կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-21 20:40
Առանց Կատեգորիա

Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքեց ճամպրուկները

Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքեց ճամպրուկները

Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես «ժայթքեց»: Այն, ինչ պետք է տեղի ունենար դեռ հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակի կազմակերպած հանրահավաքից հետո, տեղի ունեցավ այսօր: Հանդես գալով ասուլիսով` «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է` թեեւ հավատում է համաժողովրդական շարժմանը, սակայն «ճշմարտության պահը հնչել է», ու կոչ է արել ժողովրդի առջև գործել բաց և հրապարակային:

 

«Մենք պետք է ունենանք շիտակություն, տղամարդկություն` ասելու, որ որոշ հարցեր կան, որոնք մնում են բաց՝ հրապարակային գործունեության խնդիրը, շարժման սկզբունքների հրապարակայնացման, հռչակման հարցը, որոշումների կայացման անհրաժեշտության հարցը։ Ժողովուրդն արժանի է բաց տեքստի: Քանի դեռ այս բաց հարցերը լուծված չեն, մենք տակավին չենք կարող խոսել միացյալ որոշումների, գրասենյակների, նպատակների մասին»,- ասել է Հովհաննիսյանը:

 

Նա նաև տեղեկացրել է, որ «Ժառանգությունն» անցնում է ինքնուրույն գործողությունների և այդ շրջանակում նախ փորձելու է այս ամիս «քաղաքացիական ժողով» անցկացնել` անհապաղ և ամբողջական իշխանափոխության պահանջով, ապա դեկտեմբերի 5-ին և 6-ին պլանավորում է հավաքներ անցկացնել Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Թեեւ Հովհաննիսյանը նշել է, թե դեկտեմբերի 10-ին մասնակցելու է եռյակի կազմակերպած երթին, եռյակի ղեկավարած համաժողովրդական շարժման մասին կիսահիացական արտահայտություններ է արել, սակայն նրա այս «պոռթկումը» կարելի է համարել եռյակից անջատվելու առնվազն զգուշացում, եթե չասենք` նախերգանք:

 

Նախ` առանց նման տրամադրվածություն ունենալու` առնվազն անմտություն է դեկտեմբերի 10-ին համատեղ երթ անցկացնելու որոշում կայացնելուց հետո դրա նախօրեին Ազատության հրապարակում առանձին հավաք անցկացնելու մասին հայտարարելը: Այս նախաձեռնությամբ նա գրեթե բացահայտ ասում է, որ բավարարված չէ հերթապահ, անբովանդակ ինչ-որ միջոցառումներ անցկացնելու` եռյակի որոշմամբ, և որ դա, ըստ էության ոչ թե եռյակի, այլ զույգի` ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի կայացրած որոշումն է եղել, որին իրենք ընդամենը ժամանակավորապես հարմարվել էին:

 

Երկրորդ` Հովհաննիսյանը փաստացի ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին մեղադրում է հասարակության թիկունքում իշխանության հետ կուլիսային պայմանավորվածություններ ձեռք բերելու` կայացած փաստի համար կամ ձգտումների մեջ և անուղղակի ուլտիմատում դնում նրանց առջև` եթե այդպես չէ, ապա պետք է եռյակի ձևաչափով հուշագիր ստորագրել, ֆորմալիզացնել հարաբերությունները և դրանով հռչակել շարժման իրական նպատակները, մարտավարությունը, սկզբունքները: Միառժամանակ, սակայն, հստակեցնում է, որ իր համար գոյություն ունի շարժման մեկ հնարավոր նպատակ` անհապաղ և ամբողջական իշխանափոխությանը հասնելը և սկսում է գործել այդ տրամաբանությամբ, կամ ինքը դուրս է գալիս խաղից` սեփական խաղն առաջ մղելու նպատակով:

 

Այսինքն` ի սկզբանե նա այնպիսի նշաձող է սահմանում, որին ակնհայտորեն այս պահին պատրաստ չէ ԲՀԿ-ն, և վերջինով պայմանավորված` պատրաստ չէ նաև ՀԱԿ-ը: Այս իմաստով «Ժառանգության» ղեկավարը, կարելի է ասել, ուղղակի քաղաքակիրթ ձևով ապահարզան է պահանջում իր գործընկերներից: Բայց հարցն այն է, թե ինչու հենց այսպես և ինչու հենց հիմա: Իրականում այսպիսի ելքը նույնիսկ ուշացած էր: Եվ խնդիրը զուտ արտաքին օրիենտացիայի հարցում, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի դիրքորոշումների տրամագծորեն հակադրվելը չէր:

 

«Ժառանգությունն» իրականում այդ ձևաչափում մշտապես եղել է յուրօրինակ պատանդի, թելադրվող խաղի կանոններին հարմարվողի կարգավիճակում: «Ժառանգության»-ը կարելի է մեղադրել հազար ու մի բանի մեջ, բայց ոչ հրապարակային, կուլիսային գործունեության մեջ՝ երբեք: Եվ այդ հանգամանքը շատ դեպքերում աշխատել է հենց նրա դեմ: Կուսակցությունում տիրող ներկայիս խառնաշփոթը ևս ինչ-որ չափով հենց նման գործելաոճի հետևանք է: Եվ լինելով այդպիսին` Հովհաննիսյանը չէր կարող, թերևս, հանդուրժել ժողովրդական շարժումը իշխանությունը կիսելու շուրջ բանակցություններում իր դիրքերն ուժեղացնելու գործիք դարձնելու` ԲՀԿ-ի ուղեգիծը:

 

Նա, թերևս, իրեն խաբված էր զգում նույնչափ, որքան Ծառուկյանի սկզբունքայնությանը հավատացող և նախորդ երկու հանրահավաքներին Ազատության հրապարակ շտապած շարքային քաղաքացին: Այդ ուղեգծին հակադրվելը, սակայն բացարձակապես չի նշանակում, թե ինքը` Հովհաննիսյանը, ունի շարժումն ավելի նպատակային առաջ մղելու սեփական նախագիծը կամ տեսլականը: Հովհաննիսյանը դա ապացուցելու առիթն ուներ 2013թ., և ոստիկանապետի հետ Ծիծեռնակաբերդում աղոթելու գնալով` ուղղակի ապացուցեց, որ նույնքան անծրագիր ու հախուռն է, որքան, թերևս, այդպիսին է համաժողովրդական շարժումը:

 

Պարզապես եռյակում հանգամանքները նրա համար դասավորվում էին այնպես, որ «Ժառանգություն»-ը նույնիսկ ստիպված էր լինելու կորցնել ունեցած անգամ իր համեստ դիրքերը: Շարժումը ղեկավարելու իրավասությունը միանձնյա իրեն վերապահած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պարզորոշ ցույց տվեց, որ գնում է շարժման շրջանակը զրոյական արժեք ունեցող քաղաքական ուժերով հագեցնելու, համաժողովրդական լիդերի դափնեպսակը նման ձևով իր վրա վերցնելու ճանապարհով: Եվ ստացվում էր այնպես, որ «Ժառանգություն»-ը ստիպված էր լինելու որոշումների կայացման դաշտում հաշվի նստել այնպիսի ուժերի ու գործիչների հետ, որոնք մինչ այդ, մնացած լինելով քաղաքականության ասֆալտի տակ, չունենալով որևէ իրական ռեսուրս, փաստացի չկրելով որևէ պատասխանատվություն, եռյակում ստանալու էին որոշակի քվոտաներ և մասնակցելու էին շարժման ղեկավարմանը` թեկուզև սիմվոլիկ կերպով:

 

Եվ Հովհաննիսյանը թերևս հասկացավ, որ, այսպես կոչված, եռյակն այդ «կենդանի դիակներով» համալրելը տեղի է ունենալու հենց իր հաշվին: Մնում էր կա'մ նորին հարմարվել, կա'մ հեռանալ: Հովհաննիսյանը նախընտրեց ճամպրուկները հավաքելու տարբերակը:

 

Գևորգ Դարբինյան