կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-16 16:50
Իրավական

Դատարանն ապօրինաբար պահում է ամբաստանյալի անձնագիրն ու այլ իրեր

Դատարանն ապօրինաբար պահում է ամբաստանյալի անձնագիրն ու այլ իրեր

Նախաքննական մարմինը, իսկ այնուհետև դատարանն ապօրինաբար իրենց մոտ են պահում «Բանդա 2-ի» գործով ամբաստանյալ Գոհար Գաբրիելյանի անձնագիրն ու այլ իրեր, որոնք արգելանքի տակ չեն վերցվել և ոչ էլ իրեղեն ապացույց են ճանաչվել: Իսկ ամբաստանյալի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրված է ստորագրությունը չհեռանալու մասին: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած այսօրվա դատական նիստում այս մասին հայտարարեց Գոհարի փաստաբան Մուշեղ Շուշանյանը և միջնորդեց դատարանին` վերադարձնել դրանք իր պաշտպանյալին:

 

Գործի քննող դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ ամբաստանյալի անձնագիրը երկշաբաթյա ժամկետում կվերադարձվի, իսկ ինչ վերաբերում է մյուս իրերին, ապա այդ մասով միջնորդությունը կքննվի հաջորդ դատական նիստում: «Չգիտեմ` ինչ պրակտիկա է, նախաքննական մարմինն իրերն ուղարկում է դատարան:  Ես նույնիսկ պատկերացում չունեմ` այդ իրերն արժեքավոր են, թե` ոչ»,- ասաց նախագահող դատավորը:

 

Անդրադարձ եղավ այն վկաներին, որոնց դատարան բերելու խնդիր կա` մի մասին ծանուցելու կամ բերման ենթարկելու հանձնարարական է տրվել ոստիկանության միջոցով: Նրանցից մեկը, համաձայն մեղադրականի, բանդայի ղեկավար Ռաֆայել Հարոյանի կինն է` Զարուհի Պետրոսյանը: Ոստիկանությունից պատասխան է եկել, որ նա հոր տանը չի բնակվում արդեն 7 տարի, քանի որ նրա հետ լարված հարաբերություններ ունի, իսկ մեկ այլ հասցեի մասով էլ հարևանուհին հայտնել է, թե արդեն տասն օր է, ինչ մեկնել է Ռուսաստան:

 

Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Արմեն Ֆերոյանը: Դատարանը հայտնեց, որ Լ. Սիմոնյանը գրություն է ուղարկել, համաձայն որի` մեկ այլ գործով Վճռաբեկ դատարանում նիստի պետք է մասնակցի:

 

Հիշեցնենք, որ ամբաստանյալի աթոռին ինը հոգի է: Բանդայի պարագլուխ է եղել Ռաֆայելը: Համաձայն մեղադրանքի` նրանք զինված հարձակումներ են կատարել տարադրամի փոխանակման կետերի վրա, ամբաստանյալներից Կարենը սպանել է տարադրամի կետերից մեկի աշխատողին, նաեւ «Հայբիզնեսբանկ»-ից հափշտակել են մոտ 1 միլիոն դոլար: