կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-07 11:54
Առանց Կատեգորիա

Պետական փողերի «լվացք»՝ բենզինով, կամ հաղորդում հանցագործության մասին

Պետական փողերի «լվացք»՝ բենզինով, կամ հաղորդում հանցագործության մասին

Հայաստանում բենզինի շուկայի տերերը շատ չեն, հավանաբար, այդ պատճառով էլ գները միջազգային շուկայի տրամաբանությանը չեն ենթարկվում: Պարզ օրինակ` նավթի գնի ռեկորդային անկումը վերջին շրջանում: Տնտեսվարողները քիչ են, հետևաբար` նրանք էլ թելադրում են գները, ինչը հասկանալի է, քանի որ տեղավորվում է բիզնեսի չգրված կանոնների մեջ:

 

Նույն այդ տնտեսվարողները նաև Հայաստանում գործող բոլոր պետական կառույցների մատակարարներն են, ինչը ենթադրում է, որ, օրինակ, Ազգային ժողովը կամ կառավարությունը պետք է իրենց անհրաժեշտ բենզինը գնեն CPS-ից կամ, ասենք, «Ֆլեշ»-ից: Իսկ պետբյուջեից բենզինի համար հատկացված գումարները բավական շատ են: Օրինակ` 2013-ին նախագահի աշխատակազմը, կառավարությունը և Ազգային ժողովը միասին բենզինի համար ծախսել են մոտավորապես 360 միլիոն դրամ: Եթե սրան գումարենք նաև մյուս պետական կառույցները, մանավանդ` պաշտպանության նախարարությունը, այս թիվը կարելի է հանգիստ բազմապատկել մի քանի անգամ:

 

Ի՞նչ է ստացվում, եթե հանկարծ քաղաքացիները, իրենց ֆինանսական խնդիրներից ելնելով, իրենց մեքենաներին գազի բալոններ տեղադրեն, միեւնույն է` միայն գերատեսչությունների հաշվին բենզինի տերերն իրենց օրվա «համեստ» հացը հաստատ կվաստակեն:

 

Հիմա անդրադառնանք կարևորին: Նախորդ տարի Հայաստանում «Ռեգուլյար» և «Պրեմիում» տեսակի բենզինի գները եղել են, համապատասխանաբար, 480 և 500 դրամ: Սա միջին գինն է: Ենթադրվում է, որ մեր պետական կառույցներն իրենց անհրաժեշտ բենզինը պետք է գնեին շուկայականից անհամեմատ էժան, առաջին հիմնավորումն էլ, իհարկե, գնված բենզինի ծավալն է: Բայց ձեռք բերված բենզինի գները ուսումնասիրելիս բացահայտում ենք, որ որոշ դեպքերում բենզինը գնվել է մանրածախի գնով, որոշ դեպքերում` ռեկորդային ցածր գնով, իսկ մեկ այլ դեպքում էլ այնպիսի գնով, որը նախորդ տարի Հայաստանում անգամ մանրածախի համար սահմանված չի եղել:

 

Ամենաէժան բենզինը նախորդ տարի գնել է Հատուկ քննչական ծառայությունը՝ «Ռեգուլյար» տեսակի մեկ լիտրի համար 425 դրամ: Սա նշանակում է, որ այդ գնով բենզին իրականում կարելի է գնել Հայաստանում, և մեր գերատեսչությունները ցանկության դեպքում կարող էին դա անել: Այստեղ հարցն այն է, որ հավանաբար արել են, բայց ցույց են տվել այլ գին: Օրինակ` Ազգային ժողովը նույն «Ռեգուլյար» բենզինը գնել է 444 դրամով՝ վճարելով 97 միլիոն դրամ, այնինչ 425 դրամով գնելու դեպքում կխնայեր 5 միլիոն դրամ:

 

Հաջորդ կառույցը նախագահի աշխատակազմն է, որը գնել է «Ռեգուլյար» բենզինն արդեն 470 դրամով, իսկ «Պրեմիում» տեսակի բենզինը` 480 դրամով: Հետաքրքիր է, որ Ազգային ժողովը «Պրեմիում» տեսակի բենզինը գնել է 450 դրամով, եւ եթե նախագահի աշխատակազմն էլ գներ այդ գնով, ապա կխնայեր 7 միլիոն դրամ:

 

Հիմա անցնենք ամենաթանկ բենզինը նախընտրող կառույցներին: Կառավարարության աշխատակազմը և էկոնոմիկայի նախարարությունը «Ռեգուլյար» բենզինի 1 լիտրի համար վճարել են 500 դրամ, իսկ «Պրեմիում»-ի համար` 520 դրամ: Ստացվում է «վճարել են» մի գին, որն անգամ շուկայում չի եղել, իսկ եթե եղել է` մանրածախի գինն է: Հետևաբար` այս երկու կառույցները միասին կարող էին խնայել 20 միլիոն դրամ ու հավանաբար խնայել են, բայց չեն ասում:

 

Իսկ ահա կառավարության աշխատակազմի ԾԻԳ-ը «Պրեմիում» տեսակի բենզինի համար վճարել է 525 դրամ: Հարց է առաջանում` այս ԾԻԳ-ը Հայաստանի՞ կառավարության կազմում է, թե՞ Շվեյցարիայի: Ընդ որում` սա առաջին դեպքը չէ` նախորդ տարի նրանք զուգարանի մեկ հատ  թուղթը գնել էին 1200 դրամով:

 

Փաստորեն, այս 4 գերատեսչությունները բյուջեի գումարների` 30 միլիոն դրամից ավելի վատնում են կատարել կամ ուղղակի մեծացրել են իրենց գրպանն այդքանով: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում իրականում կարելի է  բենզին գնել անգամ 425 և 440 դրամով, բայց նույն համակարգի մեջ մտնող տարբեր մարմիններ բենզինի կամ փողի հարցում տարբեր նախապատվություններ ունեն:

 

Գևորգ Խաչատրյան