կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-20 13:32
Քաղաքական

Գնդակը Րաֆֆի Հովհաննիսյանի դաշտում է. Կարեն Կարապետյան

Գնդակը Րաֆֆի Հովհաննիսյանի դաշտում է. Կարեն Կարապետյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը ԱԺ-ում Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում տվել է ներքաղաքական իրավիճակի իր գնահատականը:

 

- Պարո'ն Կարապետյան, արդեն 10 օրից ավելի է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի մեջ է: Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական պայքարի նման մեթոդներին:

- Թե' Հայաստանում, թե' հետխորհրդային մյուս երկրներում անցած 20 տարիների ընթացքում արձանագրվել են հետընտրական պայքարի տարաբնույթ դրսևորումներ՝ թե' կոշտ, թե' քաղաքակիրթ և թե' ծայրահեղ: Կարծում եմ՝ դրանց հետևանքները պետք է դաս լինեն յուրաքանչյուրիս համար: Ի վերջո, մենք փոքր երկիր ենք՝ բազմաթիվ խնդիրներով ու մարտահրավերներով, և հասարակության ավելորդ բևեռացումը չի կարող նպաստել այդ խնդիրների լուծմանը: Հասկանալի է, որ Րաֆֆի Հովհանիսյանը ստացել է մոտ կես միլիոն քվե, պետք է հարգել այդ մարդկանց դիրքորոշումը: Սակայն ընտրությունների ժամանակ արձանագրված նման արդյունքը ոչ թե պետք է անտագոնիստական մոտեցումների ամրագրման հիմք դառնա, այլ համատեղ ջանքերով երկրի առջև ծառացած լուծումների խթան: Ինձ համար անընդունելի է քաղաքական ու, ընդհանրապես, պայքարի նման դրսևորումը, որը մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումների նկատմամբ դրականորեն տրամադրված միջազգային կառույցների կողմից ժամանակի ընթացքում կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության դեմ, որից չի շահելու ոչ ոք՝ ո'չ ժողովուրդը, ո'չ իշխանությունը, ո'չ էլ ընդդիմությունը:

 

- Դուք տեսնում եք նմա՞ն հանգուցալուծում:

- Կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը իրավիճակը նման քայլերով տանում է դեպի փակուղի, առաջին հերթին` իր ու իր կողմնակիցների համար, և ժամանակն է, որ ինքն էլ կարողանա ողջամիտ լուծումներ գտնել` այդ փակուղուց դուրս գալու համար: Հայաստանի Հանրապետության նախագահը առաջարկել է հստակ լուծումներ, որոնք փաստացի չեն ընդունվել: Այդ պարագայում, ինչպես ասվում է, գնդակը պարոն Հովհաննիսյանի դաշտում է: Իմ անձնական կարծիքով` լավագույն լուծումը պետք է հանգի համատեղ ջանքերով մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելը, մարտահրավերներին դիմակայելը: Դրանց համար պատասխանատու են թե' իշխանությունները, թե', իրենց մասով, նաև ընդդիմությունը:

 

Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ