կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-28 12:06
Հասարակություն

Բանակն անկախության անձնագիրն է. Վաչիկ Կռոյան

Բանակն անկախության անձնագիրն է. Վաչիկ Կռոյան

Բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Yerkir.am-ը զրուցել է N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վաչիկ Կռոյանի հետ:

Վաչիկ Կռոյանի զինվորական ուղին սկսվել է 25 տարի առաջ՝ բանակի կազմավորման հետ, սահմանամերձ Բաղանիսից: Մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի Մելիքաշեն ու Ցոր գյուղերի ինքնապաշտպանական մարտերին:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց զինվորականի ուղին:

-17 տարեկան եմ եղել, երբ պատերազմը սկսվեց, մեր ջոկատի ամենակրտսերն էի: Հենց այդ տարիքից մտածում էի, որ պարտադիր իմ մասնակցությունը պետք է ունենամ հայրենիքի պաշտպանության գործին: Սկզբնական շրջանում եղել եմ Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս և Ոսկեպար գյուղերում: Այն ժամանակ ստիպված էինք կռվել որսորդական հրացաններով, հետո մասնակցություն ունեցա Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը:

-Արցախի հետ կապն այսօր է՞լ եք պահում:

-Այո, իհարկե, Արցախը մեզ համար զուտ հող չէ, այն մեր երկրի անբաժանելի մասնիկն է:

-Բանակն անկախության գրավականն է, 25 տարվա ամենակարևոր ձեռքբերումը, իսկ Ձե՞զ համար:

-Բանակը Հայաստանի անկախության անձնագիրն է: Եթե չունես ուժեղ բանակ, չես կարող ունենալ նաև ժողովրդավարություն և անկախություն: Այսօր մենք պարտավոր ենք հզոր բանակ ունենալ, քանի որ շրջապատված ենք ոխերիմ թշնամիներով: Մեր բանակը, ճիշտ է, դեռ երիտասարդ է` ընդամենը 25 տարեկան, բայց այն բավականին կայացել է և դեռ էլի կայանալու խնդիր ունի: Տարեցտարի բանակում փոփոխություններ ու նորամուծություններ են արվում` ապահովելու բանակի առաջընթացը:

-Վերջին շրջանում, կարծես, հարաբերական անդորր է նախիջևանյան ուղղությամբ:

-Հանգիստը հարաբերական է: Նախիջևանի պաշտպանական ուղղությունը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այստեղով է անցնում գլխավոր մայրուղին, շատ են բնակավայրերը և այլն: Դրա համար այս ուղղությամբ իրականացվող պաշտպանությունը պետք է կատարյալ լինի: Իսկ այն հանգամանքը, որ այս թևի վրա մենք հարևան ենք նաև Թուրքիային, մեզնից առավել քան զգոնություն է պահանջում:

- Տևական ժամանակ է` այս ուղղությամբ պաշտպանությունն իրականացնում են հիմնականում պայմանագրային զինծառայողները, ինչո՞վ է դա պայմանավորված:

-Պայմանագրային զինծառայողը` լինի դիպուկահար, թե` տանկիստ, լավ գիտի իր մասնագիտությունը, արհեստավարժ է, դրա համար նա վարձատրվում է: Ժամկետային զինծառայողին մենք երկու տարի սովորեցնում ենք և ճանապարհում տուն, հետո նոր զորակոչն ենք ընդունում, և այդպես շարունակ: Իսկ պայմանագրային զինծառայողին մի անգամ սովորեցնում ենք, և նա ժամանակի ընթացքում վարպետանում է իր գործի մեջ, ասել է, թե` տարիների ընթացքում իր գործի վարպետն է դառնում: Սակայն մարտական հերթապահություն իրականացնելիս տարբերություն չկա` պայմանագրային է, թե` ժամկետային: Գունդն ունի ամուր պաշտպանություն, և հակառակորդը չգիտի, թե իրեն ինչ է սպասվում: Դրա վառ օրինակն ապրիլյան պատերազմն է:

-Ի՞նչ սովորեցրեց ապրիլյան պատերազմը մեզ:

- Ապրիլյան պատերազմն աշխարհին ցույց տվեց մեր բանակի, զորքի ունակություններն ու հզորությունը: Թող Ադրբեջանն իմանա, որ մեր բանակը, լինելով 25 տարեկան, հզոր է և անկոտրում:

-Դասեր քաղեցի՞նք այդ պատերազմից:

-Իհարկե, ապրիլյան դեպքերը հանկարծակի էին, բայց պատերազմը ցույց տվեց, թե ինչպես է հայկական բանակը պատասխանում հանկարծակի սկսված պատերազմին, և ինչպես պատժեցինք հակառակորդին: Որոշ դասեր քաղեցինք, տեսանք նաև հակառակորդի մարտավարությունը, մեզ համար ինչ-որ բաներ պարզ դարձան:

-Ի՞նչ խորհուրդ կտաք զինվորներին սպասող ծնողներին:

-Մեր ժողովուրդը, մանավանդ` զինվորների ծնողները թող հանգիստ լինեն, քանի որ իրենց երեխաներն ապահով ձեռքերում են, մենք ինչպես որ կնայեինք մեր սեփական երեխաներին, այնպես էլ իրենց երեխաներին ենք նայում. 24 ժամ մենք ապրում ենք զինվորի հետ, զինվորի կյանքով:

-Ձեր մաղթանքը՝ սահմանապահներին:

-Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին ցանկանում եմ անփորձանք ծառայություն: Թող խաղաղ լինի մեր երկինքը, իսկ հարկ եղած դեպքում, շարքայինից մինչև գեներալ, պատրաստ ենք խրամատում կանգնել ու պահել մեր հողն ու մեր ազգի անվտանգությունը:

Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ