Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեդալների համար պայքարը կսկսեն մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների մասնակիցները:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ` մեր պատվիրակությունը, ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանի ղեկավարությամբ, երեկ ՝ նոյեմբերի 21-ին, մեկնել է մրցավայր: Այս պատասխանատու ստուգատեսում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու է 10 ծանրորդ և 2 ծանրորդուհի:
Մինչև 23 տարեկանների մրցապաքարին կմասնակցի 2010 թ. Սինգապուրի պատանեկան ամառային 1-ին խաղերի բրոնզե մեդալակիր, 21-ամյա Սմբատ Մարգարյանը (56 կգ): Լիմասոլում հանդես եկող մասնակիցների թվում են նաև այս տարի օգոստոսին Նանկինում կայացած պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի չեմպիոններ Հակոբ Մկրտչյանը (77 կգ) և գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Այս եռյակն, ի դեպ, ընդամենը մի քանի օր առաջ հանդես եկավ Ալմաթիում ընթացած` մեծահասակների աշխարհի առաջնությունում: Այնտեղ իր հաջող նորամուտով հատկապես ուրախացրեց պատանիների աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր` 17-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, ով ելույթ ունեցավ 105 կգ քաշային կարգում և երկամարտի 396 կգ (183+213) արդյունքով 38 մասնակիցների մեջ զբաղեցրեց բավական պատվաբեր 7-րդ տեղը:
Լիմասոլում, Հակոբից ու Սիմոնից բացի, մինչև 20 տարեկան երիտասարդների պայքարին կմասնակցեն նաև Րաֆֆի Գալստյանն ու Գևորգ Բաղդասարյանը (երկուսն էլ 62 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (77 կգ), Մկրտիչ Մկրտչյանն ու Գարուշ Ղուկասյանը (երկուսն էլ 94 կգ) և Մհեր Պողոսյանը (105 կգ):
Մինչև 20 տարեկան աղջիկների մրցավեճին մասնակցելու են Իզաբելա Յայլյանը (63 կգ) և Տաթեւ Հակոբյանը (69 կգ): Յայլյանը նույնպես հանդես է եկել Ալմաթիում կայացած` մեծահասակների աշխարհի առաջնությունում և երկամարտի 207 կգ (97 +110) ցուցանիշով 40 մասնկիցների մեջ զբաղեցրել 19-րդ տեղը:
Հավելենք նաև, որ մեր պատվիրակներից առաջինը նոյեմբերի 23-ին Կիպրոսի ժամանակով ժամը 18-ին մրցահարթակ կելնեն 62 կգ քաշային կարգում հադես եկող 20-ամյա Րաֆֆի Գալստյանն ու 19-ամյա Գևորգ Բաղդասարյանը, ովքեր երկամարտի 250 կգ նախնական պատվեր են կատարել:
Մրցաշարի երկրորդ օրը` տեղական ժամանակով ժամը 13-ին, մինչև 23 տաերկանների մրցաշարի 56 կգ քաշային կարգում ելույթ կունենա Սմբատ Մարգարյանը, իսկ ժամը 19-ին մինչև 20 տարկանների մրցաշարում՝ 69 կգ քաշային կարգում հանդես եկող` 17-ամյա Դավիթ Հովհաննիսյանը, ովքեր, համապատասխանաբար, երկամարտի 250 կգ և 300 կգ նախնական պատվերներ են կատարել: