|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նաիրիտցիներն այսօր դարձյալ կառավարության շենքի առջեւ էին. գործարանի մի քանի աշխատակիցներ գնացել էին Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման: Վարչապետն իր մոտ էր կանչել նրանց՝ խոստանալով չվճարված աշխատավարձերի մարման կոնկրետ ժամկետներ նշել:
Շուրջ մեկ ժամ տևած բանակցություններից հետո վարչապետի հետ հանդիպման գնացած 5 աշխատակիցներն իջան կառավարության շենքի բակ և իրենց գործընկերներին ներկայացրեցին արդյունքները: Վարչապետը խոստացել է ապրիլի 26-ին և 27-ին վճարել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձերը, ինչպես նաև ամեն ինչ անել, որ երկու ամիսը մեկ հնարավոր լինի աշխատավարձերն աստիճանաբար վճարել:
Գործարանի աշխատակիցների մի մասը համաձայնեցին վարչապետի ներկայացրած պայմաններին, մյուս մասն էլ խոստացան՝ եթե ամսի 26-ին ու 27-ին չվճարվեն իրենց աշխատավարձերը, նրանք դարձյալ դուրս կգան փողոց, ցույցեր կանեն և կդիմեն կտրուկ գործողությունների:
Տեղեկացնենք նաև, որ վարչապետի հետ բանակցությունների գնացած աշխատակիցները երկու ամիս ցույցեր չանելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս պայմանավորվածությանը դեմ արտահայտվեցին գործարանի մի քանի աշխատակիցներ: