Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությանը` խոցված հայկական ուղղաթիռին:
«Մենք լավ ենք ճանաչում մեր հարեւանին: Նրա քաղաքականությունը տարիների ընթացքում չի փոխվել`անընդհատ լարվածություն ստեղծել, անընդհատ փորձել խոսել ուժի դիրքերից, ցույց տալ, որ դա իր տարածքն է: Սա մեզ համար սովորական է, բայց հակազդեցությունն այս անգամ գոնե պետք է այլ լինի»,- ասաց նա:
Պատգամավորը հավելեց, որ շատ չի հավատում միջազգային հանրության համարժեք արձագանքին, քանի որ տարիների ընթացքում նաեւ դա են տեսել: Նա շեշտեց, որ դրական չի վերաբերվում միջազգային հանրության` կրկնակի ստանդարտներով հերթական հայտարարություններին ու փոխադարձ զսպվածության կոչին:
Աղվան Վարդանյանի համոզմամբ` շատ լուրջ անելիք ունի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` առնվազն իր պարտականությունները չկատարելու առումով, մնացյալը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի զինված ուժերի խնդիրն է համարում: «Մինչեւ հակառակորդը չզգա, որ մեկին տասը պատժվում է, այդ սադրանքները շարունակվելու են»,- ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որ Ղարաբաղի օդային տարածքը ոչ թռիչքային է, Աղվան Վարդանյանը նշեց. «Երեք տարի շարունակ մենք փորձում ենք ապահովել Ղարաբաղի օդակայանի գործարկումը, խաղաղ թռիչքներ ապահովել, եւ մյուս կողմից` այսպիսի դիրքորոշում: Խնդիրը նուրբ է, ԱԱԽ-ի երեկվա նիստում, վստահ եմ, նաեւ այս հարցերն են քննարկվել: Բայց սա եւս մեկ անգամ ապացուցում է` հակառակորդի հետ պետք է խոսել նրա լեզվով: Ցանկացած թուլության նշան, զիջելու ցանկացած պատրաստակամություն նրանց կողմից կբերի իրավիճակի եռակի-քառակի սրման: Մի տեղ մենք պետք է իսկապես հասկանանք` որքան էլ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունն ուղղված է դիվանագիտական ճանապարհով հարցի խաղաղ կարգավորմանը, միջազգային հանրության հետ աշխատելուն, հակառակորդին պետք է տալ համարժեք պատասխան»:
Աղվան Վարդանյանի կարծիքով` «զսպման` մեր քաղաքականությունը դեռեւս արդյունավետ չէ»: «Հատկապես ի՞նչ պետք է անել» հարցին պատասխանեց, որ ինքը քաղաքական գնահատական է տալիս, բայց ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարի երեկվա հայտարարությունները կյանքի կոչելու ժամանակն է: