կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-04 11:06
Հասարակություն

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: 2015 թվականին քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունն աշխարհի տարբեր երկրներում կիրականացնի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված քարոզարշավ` «Մենք դա կարող ենք» խորագրով:

 

Օրվա խորհուրդն է ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել առողջապահական կարևոր այս խնդրի և դրա հաղթահարման վրա: ԱՀԿ հաշվարկներով` 2020թ. երկրագնդում կգրանցվի 20 մլն նոր հիվանդ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն:

 

Ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում ևս չարորակ նորագոյացությունների դեմ պայքարը բնակչության բժշկակենսաբանական և սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրներից է: Ամեն տարի չարորակ նորագոյացությունների պատճառով հաշմանդամ է ճանաչվում մոտ 2700 մարդ: Հայաստանի բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում չարորակ նորագոյացությունների հետևանքով մահացությունը երկրորդ տեղում է` արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո (20.08%):

 

Քաղցկեղը չարորակ հիվանդությունների մեծ խմբի ընդհանուր անվանումն է: Այն էպիթելային հյուսվածքից զարգացող ուռուցք է, որն առաջանում է, երբ ախտահարված բջիջը ոչ նորմալ ձևով է բաժանվում` աստիճանաբար նպաստելով նախաքաղցկեղային վիճակի զարգացմանը` հետագայում դառնալով ուռուցք: Ըստ հիվանդություների միջազգային դասակարգչի` գոյություն ունեն քաղցկեղի 100-ից ավելի տեսակներ:

 

Ապացուցողական բժշկության տվյալների համաձայն` քաղցկեղների ավելի քան 30%-ը կարելի է կանխարգելել` վերացնելով այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոնների վնասակար ազդեցությունները: Այդ իսկ պատճառով ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը` նպատակ ունենալով վաղ հայտնաբերել, կանխարգելել և վերահսկել ոչ վարակիչ մի շարք հիվանդությունները, այդ թվում` արգանդի պարանոցի քաղցկեղը:

 

Ծրագրի շրջանակում 2015թ. հունվարից 35-ից 68 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու իրենց սպասարկող պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի ախտորոշման, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման նպատակով:

 

ՀՀ ԱՆ ուռուցքաբանության ազգային կենտրոնում տարեկան բուժում է ստանում շուրջ 11 հազար հիվանդ, իրականացվում 3500 վիրահատություն, 5600 հիվանդ ստանում է քիմիաթերապիա, 1500 հիվանդ` համակցված ճառագայթային բուժում: Նշենք, որ Հայաստանում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու ծրագիրն ընթացքի մեջ է: Ծրագրի իրականացումը կնպաստի տարածաշրջանում քաղցկեղի դեմ առավել արդյունավետ պայքար ծավալելուն, առավել որակյալ բուժօգնություն կազմակերպելուն: