կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-24 17:35
Տնտեսական

Հայաստանում դոլարային խուճապ է

Հայաստանում դոլարային խուճապ է

Ամանորի շեմին Հայաստանում դարձյալ դոլարային խուճապ է: Հետաքրքիր է, որ դոլարի կտրուկ արժեւորման և դեֆիցիտի հիմնական պատճառ է համարվում սեզոնայնությունը, սակայն այս տարի դոլարի արժեւորման, ինչպես նաև դեֆիցիտի վրա ազդել է նաև Ռուսաստանում ստեղծված տնտեսական տխուր վիճակը:

 

Ռուսաստանի պատճառով Հայաստանում տնտեսական երեք կարևոր գործոններ, որոնց միջոցով մեր երկիրն ապահովվում է դոլարով, թերի են գործում: Առաջին հիմնական պատճառը, իհարկե, տրանսֆերտների, ինչպես նաև արտահանման աճի տեմպի դանդաղումն է: Հաջորդ պատճառն էլ ներդրումային դաշտի գրեթե դատարկ վիճակն է: Ահա հենց այս համալիր խնդիրների հետևանքով է, որ մեր միջազգային պահուստները, տարեսկզբի համեմատ, նվազել են մոտավորապես 600 միլիոն դոլարով: Այսքան գումար ԿԲ-ն օգտագործել է ինտերվենցիաների վրա` փորձելով կայունացնել դրամի վիճակը` արժեւորելով այն: Միջազգային պահուստների նվազման խնդրին Yerkir.am-ն արդեն անդրադարձել է:

 

Այսօր, նոյեմբերի 23-ի համեմատ, դոլարի առքի գինն աճել է 3 դրամ 81 լումայով, իսկ վաճառքինը` 4 դրամ 46 լումայով` կազմելով, համապատասխանաբար, 433 և 439 դրամ: Բանկերն ու փոխանակման կետերը սպասողական վիճակում են, ինչի մասին է վկայում առքի և վաճառքի գների զգալի տարբերությունը, որը վերջին շրջանում անբնական է դոլարի համար: Որքան մարժան ավելանում է, այնքան մեծանում են անկայունության վերաբերյալ սպասումները տնտեսությունում, իսկ մարժայի փոքր լինելը նշանակում է, որ ֆինանսական շուկան հանգիստ վիճակում է:

 

Այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում պարզում ենք, որ այսօրվա դրությամբ ամենահոռետեսը «Արցախ» բանկն է, քանի որ դոլարի առքի ու վաճառքի տարբերությունն այնտեղ կազմում է 13 դրամ, երկրորդ տեղում են ռուսական ՎՏԲ-ն, «Արդշինինվեստբանկը» և «Հայբիզնեսբանկը»` տարբերությունը` 9 դրամ:

 

Դոլարի դեֆիցիտի խնդիրն առավել վառ ընդգծվում է արտարժույթի փոխանակման փոքր կետերում: Ըստ տեղեկությունների` բազմաթիվ փոխանակման կետեր հրաժարվում են դոլար վաճառելուց: Սա արդեն ոչ թե սպասումների, այլ խուճապի նշան է: Իսկ այն հարցին, թե իրավունք ունե՞ն բանկերն ու փոխանակման կետերը դոլար չվաճառել, կա շատ պարզ պատասխան` այո: Ինչպես խանութում կարող է վերջանալ ծխախոտը, այնպես էլ փոխանակման կետում` դոլարը:

 

Սպասողական վիճակը շուկայում կշարունակվի այնքան ժամանակ, որքան կշարունակվի ռուսական ճգնաժամը, իսկ մինչ այդ Հայաստանում դոլարային բիզնեսը կգործի իր կանոններով և հետևյալ տրամաբանությամբ` իմ ապրանքն է, կուզեմ` կվաճառեմ, կուզեմ` ոչ:

 

Գևորգ Խաչատրյան