդրից, հետո ծավալվել «մի կաթիլ մեղրի» տիպիկ սցենարով: Գոնե առաջին տպավորությամբ սա խոսում է ոչ թե կրոնական, էթնիկական շարժառիթների, այլ խուլիգանության մասին, թեև առաջին տպավորությունն իսկապես կարող է խաբուսիկ լինել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արդեն պարզաբանում է տարածել, որ միջադեպը միջէթնիկական բնույթ չունի` հղում կատարելով հենց այն հանգամանքին, որ դիմակայությունը տեղի է ունեցել փողոցում` ավտոմեքենայի կայանման պատճառով: Արդյունքում քրեական գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով`ծեծի ենթարկելու հատկանիշներով: Ոստիկանության նման որակումը որոշ իմաստով խնդրահարույց է, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե շարքային ինչ-որ ծեծի, այլ ողջ օրվա ընթացքում ծավալված իրադարձությունների և խմբակային հարձակման հետևանքով առաջացած ծեծկռտուքի, ինչը հստակորեն խոսում է հարձակման կազմակերպվածության մասին: Այսինքն՝ այստեղ ակնհայտորեն անտեսվում է խուլգանության տարրը: Բայց դա կարող է պայմանավորված լինել ոստիկանության կողմից ծեծկռտուքի և դրա արդյունքում տուժողների առկայության փաստի արձանագրման հանգամանքով, ինչը չի նշանակում, թե գործի քննության ընթացքում միջադեպը, դրա ընթացքում խմբի գործողությունները չեն կարող չվերաորակվել: Էականն այստեղ ոչ թե այդ խմբի անդամների կողմից արված արտահայտություններն են, որոնք կարող են նաև ռասիստական տարրեր պարունակել, այլ ինքնին հարձակման մոտիվների բացահայտումը: Այսինքն՝ նախ անհրաժեշտ է հասկանալ՝ այդ մարդիկ ովքե՞ր էին և ինչո՞ւ էին դիմել նման քայլի, արդյոք սա կազմակերպված սադրա՞նք էր` հրահրելու համար միջէթնիկական բախումներ Վրաստանում և ապակայունացնելու համար թե՛ այդ երկիրը և թե՛ տարածաշրջանը, թե՞ սա մի քանի տաքգլուխ երիտասարդների հերթական խուլիգանությունն էր: Արդյոք նրանք հարձակվում էին ոչ ուղղափառ եկեղեցու և նրա սպասավորների՞, ծագումով էթնիկ հայերի՞ վրա, թե՞ սա մի քանի թափթփուկների կողմից իրենց ընկերուհու «թասիբը» պաշտպանելու տրիվիալ նպատակ ուներ: Բայց սա ոչ թե առանց ամուր փաստերի կանխակալ եզրակացություններ անելու, այլ քրգործի ընթացքը վերահսկողության տակ պահելու անհրաժեշտություն է առաջացնում, որովհետև էմոցիոնալ գնահատականներ հնչեցնելուց առաջ նախ պետք է մտածել դրանց պատճառահետևանքային կապերի մասին:
Տարիներ շարունակ Վրաստանում հասարակական-քաղաքական մակարդակով ծավալվել է հայահայկական քարոզչություն, որն ուղեկցվել է հայկական հոգևոր, մշակութային ժառանգության նկատմամբ ագրեսիվ հավակնություններով: Սակայն այդ երկրում նոր իշխանության ձևավորումից հետո իրավիճակը բավականաչափ մեղմվել էր` վարվող ներքին էթնիկական՝ քիչ, թե շատ հավասարակշռված քաղաքականության պատճառով: Եվ թե՛ այս միջադեպը, թե՛ դրան հայկական կողմից տրվող ժամանակավրեպ էմոցիոնալ որակումներն ու գնահատականներն առաջին հերթին ուղղված են այդ հավասարակշռության խախտմանը: Հարց է առաջանում` որքանո՞վ է սա բխում Վրաստանի շահերից և հայ-վրացական՝ քիչ, թե շատ կայուն հարաբերություններից: Պատասխանը կարող է տալ միայն քրեական գործի ընթացքը: Եթե Վրաստանի համար իր ներքին կայունությունը, անվտանգությունն իսկապես առաջին պլանում է, ապա Թբիլիսին, առավել քան որևէ մեկը, պետք է շահագրգռված լինի միջադեպի ամբողջական և օբյեկտիվ բացահայտման և մեղավորներին ու հանցագործներին պատժելու հարցում: Հակառակ պարագայում այն կարող է ինքնաբերաբար մղվել ներհասարակական և միջէթնիկական բևեռացման մի այնպիսի հանգրվանում, որը հեշտությամբ կարող է երկիրը վերածել նոր Ուկրաինայի: Եվ այստեղ որևէ նշանակություն չունի` դա արվում է որևէ երրորդ կողմի, երրորդ պետության գործակալների՞ ձեռքերով, թե՞ սեփական, շատ դեպքերում անպատիժ մնացող ազգայնականների ու կրոնամոլների: Կարևորն այն է, որ դա տեղի չունենա հայկական տարրի ձեռքերով և նրան գործիք դարձնելու միջոցով, մանավանդ՝ դա ուղղակիորեն հարվածելու է հենց Հայաստանի դիրքերին ու շահերին:
Գևորգ Դարբինյան