կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-24 16:57
Հասարակություն

«Հորիզոն 2020». գնդակը մեր գիտնականների դաշտում է

«Հորիզոն 2020». գնդակը մեր գիտնականների դաշտում է

Տեղեկացրել էինք, որ Հայաստանն այսուհետ անդամակցում է «Հորիզոն 2020» ծրագրին: Այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը  լրագրողներին հայտնեց, որ դա մեր ամենամեծ հաջողություններից մեկը կարելի է համարել, քանի որ «Հորիզոն 2020»-ը գիտության և ինովացիաների ծրագիր է` 77 մլրդ եվրո ծավալով:

«Սա Եվրոպայի ամենամեծ ծրագիրն է, և մենք կարող ենք այնտեղ հանդես գալ` որպես անդամ, իսկ նախկինում մենք կարողանում էինք աշխատել միայն երրորդ պետությունների միջոցով: Մենք հիմա կարող ենք ոչ միայն մեր ծրագրերը ներկայացնել, այլև ինքներս երրորդ երկրների առաջարկել ծրագրեր կյանքի կոչել: Կարող եմ ասել` գնդակը մեր գիտնականների դաշտում է, մնում է տեսնենք` նրանք ինչքան կկարողանան ճիշտ ծրագրեր ներկայացնել, մենք էլ ամեն ինչ կանենք, որ օգնենք»,- ասաց Մկրտչյանը:

Նա նշեց նաև, որ շուտով Հայաստանում գրասենյակ կստեղծվի, որպեսզի կարողանան համակարգել աշխատանքը: «Մենք կունենանք դրամաշնորհներ, և այս ծրագրի լավն այն է, որ դրա մեջ կարող են մտնել ոչ միայն ինստիտուտներ, այլ անհատ գիտնականներ: Շատ դեմոկրատական և հզոր ծրագիր է: Մեր հարևան Վրաստանը, օրինակ, միայն անցած տարի 15 մլն ֆունտ ստերլինգի չափով ծրագրեր է իրականացրել: «Հորիզոն 2020»-ը մեր գիտության զարգացման համար մեծ հնարավորություն է ստեղծում»,- շեշտեց նախարարը:

Ի դեպ, «Հորիզոն 2020»-ի անդամ երկրների թիվը 16-ն է: