Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ռեկտորի պաշտոնում վերընտրվեց բուհի ռեկտոր Շահեն Շահինյանը: Ռեկտորի ընտրություններն անցան լուռ ու խաղաղ մթնոլորտում. Շահինյանը միակ թեկնածուն էր, և բուհի կառավարման խորհրդի 24 անդամներից ներկա 23-ն էլ միաձայն ընտրեցին նրան:
Շահինյանը նախ ամփոփեց իր պաշտոնավարման 5 տարիները` նշելով, որ մի շարք կարևոր քայլեր են արվել այդ ընթացքում: Ըստ նրա` առաջին կարևոր փոփոխությունն այն էր, որ ավելացել են բուհի մասնագիտությունները` կատարողական արվեստ, երաժշտագիտություն և կոմպոզիցիա:
«Բացի այդ` կրթության որակի բարելավման համար վերանայել ենք ուսումնական պլանը, դասախոսների ատեստացիան կազմակերպել, ինչպես նաև անգլերեն լեզվի անվճար դասընթացներ ենք կազմակերպել դասախոսական կազմի համար: Կարծում եմ` շատ կարևոր է, որ դասախոսը գոնե մեկ եվրոպական լեզվի տիրապետի, և դա կարևոր պայման է մեզ համար դառնալու, քանի որ մենք 150 օտարերկրյա ուսանող ունենք»,- ասաց Շահինյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ կոնսերվատորիան Նորվեգիայի բուհերից մեկի հետ դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագիր է իրականացնում, ճիշտ է` միայն մագիստրոսական կրթական աստիճանում, բայց առաջիկայում փորձելու են ընդլայնել համագործակցության շրջանակները:
Շահինյանի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում կոնսերվատորիայում նախ նյութատեխնիկական բազայի թարմացման հարցն է լուծվել` կառավարության պահուստային ֆոնդից բուհին է փոխանցվել 110 մլն դրամ, գնել են 500-600 սեղան-աթոռներ, 40 համակարգիչ և հեռուստացույցներ:
Ինչ վերաբերում է կոնսերվատորիայի աշխատակիցների աշխատավարձերին, ապա դրանք, Շահինյանի պնդմամբ, տարեկան ավելացել են 1/3-ով: .«Այս տարիներին շատ կադրեր են դուրս մնացել բուհից, բայց միայն` օբյեկտիվ պատճառներով: Մենք հիմա լեզվային խնդիր ունենք, քանի որ, նորից եմ ասում, դասախոսական կազմը պարտավոր է գոնե մեկ եվրոպական լեզվի տիրապետել»,- ասաց նա:
Խոսելով ուսանողների մասին` Շահինյանը նախ նշեց, որ նրանց 90 տոկոսը կատարողական արվեստով է հետաքրքրված, և վերջին տարիների իրենց փայլուն շրջանավարտներով կարող են 3 սիմֆոնիկ նվագախումբ կազմավորել Եվրոպայում:
Առաջիկա կարևոր անելիքները, ըստ Շահինյանի, շատ են, բայց նախ պետք է ընդունելության շեմը բարձրացնել, ուսումնական ծրագրերը վերանայել, քանի որ կան առարկաներ, որոնք կրկնվում են և պարզապես մարդկանց ժամով ապահովելու խնդիր են լուծում: «Երբ առաջին անգամ առաջադրեցի թեկնածությունս կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում, մտածում էի` շատ հեշտ է լինելու, քանի որ ամեն ինչին տիրապետում եմ, բայց հիմա մտածում եմ` անելիքները շատ են, տեսնես կհասցնե՞մ բոլորն իրականացնել»,- խոսքն ավարտեց Շահինյանը:
Բուհի կառավարման խորհրդի անդամ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը հարց ուներ Շահինյանին, սակայն մինչ այդ ցանկացավ մի քանի խոսք ասել: «Ինձ դուր է գալիս Շահինյանի խոսքը, ես դրա մեջ տեսնում եմ մտահոգ մարդու անհանգստություն: Շահինյանն այս 5 տարիների ընթացքում խորացել է իր անելիքների պատասխանատվության մեջ: Բոլորս էլ գիտենք` ինչքան դժվար է կոլեկտիվ ղեկավարել: Ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել լսածս մտքերի համար: Իսկ հարցս հետևյալն է` ունենք անցանկալի դասախոսներ, և ինչպիսի՞ պրինցիպներ կան, ի՞նչ ենք անելու այդ հարցում»,- հարցրեց նա:
Ամիրյանի հարցի մասին Շահինյանը երկար խոսեց, բայց, ցավոք, հարցին այդպես էլ կոնկրետ չպատասխանեց:
Բուհի կառավարման խորհրդի անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին մտահոգել էր Շահինյանի հայտարարությունն այն մասին, որ բուհի դասախոսական կազմը պարտավոր է գոնե մեկ եվրոպական լեզվի տիրապետել: «Լավ, ասենք` մարդը պրոֆեսիոնալ մասնագետ է` տարիքն առած, սակայն չի տիրապետում անգլերենի կամ այլ լեզվի, հիմա ի՞նչ, նրան հեռացնելո՞ւ եք աշխատանքից, սա սպառնալի՞ք է»,- հարցրեց նա:
Շահինյանը շտկեց խոսքը` ասելով, որ այնպես չէ, որ կհեռացնեն նման դասախոսներին, ուղղակի տվյալ դասախոսը չի ունենա օտարերկրացի ուսանող:
Բուհի կառավարման խորհրդի անդամ ուսանողներից մեկն էլ հարցրեց, թե ի՞նչ քայլեր են արվելու, որպեսզի բուհում «հանրապետական առարկաներն» ավելի քիչ լինեն և ավելի շատ ուշադրություն դարձնեն մասնագիտական առարկաներին: Շահինյանը հումորով մոտեցավ հարցին` ասելով, որ ուսանողը, «հանրապետական» ասելով, ամենևին էլ նկատի չուներ Հանրապետական կուսակցությունը: «Իսկ, առհասարակ, այո, ճիշտ եք, մասնագիտական առարկաներին պետք է մեծ ուշադրություն դարձնել, և մենք արդեն իսկ ինչ-ինչ քայլեր ենք իրականացնում այդ առումով, որոնք ավելի ուշ կներկայացնեմ»,- ասաց նա:
Նշենք, որ բուհի կառավարման խորհրդի նախագահը Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան, նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանն է, ումից Yerkir.am-ը փորձեց պարզել, թե այն, որ ռեկտորի պաշտոնի համար թեկնածուն մեկն էր, արդյո՞ք մեր վատ օրից չէ: «Չէ, չէի ասի այդպես: Սա նեղ ու փակ բնագավառ է, բոլորն իրար ճանաչում են, իրար հարգում, մենք ստեղծել ենք այդ մթնոլորտը, որ իրար հարգեն, չբզկտեն: Կոնսերվատորիայում առողջ, լավ մթնոլորտ է իրականում, և հիմա էլ ռեկտորի երկրորդ ժամկետն է գալիս պաշտոնավարման, ինչը հետևանք է այն բանի, որ նա լավ է աշխատել: Եթե վատ աշխատեր, հարցեր կտայինք, բայց եթե լավ է աշխատել, ի՞նչ կարիք կար: Բացի այդ` եթե պաշտոնի համար ցանկություն ունեցողներ լինեին, կդիմեին»,- ասաց նա:
Վերջում իր խոսքն ասաց նաև ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը /ով նաև բուհի կառավարման խորհրդի անդամ է/` նշելով, որ կոնսերվատորիան ռազմավարական նշանակությւոն ունի Հայաստանի համար, և եթե կան ոլորտներ, որտեղ Հայաստանը գլուխը պետք է բարձր պահի, դա կատարողական արվեստն է: