Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համոզմամբ` եթե անցում կատարվի 100 տոկոս համամասնական ընտրակարգին, դա լուրջ մարտահրավեր կլինի իշխող մեծամասնության համար:
Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` Հանրապետական կուսակցությունը կգնա՞ այդ քայլին և կհամաձայնի՞ ընտրակարգի փոփոխությանը, եթե հանրապետական պատգամավորների զգալի մասը խորհրդարան է եկել մեծամասնական ընտրակարգով, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե Հանրապետականը որքան կարող է դիմադրել, բայց մտավախության ու մտահոգության լուրջ առարկա է դա իրենց համար: Եթե քաղաքական նահանջի մտավախություն ունենան, գուցե գնան այդ քայլին»:
Հարցին` ճի՞շտ են այն լուրերը, թե «Ժառանգությունը» մինչև տարեվերջ կլքի եռյակի ձևաչափը, պատգամավորը պատասխանեց. «Եռյակ, քառյակ... Ախր դա փոքր խորհրդարանական համագործակցություն է»:
Մեր ճշտող հարցին` հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» լքի, ըստ եռյակի, համաժողովրդական շարժումը, Զարուհի Փոստանջյանը զարմացած արձագանքեց. «Դուք այնտեղ համաժողովրդական շարժում ե՞ք տեսնում: Որպեսզի համաժողովրդական լինի, այդ բառը օգտագործելիս մենք պետք է տեսնենք իրապես և համաժողովրդական հարթակ և համաժողովրդական հանրույթ, մինչդեռ ես տեսել եմ ավտորիտար հարթակ , որն ինչ-որ հրամաններ է տալիս: Համաժողովրդականությունն ինձ համար դա համալիր, ընդգրկուն պրոցես է, որը դեռ չեմ տեսնում»:
Իսկ արդյո՞ք նրա կուսակիցները կամ եռյակի մյուս ուժերի ներկայացուցիչները չեն վիրավորվում նրա այդ դիրքորոշումներից: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Բայց ո՞վ չի տեսնում, բոլորն են տեսնում իրականությունը: Բոլորս ձգտում ենք ունենալ ժողովրդավար կարգեր, մինչդեռ մենք դա չենք տեսնում: Եռյակում ոչ թե դոմինանտության, այլ համաձայնության խնդիր կա, միասնական օրակարգ ունենալու խնդիր կա: Իշխանափոխությունը չէ միասնական օրակարգը, իշխանափոխությունը հայտարարություն է, բառ, բայց դրա համար պետք է լինի հստակ ծրագիր, օրակարգ, ժամկետ: Ես էլ բոլորի պես քաղաքացի եմ, ես նման բաներ չեմ տեսել»:
Պատգամավորի համոզմամբ` բոլորն էլ իրավունք ունեն կարծիք հայտնելու, և թող հանրությունը գնահատի այդ կարծիքը, որովհետև եկել է նոր սերունդ, որի մտածելակերպի վրա չկա խորհրդային կարգերի ազդեցությունը, որը գործում է ազատ ընկալումների դաշտում: