Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում` կրթության ոլորտի 2015թ. բյուջեի քննարկման ժամանակ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական ոլորտի հաստատություններում աճել է դպրոցականների թիվը:
Նոր ծրագրերից նշեց հայրենասիրական դաստիարակության նոր հայեցակարգի ու միջոցառումների ծրագիրը, որն իրենից ներկայացնում է եռակողմ համագործակցություն կրթության ու գիտության նախարարության, պաշտպանության նախարարության և Երկրապահ կամավորական կազմակերպության միջև` ուղղված ռազմահայրենասիրական դաստիարակության տարածմանը, և որին բյուջեից հատկացվել է 60 միլիոն դրամ: Նախարարը նշեց նաև Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որին բյուջեից հատկացվել է 450 միլիոն դրամ:
Նախարարը նշեց, որ այս տարվա գերակայություններից է գիտնականների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագիրը, այն է` 10 տոկոսով աշխատավարձերի բարձրացման և հավելավճարներ հատկացնելու ծրագրերը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հարց ուղղեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, թե արդյո՞ք դպրոցների վերակառուցման համար բավարար են հատկացումները: Նա հարց ուղղեց` կոնսերվատորիայի հետ կապված` ասելով, որ այդ բուհում կառավարման խնդիրներ կան` վերջերս կոնսերվատորիայի ռեկտորը հայտարարել է, որ, կադրերի հետ կապված, ստիպված են վիրահատական միջամտություններ կատարել:
Աշոտյանը, պատասխանելով հարցերին, նշեց, որ արդեն արվել է հաշվարկ, թե որքան գումար կկազմի, եթե փորձեն վերակառուցել ու վերազինել Հայաստանի բոլոր դպրոցները: «Ահասարսուռ թիվ է թվում, խոսքը գնում է 1 միլիարդ եվրոյի մասին, այդքան է անհրաժեշտ, որ Հայաստանի բոլոր դպրոցները միանգամից վերակառուցվեն, վերազինվեն ու դառնան գերժամանակակից: Բայց ակնհայտ է, որ մոտակա տարիներին միանվագ չի կարող այդքան հատկացում լինել»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է կոնսերվատորիային, Արմեն Աշոտյանը նշեց, որ, անկախ այն բանից, թե կոնսերվատորիայում վիրահատակա՞ն, թե՞ ցավազրկող միջամտություն պետք է արվի, բուհը, իր բոլոր դժվարություններով հանդերձ, շարմ է հաղորդում Հայաստանի կրթական համակարգին: Նրա խոսքով` բուհի կադրերի պատրաստվածությունը բարձր է, սակայն դասախոսական կազմը շատ մեծ է, և այդպիսի կազմով հնարավոր չէ հավակնել բարձր աշխատավարձերի:
«Եկեք` հասկանանք, որ վարձատրում ենք մարդու աշխատանքը, ոչ թե կոչումը կամ պաշտոնը, դրանց համար կան հավելավճարներ: Կոնսերվատորիայի պարագայում պահանջվում է, կառավարման տեսակետից, առողջացման ծրագիր և կամք, որովհետև մեկ-երկու կրճատում, ու լրատվականները կանդրադառնան դրան` հետևյալ վերնագրերով. «Մշակութային ցեղասպանություն», «Կրճատվում են կոնսերվատորիայի դասախոսները»: Ես կոնսերվատորիայի ռեկտորից ակնկալում եմ, որ ավելի տոկուն ու խիզախ լինի իր գործողություններում, ես իրենց կողքին կանգնած եմ, եթե պետք է արվի, ուրեմն պետք է արվի, հակառակ պարագայում` չենք լուծելու խնդիրը, այլ մսխելու ենք կոնսերվատորիայի իմիջը և ավանդույթները: Այստեղ կտրուկ քայլերը անհրաժեշտություն են, դա բուհի ղեկավարության որոշումն է, թող որոշեն ու կրեն պատասխանատվություն»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Կարինե Աճեմյանը արձագանքեց. «Դուք հումոր եք անում, բայց շատ տխուր է իրավիճակը: Կտրուկ քայլերը վաղուց պետք է արվեին: Պետք է մտածել թացը չորից տարբերելու մասին, որ տարիքով ու նվիրված դասախոսներին այնպես վճարեն, որ կոնսերվատորիայի ավանդույթները շարունակվեն»:
Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ իրեն միշտ է փրկել հումորի զգացումը: Նա պատմեց, որ վերջերս հանդիպել է շատ հայտնի մի մարդու, ում անունը չցանկացավ նշել, և այդ մարդը Աշոտյանին ասել է. «Վեց տարի է` նախարարի պաշտոնում եք, վստահաբար ունեք երկու հատկանիշ` հումորի զգացում և խիզախություն»:
Դառնալով կոնսերվատորիայի խնդրին` նա նշեց. «Պատկերացրեք, թե դանան ինչ աստիճանի է հասել ոսկորին, եթե արդեն ռեկտորն է ասում, որ պետք է վիրահատական միջացառումներ ձեռնարկել»: