կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-07 17:35
Իրավական

Դատարանը բռնաբարում է արդարությունը. Հայկ Կյուրեղյան

Դատարանը բռնաբարում է արդարությունը. Հայկ Կյուրեղյան

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի օրը դատարանի շենքի մոտ օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակած ամբաստանյալ` 31-ամյա Հայկ Կյուրեղյանի գործով առաջին դատական նիստն էր:

 

Դատարանի դահլիճում հավաքվածները ամբաստանյալ Հ. Կյուրեղյանին ողջունեցին` «հերոս, հերոս» գոչելով: Ներկա կանանցից մեկը բացականչեց` «լավ մարդ»:

 

Այնուհետև երբ դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, ներս մտավ նիստերի դահլիճ, բոլորը ոտքի կանգնեցին, բացառությամբ ամբաստանյալի: Նա իր այդ քայլը բացատրեց նրանով, որ չի հարգում դատարանին, քանի որ, իր կարծիքով, Հայաստանում դատարանը ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ բռնաբարում է արդարությունը:

 

Ա. Բեկթաշյանը դատարանին չհարգելու համար տուգանքի տեսքով սանկցիա կիրառեց ամբաստանյալի հանդեպ, այնուհետև անցավ դատավարությանը:

 

Դատարան չէր ներկայացել Հայկ Կյուրեղյանի պաշտպանը: Թեև ամբաստանյալը հայտնեց, որ նիստը կարող է ընթանալ առանց պաշտպանի, սակայն ասաց նաև, որ դեռևս չի կողմնորոշվել` կհրաժարվի՞ պաշտպան ունենալուց, թե՞ ոչ: Հետևաբար, դատարանը համարեց, որ առանց պաշտպանի ներկայության նիստն ընթանալ չի կարող:

 

Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 1-ին:

 

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանին այս գործով մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` զենքի կամ որպես զենք գործածվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելը: