կարևոր
670 դիտում, 18 րոպե առաջ - 2026-11-20 22:16
Հասարակություն Քաղաքական

«Դա սև սարկազմ էր». Խաչիկյանը իր գրառման մասին

«Դա սև սարկազմ էր». Խաչիկյանը իր գրառման մասին

Արթուր Խաչիկյանը «Yerkir.am»-ի հետ զրույցում անդրադառնալով իր գրառմանը տարակուսանք հայտնեց, որ ոմանք չեն ընկալել իր սարկազմը։

«Ես դա գրել էի սև սարկազմով, որ վերջապես ութ տարի հետո հասկացել են, թեպետ չեմ էլ հավատում, որ հասկացել է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Խաչիկյանը գրառում էր կատարել Անվտանգության նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հոդվածի և հայտարարությունների վերաբերյալ, որոնք հասարակության լայն շրջանակի մոտ տարընթերցման տեղիք էին տվել։

Ստորև ներկայացնում ենք Խաչիկյանի գրառումը.

«Ձեռքներդ հեռո՛ւ Արմեն Գրիգորյանից։

Ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ նրա խիզախ դիրքորոշման և այն բանի համար, որ նա, ի վերջո, 8 տարի անց գիտակցեց՝ այն ամենը, ինչի մասին ես և իմ գործընկերները խոսում էինք այս ամբողջ ընթացքում՝ նրա համախոհների կողմից ենթարկվելով ձերբակալությունների, վիրավորանքների և հետապնդումների, պարզվեց, որ ճշմարտություն էր։ Ծափահարում եմ նրան և պահանջում, որ ռեժիմը չհամարձակվի ձերբակալել, վախեցնել կամ հետապնդել Արմեն Գրիգորյանին նրա խիզախ հայտարարության համար, ինչպես ժամանակին ձերբակալում, հետապնդում և վախեցնում էր ինձ ու իմ գործընկերներին։

Այսպիսով, ընդամենը 8 տարի, Արցախի կորուստ, Մեղրիի, անկլավների կորուստ, արժանապատվությունից, ինքնիշխանությունից, պատմական հիշողությունից հրաժարում, հարձակում սեփական եկեղեցու, Սփյուռքի և այլոց վրա, և վերջապես, վերջապես, 8 տարի անց այս կուսակցության ներկայացուցիչներից մեկը իր մեջ քաջություն և ողջամտություն գտավ՝ սեղմելու կանգառի կոճակը այն սարսափի գնացքում, որով մեր ժողովրդին տանում են դեպի անդունդ։ Բրավո՛։

Այսինքն՝ ի վերջո հասկացա՞ք։ Վերջապե՞ս գիտակցեցիք, որ մեզ կրկին խաբեցին՝ մաստակով, ջինսերով ու շոկոլադե կրուասաններով, խաբեցին և ստիպեցին հանձնել Արցախը ու հրաժարվել Ռուսաստանից։ Վերջապե՞ս հասկացաք, որ ԵՄ անդամ դառնալը մեզ համար անիրատեսական է, և որ հեքիաթների հետևից ընկնելով՝ մենք թշնամացանք իրական դաշնակիցների ու գործընկերների հետ։

Խնդրում եմ՝ Առաջին ալիքի տաղավար հրավիրել բոլոր այն ծաղրածուներին ու տիկնիկային թատրոնի դերասաններին, բլոգերներին ու դրամաշնորհակերներին, կազմել այն ամբողջ անհեթեթության և այն բոլոր հեքիաթների ցանկը, որոնցով նրանք 8 տարի շարունակ լվանում էին մեր խեղճ ժողովրդի ուղեղը։

Այդ ցանկը ներկայացնել նրանց և ստիպել պատասխանել՝ արդյոք այդ խոստումներն իրական էին, թե պարզապես երևակայության արդյունք, և քանի միլիոն դոլար են նրանք ստացել սեփական ժողովրդին խաբելու և նրա շահերը դավաճանելու համար։

Ութ տարի շարունակ մեզ ասում էին․

1. Ժողովրդավարական երկրները մեզ կօգնեն և ավտոկրատական պետությունների դեմ, որոնցով շրջապատված ենք, պաշտպանական դաշինք կկնքեն մեզ հետ։ Որտե՞ղ է այդ դաշինքը։ Մեզ փոխարեն նրանք իրենց գործընկեր հռչակեցին ժողովրդավար Ալիևին։

2. Ժողովրդավարական երկրները թույլ չեն տա ուժով լուծել Արցախի հարցը, նրանք կապահովեն նրա անվտանգությունը։ Որտե՞ղ է այժմ Արցախը, որտե՞ղ են նրանց երաշխիքները։

3. Ֆրանսիան և ԱՄՆ-ը կերաշխավորեն մեր անվտանգությունը, կզինեն մեզ, մեր տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայաններ կտեղակայեն։ Որտե՞ղ են ռազմակայանները, որտե՞ղ են երաշխիքները, որտե՞ղ են զենքերը։

4. Հայաստանին կհրավիրեն անդամակցելու ՆԱՏՕ-ին, հենց որ հրաժարվի Ռուսաստանից։ Որտե՞ղ է ՆԱՏՕ-ն։

5. Հայաստանին կհրավիրեն անդամակցելու ԵՄ-ին և կտրամադրեն առանց վիզայի ռեժիմ։ Որտե՞ղ է առանց վիզայի ռեժիմը, որտե՞ղ է ԵՄ անդամակցությունը։

Եվ այսպես շարունակ։

Թող այս մարդիկ պատասխան տան տարիներ շարունակ սեփական ժողովրդին օտարերկրյա փողերով խաբելու և հիպնոսացնելու համար։ Այդ հեքիաթների դիմաց մենք վճարեցինք Արցախի, Մեղրիի, անկլավների, սեփական արժանապատվության և ինքնիշխանության կորստով, իսկ այժմ արդեն նաև Հայաստանում տնտեսական փլուզմամբ։ Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։

Իսկ Արմեն Գրիգորյանին պետք է շնորհակալություն հայտնել ուշացած, բայց, այնուամենայնիվ, 8 տարի անց արթնանալու համար։ Թող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մյուս անդամներն էլ հետևեն նրա օրինակին, և իշխանության գան տարբեր քաղաքական ուժերի կարող մարդիկ։ Հայաստանում առանց այդ էլ էլիտայի և բանիմաց կադրերի պակաս կա։ Թող մի կողմ դնեն իրենց կամայականությունները, կոալիցիոն կառավարություն ձևավորեն և Հայաստանը վերադարձնեն խելամիտ, հավասարակշռված ու արժանապատիվ արտաքին քաղաքականության ուղի»։