Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-12-12 15:49
Քաղաքական

Գնդակը Թուրքիայի դաշտում է. Նալբանդյան

Գնդակը Թուրքիայի դաշտում է. Նալբանդյան

Մի քանի օր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանին կոչ արեց սկսել համագործակցել հարևանների հետ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի այդ կոչին, ասել է.  «Մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը ուղղված է բոլոր երկրների հետ համագործակցություն հաստատելուն և զարգացնելուն, բայց հասկանում եք, որ կարելի է համագործակցություն զարգացնել այն երկրների հետ, որոնք պատրաստ են այդպիսի համագործակցության:

 

Արդյո՞ք կարելի է համագործակցություն զարգացնել մի երկրի հետ, որը հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, որը փակ է պահում սահմանը, որը Հայոց ցեղասպանության ագրեսիվ ժխտողական քաղաքականություն է իրականացնում և, ընդհանրապես, բավական թշնամական դրսևորումներով է հանդես գալիս Հայաստանին կամ հայ ժողովրդին վերաբերող ամենատարբեր հարցերով։

 

Կարելի է համագործակցել այն երկրի հետ, որը պատրաստ է համագործակցության. կարծում եմ` երբ Թուրքիան պատրաստ լինի առերեսվել իր պատմությանը, երբ կարողանա առաջ շարժվել և կատարել այն պարտավորությունները, որն իր վրա է վերցրել, իսկ դուք գիտեք, որ միջազգային հանրությունը բազմիցս արտահայտվել է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում։

 

Բացի նրանից, որ թուրքերը ինչ-որ բան են ասում և լսում իրենք իրենց ասածը, պետք է լսեն, թե ինչ է միջազգային հանրությունը ասում։ Իսկ միջազգային հանրությունը ասում է, որ գնդակը, նորից կրկնեմ, գտնվում է Թուրքիայի դաշտում։ Երբ Թուրքիան պատրաստ լինի համագործակցության, երբ որ պատասխանի Հայաստանի կողմից պարզված ձեռքին, ապա հնարավոր կլինի հարաբերություններ զարգացնել»: