կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-09-09 17:20
Առանց Կատեգորիա

Այս ռուբլին ձեր իմացած ռուբլին չէ

Այս ռուբլին ձեր իմացած ռուբլին չէ

Բելառուսի Գրոդնո քաղաքում կայացած` ԵՏՄ երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է «ռազմավարական ապրանքների առեւտրում անցում կատարել ռուբլիով հաշվարկին` հրաժարվելով դոլարից»: Նման մոտեցումը, ըստ մեր վարչապետի, կվերացնի ԵՏՄ շուկայի կախվածությունը դոլարից:

Վարչապետի այս հայտարարությունից հետո Հայաստանում շատերը սկսեցին պատրաստվել ռուբլին` որպես պետական արժույթ ընդունելուն` վստահ լինելով, որ շուտով հայրենական դրամը փոխվելու է ռուսական ռուբլու, եւ, օրինակ, մեր խանութներից հացն ու պանիրն արդեն գնելու ենք ռուբլիով:

Իրականում, ճիշտ է` հացն ու պանիրը եւս, կարելի է ասել, ռազմավարական ապրանքներ են, բայց Հովիկ Աբրահամյանն, առհասարա, այդ մասին չէ, որ խոսել է: Խոսել է նախ` ոչ թե ներքին շրջանառության, ազգային արժույթները ռուբլիով փոխարինելու մասին, այլ ԵՏՄ երկրների միջեւ արտաքին առեւտրի մասին, այն էլ` ոչ թե բոլոր ապրանքների, այլ բացառապես ռազմավարական նշանակություն ունեցողների: Այսինքն` եթե Հայաստանը Բելառուսին, ենթադրենք, ծիրան է վաճառում, Բելառուսը դրա համար շարունակելու է վճարել դոլարով /քանի որ ծիրանը, չնայած համեղ է, բայց ռազմավարական ապրանք չէ/: Բայց, երբ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում, այ, այդտեղ եւ հիմնականում այդտեղ Հովիկ Աբրահամյանն առաջարկում է անցնել ռուբլիով հաշվարկի: Ի՞նչ է սա նշանակում: Այն, որ եթե, օրինակ Հայաստանը, ըստ թարմացված համաձայնագրի, ռուսական գազը գնում է 165 դոլարով, ապա նման որոշում կայացնելուց հետո /ռուբլիին անցնելուց հետո/ Հայաստանը գազի դիմաց Ռուսաստանին կվճարի այս պահին 165 դոլարին համարժեք ռուբլի: Ընդ որում` եթե վաղը դոլար-ռուբլի կուրսը փոխվի` հօգուտ դոլարի, ապա Հայաստանը կշարունակի Ռուսաստանին վճարել նույնքան ռուբլի, որքան այսօր, քանի որ հաշվարկ ռուբլիով է:

Սա ընդամենը ռազմավարական ապրանքի առեւտրի օրինակ է: Կնշանակի Հովիկ Աբրահամյանը կոնկրետ մեզ համար բավական ձեռնտու առաջարկով է հանդես եկել, այլ հարց է, թե որքանո՞վ այդ առաջարկը կարժանանա ԵՏՄ գործընկերների, կոնկրետ եւ հատկապես` Ռուսաստանի հավանությանը: Նշենք, որ Ռուսաստանին իր գազը ռուբլիով վաճառելը բոլորովին ձեռնտու չէ, որովհետեւ գազի գինը բարձրացնելու հիմքերից Մոսկվան կզրկվի /այդ հիմքը մինչեւ այսօր եղել է դոլարի կուրսի բարձրացումը ռուբլու նկատմամբ/: Հետեւաբար, Հովիկ Աբրահամյանի այս առաջարկությունը, ամենայն հավանականությամբ, չի ընդունվելու ԵՏՄ-ում, համենայն դեպս` առայժմ:

Իսկ թե ինչո՞ւ այն չի ընդունվում, Հայաստանում չգիտենք, ավելի ճիշտ` գիտենք: Բանն այն է, որ շատերն այստեղ հրաշալի հասկանում են, որ դա ուղղակի հրաշալի կլինի Հայաստանի համար, բայց չեն խոստովանում, քանի որ այդպես իրենք կհամաձայնեն վարչապետի հետ, ինչը հայրենի քաղաքական դաշտում ամոթ է, խարանի պես մի բան:

Հովիկ Աֆյան