կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-14 15:30
Քաղաքական

Զինծառայողների աշխատավարձն իբր բարձրանում է. Զարուհի Փոստանջյան

Զինծառայողների աշխատավարձն իբր բարձրանում է. Զարուհի Փոստանջյան

 Այսօր 2014թ. բյուջեի քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: Նա նշեց, որ հունվարի 1-ից զինծառայողների աշխատավարձը բարձրանալու է, սակայն երբ սկսի գործել պարտադիր կուտակային օրենքը, ապա 1974-ից հետո ծնված զինծառայողների աշխատավարձը ցածր կլինի, քանի որ նրանք նոր հարկատեսակ են վճարելու: «Ստացվում է, որ նրանց աշխատավարձը իբր թե բարձրանալու է: Ասեք, թե կոնկրետ որքա՞ն է  կազմելու նրանց աշխատավարձը»,- հարցրեց պատգամավորը:

 

Կորյուն Նահապետյանը նախ կարծիք հայտնեց, որ որոշ պատգամավորներ քաղաքական հարցադրումներ անելիս պետք է մի քիչ զգույշ մոտենան զինված ուժերի և երկրի անվտանգության հարցերին: «Ասում եք, թե այդ հավելումը չնչին է: Ես Ձեզ ընդառաջ քայլ չեմ անի` ասելով, թե այդ հավելումը չնչին է: Այդ հավելումը արվում է այն չափով, ինչ չափով, որ պետությունը հնարավորթյուն ունի»,- ասաց Կորյուն Նահապետյանը` հավելելով, որ ինքն անձամբ շատ կուզենար, որ զինծառայողների աշխատավարձի բարձրացումը շատ ավելին լիներ, քան կա: Նա խորհուրդ տվեց չմտածել, որ եթե պարտադիր կուտակային համակարգ են ներդնում, ուրեմն այդ զինծառայողների վիճակը ծանրանալու է: Նահապետյանը խորհուրդ տվեց Զարուհի Փոստանջյանին հանդես գալ առաջարկություններով, եթե ունի դժգոհություններ:

 

Արձագանքելով` Զարուհի Փոստանջյանը նշեց, որ երբ ամբիոնից խոսվում է երկրի մարտունակության մասին, ապա պետք է հիշել նաև թե' Շանթ Հարությունյանին, թե' ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, որովհետև նրանք էլ ժամանակին պաշտպանել են երկիրը: «Անարդարացի է զինծառայողների աշխատավարձի 10 տոկոս բարձրացում, եթե 200 տոկոսով բարձրանում է նախագահի աշխատավարձը: Պետք չէ թյուրիմացության մեջ գցել հենց զինծառայողներին»,- ասաց պատգամավորը:

 

Կորյուն Նահապետյանը նշեց, որ Զարուհի Փոստանջյանի գնահականները միշտ յուրօրինակ են, բայց չեն համապատասխանում իրականությանը: Նա խորհուրդ տվեց շրջահայաց լինել երկրի անվտանգության և զինված ուժերի մասին դատողություններ անելիս, միաժամանակ Փոստանջյանին խորհուրդ տվեց հաճախակի այցելել զորամասեր ու զրուցել զինվորների հետ, որովհետև միայն այդ դեպքում նա ճիշտ պատկերացում կունենա զինծառայողների վիճակի ու երկրի մարտունակության մասին: «Չեմ ուզում ոչ մեկի վաստակը թերագնահատել, բայց մարտական կենսագրությունը չի նշանակում, որ այդ մարդիկ կարող են կատարել հակաօրինական արարք»,- ասաց Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով Շանթ Հարությունյանին ու Վոլոդյա Ավետիսյանին: