Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իր համա՞ր էի էրեխա պահել-մեծացրել, որ գլուխն ուտեր: Ես մինչև վերջ բողոքելու եմ»,- դատարանում վրդովված ասաց սպանված տղամարդու մայրը` դիմելով դատարանին:
Համաձայն գործի նյութերի` 42-ամյա Կարինե Սոբչենկոն դանակի երկու հարվածով սպանել է վարձակալած տան հարևան սենյակում բնակվող տղամարդուն, ով իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ էր արել:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ առաջին դատական նիստը: Մինչ դատաքննությանն անցնելը դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, ամբաստանյալին ու տուժողի ներկայացուցչին բացատրեց նրանք իրավունքներն ու պարտականությունները, այնուհետև ամբաստանյալ Սոբչենկոյի փաստաբան Կարեն Մանուչարյանը միջնորդություն ներկայացրեց: Գրավոր միջնորդության մեջ նշվում է, որ ամբաստանյալ կինն իր նախաքննական ցուցմունքում մանրամասն պատմել է, թե ինչպես մեկ տարի շարունակ սպանված անձը հետապնդել է իրեն, սեռական ոտնձգություններ կատարել իր նկատմամբ, իսկ հենց դեպքի օրը, երբ ամուսինն աշխատանքի է գնացել, նա ուժով ներխուժել է իր սենյակ, փորձել բռնաբարել իրեն: Մի կերպ փորձել է նրան դուրս հանել իր սենյակից: Սակայն տղամարդը հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին, դռանը ոտքերով ու ձեռքերով հարվածել, իսկ հետո արդեն էլ չի հիշում, թե ինչ է կատարվել, ինչպես է ինքը հայտնվել տղամարդու սենյակում` ձեռքին խոհանոցային դանակ, ձեռքին արյան կաթիլներ:
Փաստաբանը նշել է նաև, որ իր պաշտպանյալը մանկությունից հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, 1987 թվականից մինչև 1993 թվականը հաշվառված է եղել Վանաձորի հոգեբուժական կլինիկայում` թեթև դեբիլություն և պսիխոպատանման հիվանդություն ունենալու համար: Նաև միջնորդեց դատարանին` հարցում կատարել Ավանի հոգեբուժական կլինիկա` Սոբչենկոյի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար: Փաստաբանը միջնորդեց դատարանին` նշանակել դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն` պարզելու համար ամբաստանյալի մեղսունակ լինելու հարցը:
Մեղադրողն առարկեց այս միջնորդության դեմ` հայտնելով, թե նախաքննության ընթացքում համապատասխան փորձաքննություն կատարվել է և ստացվել է եզրակացություն, որ կինը մեղսունակ է:
Իսկ երբ միջնորդության վերաբերյալ դատարանը հարցրեց տուժող կողմի դիրքորոշումը, սպանվածի հայրն ասաց. «Սաղ շինած գործ ա, ըդի՞գ ա հիվանդ»:
Դատարանը, միջնորդությունը քննելու համար, դատական նիստը հետաձգեց մինչև վաղը` ժամը 16:00-ն: