կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 16:53
Քաղաքական

Եթե բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և հանցագործության մասին հաղորդում չի տալիս, շառլատան է. Փաշինյանը՝ Շահնազարյանին

Եթե բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և հանցագործության մասին հաղորդում չի տալիս, շառլատան է. Փաշինյանը՝ Շահնազարյանին

Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում` իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է: Նման կարծիք լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի՝ ԱԱԾ ներկայանալ հրաժարվելուն և հայտարարություններին:

«Դավիթ Շահնազարյանն ասում է, որ կա դավադրություն Հայաստանի և Արցախի դեմ, որ հեղափոխությանն օգնել են ինչ-որ ուժեր, որ գործել է «Իշխանություն՝ Արցախի դիմաց»  բանաձևը: Այսինքն՝ նա մեղադրել է մեզ ինչ-ինչ ուժերի հետ ընդդեմ Արցախի և ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի դավադրություն կազմակերպելու մեջ: Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում` իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է»,-շեշտեց նա:

Ըստ Փաշինյանի՝ այս դեպքում ԱԱԾ-ն պետք է նյութեր պատրաստի և պարզի՝ եթե հեղափոխությունը տեղի է ունեցել այդպես, ապա դավադիրները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն, որ հասարակությունն իմանա՝ այս երկրում դավադիրներ կան:

«Հիմա եթե որևէ անձ շարունակաբար հայտարարություններ է անում և հրաժարվում է գնալ ԱԱԾ ու փաստեր ներկայացնել... Թող ԱԱԾ-ին չներկայացնի, դա անի հրապարակային, ասուլիսների ժամանակ, թե ինչ դավադրություն է, էդ ովքեր են, որ մարդիկ հստակ  իմանան՝ կա՞ դավադրություն, թե՞ պարզապես ստախոսություն է»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Դիտարկմանը, թե Դավիթ Շահնազարյանն ասել է, որ քաղաքական հայտարարություններ է արել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքն էլ քաղաքական հայտարարություն է անում, որ ինքն էլ լուրջ վարկածներ  ունի, որ նրանք օտարերկրյա գործակալներ և «դավադիր պատերազմի հրձիգներ» են:

«Չեմ ուզում քաղաքական այլ հայտարարություն անել՝ ասելով, որ այդ քաղաքական ուժը կոնկրետ հոգեվարքի մեջ է, բայց ես ի պաշտոնե պարտավոր եմ  երկրի ազգային անվտանգության շահերը պաշտպանել»,- ամփոփեց նա: