Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի կարծիքով` սահմանադրական բարեփախումները վտանգավոր են իշխանությունների համար:
«Եթե գնացող լինեին, մինչև հիմա կգնային: Գնացող չկա, ուղարկող էլ չկա, ցավոք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մեր երկրում հնարավոր իշխանափոխությանը` ասաց նա:
Կարապետյանի խոսքով` այսօր ընդդիմությունը պետք է բարոյական իրավունք ունենա` հարթակում լինելու համար: «Մարտի 1-ից հետո, երբ Լևոն Տեր Պետրոսյանը տանից դուրս չեկավ, ընդդիմությունը բարոյալքվեց»,- ասաց նա և հավելեց, որ հիմա էլ մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը նրա հետ չեն:
Ըստ Կարապետյանի` նույն իրավիճակը Ստեփան Սաֆարյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում է:
Անդրադառնալով եռյակի հանրահավաքներին նա նշեց, որ դրանք արվում են, որ տեղը թափուր չմնա, քանի որ վախենում են նոր ուժերից` «Շանթի նման արդարամիտ խելառներից»: Իսկ ընդհանրապես, Տիգրան Կարապետյանը եռյակն ընդդիմություն չի համարում: Սակայն, չնայած իր այդ հայացքներին, Ժողովրդական կուսակցության ղեկավարը չի քննադատում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
Կարապետյանը խոստովանում է` եթե տեսնի ռեալ իշխանափոխության հեռանկար, ապա պատրաստ է կանգնել ցանկացած ուժի կողքին: Նրա խոսքով` մինչ այժմ եռյակին միանալու որևէ հրավեր չի ստացել: «Մեզ չեն հրավիրում, հետո էլ ասում են` համաժողովրդական շարժում է: Էդ ո՞նց եղավ, ինձ ոչ մեկը չի հրավիրում»:
Ըստ Կարապետյանի` եռյակն առայժմ չի պառակտվի, քանի որ նրանց շահերը դեռեւս համընկնում են:
Հարցին` ի՞նչ է հարկավոր, որ հավատա` նոր ձևավորված ընդդիմությունն արժանի է, որ ինքը կանգնի նրանց կողքին, Կարապետյանը պատասխանեց. «Որ ինքնաբուխ լինի, ոչ թե ժողովրդի մի մասին ավտոբուսով չբերեն: Որ ժողովուրդը հավատա: Ես մեծ շրջապատ ունեմ, շփվում եմ մարդկանց հետ, մարդիկ չեն հավատում»: Իսկ առանձին հանրահավաք կազմակերպելու ժամանակը, ըստ Ժողովրդական կուսակցության ղեկավարի, դեռ չի եկել: