կարևոր
5206 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-10 12:29
Քաղաքական

Դատարանը կալանքը երկարացնելու հրաման ուներ․ Արմենուհի Կյուրեղյան

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ավարտին դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց ՀՅԴ անդամ  Սուրեն Մանուկյանին թողնել անազատության մեջ։ Դատարանն այդպիսով չի բավարարել փաստաբանների ներկայացրած՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը։ Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նկատում է՝ բազմաթիվ հիմքեր կային դատական նիստը հետաձգելու համար, սակայն դատավորն ամեն գնով ավարտեց նիստն ու կատարեց իրեն իջեցված հրամանը՝ երկարացնելով Սուրեն Մանուկյանի կալանքը։  «Դատավարությունն ընթացավ օրենքի բազմակի խախտումներով»,- շեշտեց պատգամավորը։ 

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը 11։00-ին։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։