կարևոր
2176 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-20 19:31
Քաղաքական

Ուժայինները հիմա պատրաստվում են մտնել Վարդան Ղուկասյանի գրասենյակ. Լիլիթ Աղեկյան

Ուժայինները հիմա պատրաստվում են մտնել Վարդան Ղուկասյանի գրասենյակ. Լիլիթ Աղեկյան

Ուժայինները պատրաստվում են մտնել Վարդան Ղուկասյանի գրասենյակ։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողներին հայտնեց քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։

«Հենց նոր տեղեկություն ստացա, որ ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում քաղաքապետի գրասենյակի մոտ՝ Մայակովսկի փողոցի վրա։ Պատրաստվում են մտնել քաղաքապետի գրասենյակ»,–նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների։

Դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ ձերբակալել ու տարել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել են Երեևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։

Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։

Հավելենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»,- ասել է Փաշինյանը: