Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ամեն տարի նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր, ինչը կոչված է հանրության ուշադրությունը հրավիրելու այս հիվանդության վրա: Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո 2014-2016 թվականներին այն նշվելու է «Դիաբետը և առողջ ապրելակերպը» խորագրով:
Շաքարային դիաբետը 21-րդ դարի բժշկության ամենամեծ խնդիրներից է՝ լինելով հաշմանդամության հանգեցնող ծանր բարդություններ առաջացնող քրոնիկ հիվանդություն, որը մեծ բեռ է բոլոր երկրների առողջապահության համակարգերի համար: Հայաստանի Հանրապետությունում 1990 թվականի համեմատ 2012 թվականին շաքարային դիաբետի ընդհանուր հիվանդացությունն աճել է 1,8 անգամ, իսկ մահացության ցուցանիշը` 2.6 անգամ:
2006 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի 61-րդ Գլխավոր վեհաժողովն ընդունեց 61/225 բանաձևը՝ շաքարային դիաբետի դեմ պայքարում աշխարհի բոլոր երկրները միավորվելու վերաբերյալ: Բանաձևի ընդունումը վկայում է այն մասին, որ շաքարային դիաբետը, լինելով ոչ վարակիչ հիվանդություն, նույնքան վտանգավոր է, որքան վարակիչ հիվանդությունների համաճարակը:
Շաքարային դիաբետն ամբողջ աշխարհում այլևս միայն բժշկական խնդիր չէ, այն ձեռք է բերել գլոբալ բնույթ: Այս կապակցությամբ ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր երկրներին` միավորվել դիաբետի դեմ պայքարում. իրականացնել համաճարակաբանական հսկողություն, ներդնել ռիսկի գործոնների մշտադիտարկման համակարգ, ձեռնարկել հիվանդության դեմ պայքարի արդյունավետ կանխարգելման միջոցառումներ` բարձրացնելով հանրային իրազեկությունը ինչպես ռիսկի գործոնների, այնպես էլ հիվանդության և դրա բարդությունների, կանխարգելման և բուժման եղանակների վերաբերյալ:
ԱՀԿ մոտեցումների համաձայն` շաքարային դիաբետի առավել նշանակալի ռիսկի գործոններն են` անառողջ սնուցումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի վնասակար ազդեցությունը և ծխախոտի օգտագործումը: Դրանց նպատակային նվազեցումը, առողջ ապրելակերպի քարոզչությունը հիվանդության կանխարգելման համակարգի հիմքն են: «Խուսափել ավելորդ քաշից, վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ, չծխել» շատ պարզ բանաձևը հնարավորություն է ընձեռում զգալի նվազեցնել հիվանդացությունը: Այս միջոցառումների շնորհիվ ձևավորվում է այն կարևոր գաղափարը, որ դիաբետը հիվանդություն չէ, այլ ապրելակերպ: