|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «ԳԱԶել»-ը պայթել է։ Վթարի պահին «ԳԱԶել»-ում եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը` տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։
Yerkir.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը հայտնեց, որ հիվանդներից միայն մեկն է գտնվում վերակենդանացման բաժանմունքում:
«1967-ին ծնված` Արթիկ քաղաքի բնակիչ Հասմիկ Հովհաննիսյանն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` մարմնի տարբեր մասերում 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներով: Մենք խորհրդակցել ենք մեր այրվածքաբանական կենտրոնի գործընկերների հետ և Հովհաննիսյանի բուժումն իրականացնում ենք համատեղ»,- ասաց նա:
Իսահակյանը տեղեկացրեց նաև, որ հիվանդանոց տեղափոխվածներից մեկն էլ` Հովհաննես Չախոյանը, երեկ օգնություն է ստացել և դուրս գրվել: Սակայն կասկածներ կային, որ գուցե տղայի մոտ գանգի հիմքի կոտրվածք կա, որի պատճառով էլ տղային տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Բարեբախտաբար, մեր կասկածները հերքվել են, տղայի մոտ գանգի կոտրվածք չկա: Չախոյանն այժմ պալատային բուժում է ստանում «Էրեբունի» բուժկենտրոնում»,- հայտնեց բժիշկը:
Իսահակյանի հավաստմամբ` մյուս հիվանդները թեթև մարմնական վնասվածքներ ունեն, առաջին կարգի այրվածքներ: Ըստ նրա` շատ հնարավոր է` հիվանդներից երկուսին հենց այսօր էլ դուրս գրեն:
14-ամյա տղայի` Էդմոն Սիմոնյանի մասին արդեն տեղեկացրել ենք` տղան զույգ կոնքոսկրերի կոտրվածք ունի, վիրահատական միջամտության կարիք կա: